Լրահոս
Օրվա լրահոսը

«Գտեք, խնդրում եմ, թե քանի խոշոր գործարարի կամ պաշտոնյայի երեխա է ծառայել կամ ծառայում բանակում»․ Զոհրապ Եգանյան

Ապրիլ 20,2021 20:08

Aravot.am-ի հետ զրույցում Զոհրապ Եգանյանը, որը հասարակական հիմունքներով տարիներ շարունակ ուսումնասիրում է ծառայությունից խուսափելու խնդիրները, կարծիք հայտնեց, որ 30 տարի ազգային բանակը զարգացնելու փոխարեն, լսել ենք կենացներ ու դատարկ խոսքեր բանակի մասին։

«Սահմանադրությամբ նշած է, որ բոլորը պետք է մասնակցեն հայրենիքի պաշտպանությանը, առանձին օրենքով ամրագրված է՝ 18 տարեկանը լրացած անձանց պարտադիր զինվորական ծառայության մեկնելու պահանջը, սակայն սա Հայաստանում չի կատարվում անկախությունից ի վեր։ Ասել եմ բազմիցս, որ 30 տարի՝ 1994 թվականի հաղթանակից ի վեր, չենք ունեցել ազգային բանակ, ունեցել ենք կենացներ, դատարկ խոսքեր։ Իրականում բանակից ով կարողացել է, ազատվել է, զարտուղի ճանապարհներ են եղել բազմակի՝ սկսած առողջական, այսպես կոչված, խնդիրներից վերջացրած, այսպես կոչված, գիտական տարկետումները։ Կոնկրետ թվեր պետությունը չի հրապարակել, բայց կան ողբալի այդ վիճակի արտացոլումները։

Օրինակ՝ այն, որ մենք ունեցել ենք կառավարություն, որտեղ 1972 թվականից հետո ծնվածներից չի եղել գեթ մեկ մարդ, որը ծառայած լիներ հայկական բանակում։
Ինչո՞ւ եմ ասում 1972 թիվ, որովհետև այն պահին, երբ մենք ունեցել ենք անկախություն, այդ մարդիկ եղել են 18 տարեկան, այսինքն՝ ենթակա էին պարտադիր զինծառայության։ Նույնը՝ այս կառավարությունը  և Ազգային ժողովն է, չնայած, հանուն արդարության, պետք է ասեմ, որ նախորդ կառավարությունների հետ համեմատ, այս կառավարությունում և Ազգային ժողովում 50 տոկոսն են ծառայած, 50 տոկոսը՝ չծառայած։

Դրանք մոտավոր հաշվարկներ են, մեկ-երկու հոգի կարող են շեղումներ լինել։ Ես այս հարցը ուսումնասիրել եմ անցած տարի փետրվարի 28-ին՝ բանակի տոնի նախօրյակին։ Մեր բանակի մասին մեր պատկերացումները, մեր խոսքերը, մեր գործողությունները չեն համընկել 20 տարուց ավելի տիրող վիճակին։ Մենք ունենք նախագահ, որի երկու որդիները չեն ծառայել, այս պահի դրությամբ մեր պետության առաջին դեմքերը՝ վարչապետ, փոխվարչապետ, Ազգային Ժողովի նախագահ, ևս ծառայած չեն։ Մենք ունենք նախարարներ չծառայած, մենք ունենք հանձնաժողովի նախագահներ չծառայած։ Այսինքն, մեծ հաշվով սա է պատկերը, որը , իմ կարծիքով, չի խոսում այն մասին, որ մենք իրականում սիրում էինք մեր բանակը և իրոք կարևորում էինք մեր երկրի պաշտպանությունը»,-ասաց Զոհրապ Եգանյանը։

Վարչապետի հայտարարությունն էլ ժամկետային զինծառայության համակարգը փոխելու, 5 տարին մեկ 3-ամսյա ծառայության անցնելու գաղափարի մասին , Զոհրապ Եգանյանը մեկնաբանեց այսպես․ «Ես կողմ եմ փոփոխության, պետք է հաշվի առնենք փաստերը, իսկ փաստերը չեն խոսում այն մասին, որ այս գործող ձևն արդյունավետ է։ Փոփոխություն միանշանակ պետք է, ի զարմանս ինձ՝ «Իմ քայլ»-ի պատգամավորներից մեկը, եթե չեմ սխալվում երկու տարի առաջ էր, առաջարկեց պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել կամովի։ Եթե մարդը վճարում է խոշոր գումար և ազատվում է ծառայությունից, ըստ էության, այս իրավիճակում ճիշտ քայլ է, որի մասին ես խոսում եմ թերևս հինգ տարուց ավել։ Քանի որ դուք ինչ-որ կերպ, անմեղության կանխավարկածն, իհարկե, չխախտելով՝ ասեմ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող ձեր գործողություններով ազատում եք ձեր երեխաներին բանակից, եկեք այդ գումարն օրինական մուծեք բյուջե, դրա փոխարեն պետությունը պահի պրոֆեսիոնալ բանակ, ապահովի ավելի լավ պայմաններ բանակի համար, ձեր որդին էլ ազատվի բանակից։

Մարդիկ չէին ուզում, կարող եմ ենթադրել՝ ինչու չէին ուզում, որովհետև տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների շրջանառություն էր եղել բանակից ազատվելու չարաբաստիկ գործարքի մեջ։ Միլիոնավոր դոլարներ՝ առանց չափազանցության և արդյունքն այն է, ինչ-որ մենք ունեցանք արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Նույնիսկ հայրենասեր մարդիկ, որոնք չէին ծառայել բանակում, նրանք գնում էին ռազմաճակատ, բայց նույնիսկ ավտոմատ բռնելու տարրական գիտելիքները չունեին։

Օրինակ, մենք՝ հայերս, սիրում էինք ծառայել սովետական բանակում, այդ սերնդի արական սեռի բացարձակ մեծամասնությունն անցել էր զինվորական ծառայություն, իսկ երբ հերթը եկավ սեփական երկրի բանակում ծառայելու, այդ թիվը, ցավոք, նվազեց շատ կտրուկ։

Գտեք խնդրում եմ՝ քանի խոշոր գործարարի կամ պաշտոնյայի երեխա է ծառայել կամ ծառայում, իսկ եթե կան այդպիսիք, էլ չխոսեմ նրանց ծառայության վայրի ու պայմանների մասին։ Հիշեցնեմ նաև, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից տարիներ շարունակ խնդրում էինք հրապարակել սահմանում ծառայող գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի որդու անուն, ինչն այդպես էլ չարվեց»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Զոհրապ Եգանյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930