Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Հպարտ եմ, որ իմ պապերը, մեր հայրերը հաղթանակ են տարել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տղաները հզոր կռիվ են տվել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ»

Մայիս 09,2021 17:51

«Հաղթանակ» զբոսայգին այսօր այնքան էլ մարդաշատ չէ, ինչպես լինում էր նախորդ տարիների մայիսի 9-ին: Սակայն քաղաքական կուսակցությունները, տարբեր կազմակերպություններ այցելում են Անհայտ զինվորի հուշահամալիր, հարգում բոլոր պատերազմներում մեր հաղթանակները կերտելու համար կյանքը զոհաբերած զինվորների հիշատակը:

Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Այս օրը մենք նշել ենք որպես Եռատոն, մայիսի 9-ը, երբ մեր պապերը հաղթանակ են տարել, մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման տոնը եւ էլի մայիսի 9-ը՝ Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման տոնը: Այս իմաստով ակնհայտ է, որ յուրաքանչյուր հաղթանակ պետք է կապիտալիզացնել, այսինքն, հաղթանակը դարձնել ուժեղ պետություն: Որքանով ենք կարողացել դա կապիտալիզացնել, այսօր այն օրն է, որ բոլորս գիտակցում ենք, որ այս ուղղությամբ լավ չենք աշխատել: Այն մարտահրավերը, որ 2020 թվականին նետվեց Հայաստանին, ցույց տվեց, որ հաղթանակը չենք կապիտալիզացրել, եւ անցած տարիներն ըստ էության մսխվել են: Հիմա ի՞նչ պետք է անել: Պարզ է՝ այսօր շատ տխուր օր է դարձել բոլորիս համար: Քիչ առաջ հիշում էինք, որ անցած տարի այստեղ քայլելիս մարդիկ իրար հրում էին՝ այնքան մարդ կար: Բոլորն իրար ողջունում, շնորհավորում էին: Հիմա էլ են շնորհավորում, բայց ոչ այնքան մարդ կա, ոչ տրամադրություն կա, ոչ նախկին հպարտությունը: Կոտրված ենք բոլորս:

Բայց ուզում եմ ասել, որ այսօրվանից սկսած պետք է ոտքի կանգնել, որովհետեւ այն, ինչ եղել է, ըստ էության 1:1 է: 1:0 էր, դարձել է 1:1: Եվ այս 1:1-ը կարող է դառնալ 2:1, 3:1՝ հօգուտ մեզ, եթե մենք կարողանանք ուժեղ պետություն կառուցել: 10 միլիոնանոց ազգ ենք եւ ունենք մի երկիր, մի պետություն, որտեղ 2-3 միլիոն մարդ է ապրում: Կարո՞ղ ենք համախմբվել եւ երկիրը ոտքի հանել, ազգային իղձերը առաջ մղել եւ ամեն ինչ մի կողմ դրած՝ կապիտալիզացնել այն, ինչ ունենք: Վերջին հաշվով մեր բանակը ամենահզոր կերպով պատերազմել է, կենաց-մահու կտիվ է տվել: Այս տարածաշրջանում տասնյակ տարիներ այսպիսի պատերազմ չի եղել: Մենք ապացուցել ենք, որ կռվող ազգ ենք, կարող ենք մինչեւ վերջ կռվել: Այսինքն, բաներ կան, որ կարող ենք շարունակել հպարտանալ եւ դրա վրա կառուցել: Ոչ թե հուսահատվել ու մտածել, թե ամեն ինչ կորած է եւ վերջ»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե նորմա՞լ է, որ եռատոն է անցկացնում այն իշխանությունը, որն արդեն Արցախի կեսը հանձնել է, Շուշին հանձնել է, ԼՀԿ առաջնորդը պատասխանեց. «Դա քննարկման հարց է: Եռատոն անցկացնում է ցանկացած օրվա իշխանությունը: Իսկ բարոյական, քաղաքական պատասխանատվությունը թող հունիսի 20-ին ժողովուրդը որոշի: Ոչ ես եմ միայնակ որոշում, թե ինչ լինի, ոչ դուք:

Այսօր ես ընդհանրապես չեմ էլ ուզում անդրադառնալ այդ թեմաներին: Ես հպարտ եմ, որ իմ պապերը հաղթանակ են տարել, որ մեր հայրերը հաղթանակ են տարել, հպարտ եմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տղաները հզոր կռիվ են տվել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ:

Ստորագրված է թուղթ, կա իրավիճակ: Այս իրավիճակից դասեր ենք քաղելու: Այս սերունդը որ կա, ամեն ինչ անելու ենք՝ նոր հաղթանակներով շարունակեն առաջ գնալ: Եվ վստահ եմ՝ այդ հաղթանակները լինելու են: Ուղղակի մեզ մի բան է պետք՝ համախմբվել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31