Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հայկ Սուքիասյան․ «Այն քաղաքական ուժերը, որոնք ռուսամետ են, արեւմտամետ են, ամերիկամետ են, նրանց մտածողությունը հակապետական է»

Հունիս 09,2021 20:02

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի անդամներն այսօր այցելել են Շիրակի մարզ։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ դաշինքի անդամ, նախընտրական ցուցակի 4-րդ համար Հայկ Սուքիասյանն անդրադառնալով քարոզարշավին, ասաց՝ ենթադրելի էր, որ այս քարոզչությունը պետք է վերածվեր Հայաստանի կյանքի ապագայի վերաիմաստավորման քննարկումների, բայց տեսնում ենք, որ առանձին դեպքերում այս քարոզչությունը նորից ներքաշվել է ինչ-որ հակաքաղաքական ինտրիգների մեջ, որտեղ որեւէ քննարկում չկա Հայաստանի ապագայի մասին։

Ըստ պարոն Սուքիասյանի, դա գուցե ձեռնտու է ինչ-որ ուժերի՝ իրար հետ հարցերը պարզելու․ «Բայց պարզ է, որ սա որեւէ առնչություն չունի Հայաստանի կյանքի եւ ապագայի հետ։ Բայց այսօր իրադրությունն այնպիսին է, որ մեզանից պահանջվում է ոգեւոր, ֆիզիկական կուտակում, մտավոր լարում, մենք պետք է հասկանանք, որ քաղաքականությունը այլեւս գավառամտության շրջանակներում հնարավոր չէ իրականացնել, գավառամտությունը միշտ բերում է այն ցեխին, որի մեջ մենք հայտնվել ենք։ Հատուկ ուզում եմ Գյումրիում շեշտել՝ ձեր մտքով չի անցնի այն տափակ, տգետ գաղափարը ունենալ՝ կողմնորոշումներ։ Կողմնորոշումը քաղաքականության մեջ մահ է։ Արեւմտամետ, ռուսամետ, զանզիբարի կողմնորոշում ունեցող, պետք է հասկանանք մի բան՝ կողմնորոշումը հոգեկան հիվանդություն է, այն ինչ մեզ ժամանակին պարտադրվել կամ հրամցվել է կամ մեր քաղաքական ուժերի տգիտության հետեւանքով որդեգրվել է։ Ո՞րն է խնդիրը՝ եթե դուք կողմնորոշվում եք դեպի մի բեւեռ, մյուս բեւեռը ձեզ թիրախավորելու է։ Երկրորդը՝ եթե դուք կախվում եք մի բեւեռից, այդ բեւեռն իր նեղ դրության պահին առաջինը ձեզանից է ազատագրվելու, ինչը առանձին դեպքերում մենք տեսանք Արցախյան պատերազմում։ Հետեւապես, մենք պետք է մտածենք բացառապես Հայաստանի ազգային պետական շահերի շրջանակներում՝ հայաստանակենտրոն մտածողություն»։

Պարոն Սուքիասյանի խոսքով՝ այդ կողմնորոշումների արդյունքում է, որ Հայաստանը գիշեր -ցերեկ սրա նրա կրնկի տակ է․ «Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ունեն կողմնորոշում՝ ռուսամետ են, արեւմտամետ են, ամերիկամետ են, նրանց մտածողությունը, մեծ հաշվով, հակապետական մտածողություն է։ Մեզ նման պետությունների համար կողմնորոշումն արգելված է։ Սա նշանակում է՝ քաղաքականությունը պետք է դառնա գիտական, ընդհանրապես, ամեն բան պետք է դառնա գիտական, գավառամտությունից, ինտրիգային քաղաքականությունից պետք է զերծ մնալ»։

Հայկ Սուքիասյանի դիտարկմամբ՝ մարդիկ պետք է ուշադիր լինեն՝ քարոզչություն է ընթանում անհասկանալի դիսկուրսի մեջ՝ դուք դավաճան եք, դուք՝ ոչ․ «Մի բանավեճ է, որը մեզ հետ ու Հայաստանի հետ կապ չունի։ Սա մերժելի է, մենք պետք է բոլորին քաշենք ծրագրերի քննարկման փուլ, ովքեր որ չեն գա, վստահ եղեք՝ դրանք ծրագրեր չունեն, եւ ոչ էլ ուզում են ձեզ որեւէ բան խոստանան»։

Պատգամավորի թեկնածուն քաղաքացիներին հորդորեց ուշադիր լինել եւ ճիշտ ընտրություն անել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930