Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից տեղահանված քաղաքացիները կարող են մասնակցել ՀՀ-ում արտահերթ ընտրություններին

Հունիս 05,2021 18:40

Տիգրան Կյուրեղյանը (2000-2005թթ. ԼՂՀ 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր) 44-օրյա պատերազմից հետո ընտանիքի հետ Քաշաթաղի Բերձոր քաղաքից տեղափոխվել է Հրազդան քաղաք։

Արտահերթ ընտրություններին ընդառաջ, մայիսի 31-ին պարոն Կյուրեղյանը դիմել է Հրազդանի անձնագրային բաժին, եւ խնդրել իրեն եւ իր ընտանիքին ներառել ընտրողների ցուցակում, սակայն սկզբում նրան մերժել են, ասելով՝ հնարավոր չէ։

«Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Կյուրեղյանը պատմեց, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Հրազդանի բաժանմունքում նրան մերժել են, սակայն որեւէ լուրջ հիմնավորում չեն ներկայացրել։ «Սկզբից ամեն ինչ նորմալ էր, հետո ինչ-որ տեղ զանգելուց հետո անձնագրային սեղանի պետը ասաց, որ քանի որ մենք Արցախի քաղաքացիներ ենք, ապա չենք կարող ընտրություններին մասնակցել։ Ես պնդեցի, որպեսզի իմ գրավոր դիմումն ընդունեն, հետեւաբար նաեւ գրավոր ներկայացնեն մերժումը»,-պատմում է պարոն Կյուրեղյանը։

Պարոն Կյուրեղյանը հղում է անում «Ընտրական օրենսգրքին»՝ ՀՀ-ում հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ Արցախում հաշվառված, օկուպացված եւ հանձնված տարածքների բնակիչները, որոնք գտնվում են ՀՀ տարածքում, կարող են մասնակցել ընտրություններին նախապես գրանցվելով անձնագրային սեղաններում համաձայն Ընտրական օրենսգրքի։

Սակայն անձնագրայինում, ըստ էության, ինքնագործունեությամբ են զբաղվում եւ շատերին մերժում ընդգրկել ընտրողների ցուցակում։
«Արդեն պատրաստվում էի դատական գործընթացի մեջ մտնել, եւ դատի տալ նրանց, ովքեր թույլ չեն տալիս ինձ եւ իմ ընտանիքին մասնակցել ընտրություններին, բայց հունիսի 3-ին ստացանք պատասխան, որ խնդիրը կարգավորված է, կարող ենք մասնակցել ընտրություններին։ Ես պնդեցի եւ հասա արդյունքի։ Բայց կան մարդիկ, որոնք եւս Քաշաթաղից են, ու նրանց գլխի տակ փափուկ բարձ են դրել, հետո կանչել, ու այս մարդիկ էլ չեն գնացել անձնագրային։ Շատերի մոտ մոլորություն կա, որ եթե Քաշաթաղից են կամ Քարվաճառից, չեն կարող մասնակցել ընտրություններին, մինչդեռ նրանք պետք է իմանան, որ նման բան չկա։ Ես ինքս էլ այդ մասին նրանց տեղեկացնում եմ»,-ասում է պարոն Կյուրեղյանը։ Նա հայտնում է, որ կինն արդեն վերցրել է անձնագրային բաժանմունքից տեղեկանքը, որի հիման վրա ընդգրկվել է Հրազդանում բնակության վայրի մոտ գտնվող ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում. «Ամեն ինչ արվել է օրենքի տառին համապատասխան»:

Տիգրան Կյուրեղյանի օրինակին է հետեւել նաեւ Մուրադ Փալանջյանը։ Նա սոցիալական ցանցում գրել է. «Հետեւելով Տիգրան Կյուրեղյանի ընտանիքի օրինակին, գնացինք մեր ժամանակավոր բնակության վայրի անձնագրային սեղան եւ ընտրացուցակներում ընդգրկվելու համար տվեցինք դիմումներ։ Երեք օրվա ընթացքում պետք է ստանանք պատասխան։ ՀՀ-ում հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիներս, այդ թվում՝ Արցախում հաշվառված, օկուպացված եւ հանձնված տարածքների բնակիչները, որոնք գտնվում են ՀՀ տարածքում, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի կարող ենք մասնակցել ընտրություններին, նախապես գրանցվելով անձնագրային սեղան»։

Տիգրան Կյուրեղյանը սոցիալական ցանցում հրապարակել է այն տեղեկանքը, որով հնարավորություն է տրվում մասնակցել հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Այս գրառման տակ մի քաղաքացի մեկնաբանություն է գրել, որով տեղեկացնում է. «Մենք էլ ենք դիմել, բայց պատճառաբանել են՝ դեռ հրահանգ չունենք, ԿԸՀ-ի հետ ճշտելուց հետո կպատասխանենք»։

Ըստ էության, Արցախից տեղահանված եւ Հայաստանում հաստատված բազմաթիվ քաղաքացիներ տեղեկացված չեն, որ կարող են մասնակցել ընտրություններին։ Այս առնչությամբ «Առավոտ»-ը գրավոր հարցում է ուղղել ՀՀ ոստիկանությանը։ Ի պատասխան մեր հարցման, ոստիկանությունից տեղեկացնում են. «ՀՀ ընտրական օրենսգրքի» համաձայն՝ ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողները, ինչպես եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող՝ քաղաքացիություն չունեցող ընտրողները ՀՀ ընտրողների ռեգիստրում չեն ընդգրկվում, ինչը չի սահմանափակում նրանց ընտրելու իրավունքը։

Օրենսգիրքը կարգավորումներ է նախատեսում ինչպես ՀՀ-ում հաշվառված, այնպես էլ հաշվառում չունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացման համար։ Ըստ այդմ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնակչության պետական ռեգիստրում ՀՀ հասցեով ունեն հաշվառում, ապա նրանք ընդգրկվում են ընտրողների ռեգիստրում, հետեւաբար եւ՝ նաեւ ընտրողների ցուցակում, հաշվառում չունեցող քաղաքացիները, «Ընտրական օրենսգրքի» 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ իրավունք ունեն դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի հասցեն։ Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում եւ այդ մասին նրան տրամադրում տեղեկանք՝ ընտրելու իրավունքն իրականացնելու համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930