Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 20-ին

Հունիս 03,2021 23:40

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռ. Պապոյանի նախագահությամբ կայացավ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ առաջին դատական նիստը:

Տիկին Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թ. մարտի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված Սողոմոն Թեհլիրյանի արձանի մոտ հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված, հասարակության մոտ առկա տրամադրությունները եւ սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը՝ սպանությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր:

Դատական նիստն սկսվելուց առաջ Զարուհի Փոստանջյանը Aravot.am-ին ասաց, որ ինքը չի ընդունում ներկայացված մեղադրանքը: «Ինքս էլ չեմ հասկանում այս մեղադրական եզրակացությունը, որ ինձ փոխանցվել է: Պետք է հստակեցում մտցվի մեղադրանքի այս ծավալի վերաբերյալ»,-ասաց նա:

Նիստի ընթացքում Զարուհի Փոստանջյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց մեղադրանքի այն հատվածները, որոնց ձեւակերպումներն իրենց հասկանալի չեն, հետեւաբար, պաշտպանվելը ոչ միայն դժվար է, այլ, պարզապես, հնարավոր չէ: «Մենք խնդրեցինք, որպեսզի դատարանը դրանք պարզաբանի: Դատարանը փորձ արեց, որպեսզի այդ ամենը պարզաբանի մեղադրանքի կողմը, որը պարզապես խուսափեց դա անելուց: Այսինքն, մեզ դրեց այնպիսի կացության մեջ, որ մենք հիմա մեղադրանքից պաշտպանվելու հնարավորությունից էապես զրկված ենք: Մեղադրանքի մեջ նշված է, որ նաեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնության կոչ է եղել: Եթե դա այդպես է, մենք տեսնում ենք, որ դատախազության գործողությունները հետեւողական չեն, որովհետեւ եթե իրենք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եղել է բռնության կոչ, Նիկոլ Փաշինյանը այս գործով պետք է ճանաչված լիներ տուժող: Մենք ասում ենք՝ եղեք հետեւողական: Եթե մեղադրանքի ձեւակերպումից դա է հետեւում, դատարանը պետք է տուժողին բերի, որպեսզի նրա մասնակցությամբ այս մեղադրանքը քննարկի: Գուցե, տուժողը գա եւ ասի, որ դա իր նկատմամբ բռնության կոչ չի համարում»,-ասաց Հայկ Ալումյանը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 20-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930