Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փոլ Սթրոնսկի. Հայաստանը դարձել է տարածաշրջանում բարեփոխում իրականացնողներից մեկը

Մայիս 22,2021 15:07

«Հարավային Կովկասը մի տարածաշրջան է, որը Միացյալ Նահանգներից հեռու է գտնվում և չկան այդքան աշխույժ առևտրային հարաբերություններ, ինչպիսիք Միացյալ Նահանգները ունի այլ տարածաշրջանի հետ, ուստի տնտեսությունը չէ, որ պահում է այս հարաբերությունները»,- հայ-ամերիկյան քաղաքական ֆորումի ընթացքում ասաց Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկին։

Նա կարծում է, որ Վրաստանը, ամենայն հավանականությամբ, լինելու է Միացյալ Նահանգների ամենակարևոր գործընկերը տարածաշրջանում, ինչը պայմանավորված է Վրաստանի՝ դաշնակից լինելու պատրաստակամությամբ. «Ես կարծում եմ, որ Վրաստանը մնում է անկյունաքար։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ադրբեջանը կարող է բարդ գործընկեր լինել Միացյալ Նահանգների համար։ Այն ժողովրդավարական երկիր չէ, և կտեսնենք, թե ինչպես է Բայդենի վարչակազմը առնչվում վերջինիս հետ, քանի որ մասնավորապես ժողովրդավարության առումով այն հետընթաց է արձանագրել վերջին տարվա ընթացքում և դրսևորել է առավել հարձակողական վարքագիծ, ուստի դա մարտահրավեր է լինելու Միացյալ Նահանգների համար»։

Անդրադառնալով հակամարտությանը՝ Փոլ Սթրոնսկին ասաց, որ ատելությունը այնքան մեծ է, որքան 30 տարի առաջ, ինչը անհանգստացնող հանգամանք է. «10 տարի առաջ խոսում էինք հայ-թուրքական հաշտեցման մասին։ Բավականին բարդ է թվում դա հիմա անել՝ նույնիսկ միայն աշխատելով հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղությամբ։ Բայց միևնույնն է կարևոր է այդ հարցերով զբաղվելը, քանի որ երկարաժամկետ լուծումը՝ հրադադարը կամ տարածքի սահմանագծումը չէ, այլ ատելության նվազեցումն է և սահմաններից այն կողմ հասարակությունների միջև կապերի առկայությունն է։ Ուստի հուսով եմ՝ սրանք այն ոլորտներն են, որտեղ մենք կտեսնենք Միացյալ Նահանգների առավել մեծ ներգրավվածություն»։

Նա կարծում է, որ տարածաշրջանը չի ցանկանում ռուսական, իրանական կամ թուրքական գերակայությամբ ձևաչափ. «Կարծում եմ՝ տարածաշրջանից մի փոքր հեռու գործընկեր ունենալը շատ շահավետ է։ Բայց Միացյալ Նահանգները չի կարող միայնակ միջնորդ լինել այս հարցում, եթե կողմերը իրենք պատրաստակամություն չեն հայտնում։ Միացյալ Նահանգները պատրաստակամ է շարունակել այս գործընթացը, փորձել աջակցել բարձր մակարդակով և ակնկալում եմ, որ դա կշարունակվի այդպես, բայց կողմերը պետք է կամք դրսևորեն դա անելու համար»։

Փոլ Սթրոնսկիի խոսքով՝ Հայաստանը դարձել է տարածաշրջանում բարեփոխում իրականացնողներից մեկը՝ ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Արևելյան Եվրոպայում. «Հույս ունեմ ժողովրդավարական բարեփոխումների շուրջ աշխատելուց բացի կաշխատենք աջակցության և տնտեսական բարեփոխումների իրականացման վրա։ Դա կարևոր է, քանի որ Հայաստանը շատ բարդ աշխարհագրական տեղադրություն ունի, և իսկապես ունի օտարերկրյա ներդրումների համար առավել բաց և բարենպաստ միջավայրի կարիք՝ տնտեսական բարեփոխումները սկսելու համար»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31