Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի փոքր բացահայտում անեմ, իսկ անակնկալները՝ հետո»․ Սերժ Սարգսյանի պաշտպանը՝ Սերգո Կարապետյանի ցուցմունքի մասին

Մայիս 13,2021 18:35

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր Սերժ Սարգսյանի պաշտպանները ներկայացրել էին վերջինիս հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությամբ երկրից չհեռանալը, վերացնելու միջնորդություն։

Հիմնավորումների թվում պաշտպանները մատնանշել էին՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, որը համարվում էր Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված առանցքային անձը, մահացել է, ուստի այս դրվագով եւս վերանում է խափանման միջոցի անհրաժեշտությունը։ Նիստի ավարտից հետո լրագրողները Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանին խնդրեցին ի վերջո ասել՝ ի՞նչ ցուցմունք էր տվել Սերգո Կարապետյանը։

«Մի փոքր բացահայտում անեմ, մյուս անակնկալները կներկայացնեմ հետո։ Թող «վայ» մարդիկ սպասեն անակնկալների։ Սերգո Կարապետյանը, եթե չեմ սխալվում, երկու, գուցե ավելի անգամ ցուցմունքներ է տվել եւ հաստատել, որ ծրագիրը ճիշտ է իրականացնել եւ այն «Ֆլեշ» ՍՊԸ-ին հանձնելը շատ ճիշտ որոշում է եղել։ Մենք հիմա էլ ենք դա պնդում։ Մեկ էլ «ալեյ հոպ»՝ նա մի օր դիմում է գրում վարույթն իրականացնող մարմնին, թե բան ունի ասելու։  Դատավարական ոչ մի իրադարձություն տեղի չի ունենում, բայց Սերգո Կարապետյանն իր նախկին ցուցմունքներին էապես հակասող ցուցմունք է տալիս։ Հարց չի առաջանո՞ւմ, թե ինչու։ Պատասխանը գիտեմ եւ կհրապարակեմ դատարանում՝ փաստերով»,-վստահեցրեց Ամրամ Մակինյանը։ Նրա խոսքով՝ իրադարձություններ են նախորդել այն հանգամանքին, որ Սերգո Կարապետյանը փոխել է ցուցմունքները։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31