Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան․ «Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում»

Մայիս 09,2021 16:51

«Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ»,- մայիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հանդիպումը նվիրված էր Քոչարյանի, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկին։

Նրա խոսքով՝ Հայաստանը ունի կառավարման և տնտեսական ճգնաժամ․ «Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամ։ Եվ պետք են ուժեր, պետք են մարդիկ, որոնք բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար։ Ինչո՞ւ ես։ Ունեմ կառավարման մեծ փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ անվտանգության պաշտպանության համակարգում, ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում։ Եվ ինչպես տեսնում եք, ներկա վտանգները և կուտակված փորձն ու գիտելիքները գրեթե համընկնում են։ Ինչո՞ւ Դաշնակցություն։ Որովհետև սա այն կուսակցությունն է, որ աշխարհով մեկ պայքարել է և պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար։ Սա այն կուսակցությունն է նաև, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ։ Դաշնակցությունը եղել է կառավարության անդամ իմ ղեկավարության տարիների ժամանակ, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր։ Փորձը արդյունավետ է, արդյունքները կան, և բոլորդ այդ արդյունքների ականատեսն եք եղել։ Ինչո՞ւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որը ծնվել է Սյունիքում և հիմա տարածվում է Հայաստանով մեկ։ Որովհետև Սյունիքը ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար։ Սյունիքից է կախված՝ մենք մնալո՞ւ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում։ Այստեղ վտանգները լուրջ են, և կարծում եմ՝ Սյունիքը այսօր մեր պայքարի խորհրդանիշն է հանդիսանում»։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ներկայիս իշխանությունը պարտության խորհրդանիշն է․ «Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագան։ Մենք չենք կարող կառուցել այդ ապագան։ Հնարավոր չէ առաջ գնալ նման կնիք ճակատին ունենալով, ուղղակի դա անհնար է։ Այս իշխանությունը մեղավոր է 5000 զոհերի համար, 11000 վիրավորների համար և 35000 անօթևան մնացած մեր հայրենակիցների համար։ Այս իշխանությունը բերում է մահ, այս իշխանությունը բերում է տառապանք և ավերում է այն, ինչին դիպչում է։ Հաջորդը՝ դավաճանության և Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, որքան իշխանության մնան այս մարդիկ։ Եվ միայն իշխանափոխությունից հետո հնարավոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարևոր հարցերին։ Հաջորդը՝ այս իշխանությունը հետևողականորեն քանդում է երկրի տնտեսությունը։ Խոստացել են թռիչքաձև աճ, ապահովել են թռիչքաձև անկում։ Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, այս իշխանության օրոք աճել է արտաքին պարտքը ավելի քան 2 միլիարդ դոլարով, ներդրումները գրեթե զրոյացել են։ Ըստ էության, այս իշխանության օրոք այս երեք տարում աճել է միայն աղքատությունը և գերեզմանների քանակը։ Սա կարել է գրանցել որպես արդյունք իշխանության կառավարման երեք տարիների համար։ Իրենք չեն կատարել ոչ մի նախընտրական խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել»։

Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ առաջին հերթին պետք է գնահատվի երկրին հասցված վնասի ծավալը բոլոր ոլորտներում․ «Անմիջապես պետք է անցնենք հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության և պետական կառավարման հետագա դեգրադացիան, պետք է կանգնեցնենք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկը և կանխատեսելիությունը։ Մենք վաղուց կորցրել ենք վստահելի ընկերոջ համբավը, վստահելի գործընկերոջ համբավը նաև միջազգային ասպարեզում։ Սկզբունքորեն կարևոր է, որ ժողովուրդը անմիջապես զգա փոփոխությունները երկրում, և ժողովուրդը դա զգալու է»։

Նա շեշտեց, որ դատարկ խոստումներ չեն տալու, իրենց հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը և սերը երկրի նկատմամբ․ «Նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի։ Առաջնային խնդիր է դառնալու տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծումը ամեն տարի, մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ ի վիճակի ենք այդ ամենը կրկնել։ Վերանայելու ենք բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, այդ տհաճ ասֆալտին փռելու տեսարանները։ Ամեն ինչ արվելու է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Մենք ունենալու ենք նոր՝ գիտահեն տնտեսություն, մենք ունենալու ենք զարգացած գյուղատնտեսություն։ Գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը։

Հաջորդը՝ պետական ապարատի մաքրության և արդյունավետության համար պայքարը դառնալու է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը, ոչ թե այն լոզունգները, որ այսօր են հնչեցնում, այլ կոնկրետ աշխատանք։ Սուտը բացառվելու է պետական համակարգում։ Մենք դարձել ենք ստի աշխարհ և պետք է սկսենք ամեն ինչ այդ սուտը վերացնելուց։ Այսպիսինն է մեր առաջնահերթությունների ոչ ամբողջական ցանկը։ Եվ խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել։ Ես միշտ հավատացել եմ մեր ժողովրդի աշխատասիրությանը և ձեռնարարությանը։ Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ։ Մենք հասկանում ենք, որ ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու մեր անվտանգությունը, ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու մեր տնտեսական զարգացումը և երկրի բարգավաճումը։ Այո՛, մենք ունենք բարեկամներ, մենք ունենք դաշնակիցներ, բայց ոչ մեկը մեր փոխարեն չի անելու այն գործը, որը պիտի անենք մենք։ Մեզ օգնելու են, մեր հետ են լինելու, մեզ ձեռք են մեկնելու, բայց կրկնում եմ, մեր ճակատագիրը մեր ձեռքում պետք է լինի, և մենք ենք կառուցելու այն ամենը, ինչի մասին ես նշեցի այս ելույթում։ Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում։ Վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31