Լրահոս
Օրվա լրահոսը

«Արիջա». պատմություն ճանապարհորդության, սիրո ու պայքարի մասին

Մայիս 08,2021 12:30

Մանկագիր Արմեն Գրիգորյանը շուտով փոքրիկ ընթերցողների դատին կհանձնի նոր գիրք, որը վերնագրել է «Արիջա»: Այն պատմություն է ճանապարհորդության, սիրո ու պայքարի մասին։ Գլխավոր հերոսը փորձում է մի կախարդանք գտնել, որը կօգնի իրեն գրավել իր սիրած աղջկա սիրտը։ Երեխաներին դուր կգան պատմությունները, որոնք գլխավոր հերոսը պատմում է ճանապարհորդության ժամանակ, այնտեղ կան ջիներ, կախարդներ ու հրեշներ։

Արմենը կարծում է, որ ի տարբերություն հեղինակային նախորդ գրքի, «Արիջա»-ն նախատեսված է արդեն կարդալ սկսող եւ դպրոցահասակ երեխաների համար, այսինքն՝ 5 եւ ավելի բարձր տարեկան, քանի որ «Կանը եւ կախարդական բանալու գաղտնիքը» գիրքը կարելի է 2-ից 3 տարեկան երեխայի համար էլ կարդալ, իսկ այստեղ հատվածներ կան, որոնք անհասկանալի կլինեն շատ փոքրերի համար։ Հեղինակը հույս ունի, որ այս պատումը դուր կգա ե՛ւ փոքրերին, ե՛ւ ավելի բարձր տարիքի երեխաներին։

Տպագրվել է նաեւ Արմեն Գրիգորյանի «Հեքիաթ քաջ տղայի մասին» կոմիքսը: Կոմիքսը նախատեսված էր նկարազարդումներ անելու համար։ Հեղինակի հեքիաթները ֆանտազիայի ժանրում են եւ գրքում հերոսները բախվում են այնպիսի խնդիրների, որոնց առնչվում են երեխաները, օրինակ՝ ընտրելու հնարավորությունը կամ ինչ-որ բան սկսելու որոշում կայացնելը։

Հեքիաթներում Արմենն ուզում է ներկայացնել հենց իրենց, երեխաներին, որոնք կարող են ճանաչել իրենց հերոսների օգնությամբ եւ տեսնել, թե ինչ է անում, օրինակ, Կանը եւ ինչ կանեին իրենք: Հեղինակը փորձում է երկխոսության մեջ մտնել երեխայի հետ ու իհարկե՝ մի նոր բան սովորեցնել կամ ինչ-որ գաղտնիք բացահայտել, որը կփոխի երեխայի աշխարհայացքը։ «Օրինակ՝ իմ նոր գրքում, որի վրա ես հիմա աշխատում եմ, դեպքերը տեղի են ունենում Երեւանում, գրքում ներկայացված են Երեւանի գրեթե բոլոր արձանները։ Գրքում, որը կոչվելու է «Օպերայի բակում», հեքիաթի միջոցով պատմելու եմ արձան-հերոսների մասին»,-մեզ հետ զրույցում ասել է Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է ծնվում ու ապրում Արմենի հեքիաթը, պատասխանեց. «Մի քիչ բարդ հարց է, երեւի թե ինչպես յուրաքանչյուր նոր միտք կամ նորարարություն՝ զգացողություններից եւ տպավորություններից, որոնց մենք առնչվում ենք ու ոգեշնչվում։ Ոգեշնչման աղբյուր կարող է լինել երաժշտությունը, հետաքրքիր ֆիլմը, գեղարվեստական գիրքը եւ այլն։ Ապրում է հեքիաթը, կարծում եմ, այն կարդացած յուրաքանչյուր մարդու մտքում, քանի դեռ նա հավատում է այդ հեքիաթին»:

Երեխաների հետ եմ զրուցում, երբ նրանք կարդում են եւ խոսում են պատմության մասին եւ իհարկե՝ հավատում են Արմենի գրածներին, երբ սկսում են հարցեր տալ, թե ինչ կլինի հետո կամ այս հերոսը ինչու այսպես արեց եւ այլն։ Եթե հավատում են եւ սկսում են մանրամասներ հարցնել՝ ուրեմն ամենը ճիշտ է ու Արմենը սկսում է հավատալ, որ հեքիաթը հաջողված է:

Իսկ թե ի՞նչ խորհուրդ ունի մանկագիրը ծնողներին՝ մանկական գրականություն ընտրելիս, այդ հարցի շուրջ նույնպես զրուցել ենք: «Խորհուրդն այն է, որ չհուսահատվեն, եթե, օրինակ, երեխան չի կարդում: Պետք է անընդհատ փորձել՝ նախօրոք հասկանալով երեխայի նախասիրությունները, ընտրություն կատարել, գիրքը գնելիս նայել կամ կարդալ բովանդակությունը։ Եվ իհարկե՝ ընտրել «Արիջա»-ն, քանի որ այն հաստատ երեխաներին դուր կգա»,-վստահեցնում է մանկագիրը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31