Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչ խոսակցություն է եղել 2018-ի ամռանը Տեր-Պետրոսյանի եւ Փաշինյանի միջեւ․ արդյոք ասվե՞լ է «հողերն արդեն պիտի տաս»

Հունիս 10,2021 17:40

Ինչ խոսակցություն է եղել հեղափոխությունից հետո 2018-ի ամռանը ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջին նախագահն ասել է՝ հողերն արդեն պիտի տաս, արդյոք այսպիսի՞ն է եղել ձեր ձեւակերպումը։ Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսի ժամանակ Aravot.am –ը հետաքրքրվեց ՀՀ առաջին նախագահից։ Ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ այդ հարցը պետք է տալ Նիկոլ Փաշինյանին եւ ասել՝ ցույց տուր այդ ասածի ձայնագրությունը. «Ես իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա»։

Ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը մանրամասնեց․ «Ես գնացել եմ նրան մեկ բան ասելու, ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը, անկախ այն բանից՝ Ռոբերտ Քոչարյանի՞ օրոք է, թե՞ Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի։ Ես նրան ասել եմ հետեւյալը՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից, փաստաթղթով։ Հարց է տալիս՝ ի՞նչ ձեւի, ի՞նչ փաստաթուղթ։ Ասում եմ՝ հենց հիմա ես քեզ թելադրում եմ նամակ, գրում ես արտաքին գործերի նախարարին՝ պահանջում եմ երկու օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ։ 18-ին Սերժը հրաժարական տվեց։ Ասացի, թե ինչու է դա պետք իրեն՝ որպեսզի դու դա ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել։ Դրանից հետո ավելի լավ լուծում կբերես՝ կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես՝ կլինի քո խայտառակությունը»։

ՀՀ առաջին նախագահն ասաց, որ այս նույն բանն ինքն արել է դեռ 2008 թվականին, երբ որոշել էր առաջադրվել նախագահի ընտրություններում․ «Այս հարցն ինձ համար ամենագլխավորն է։ Ուզեցի ֆիքսել այն վիճակը, որ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել էին որպես վերջին փաստաթուղթ, որովհետեւ կազանյանից հետո էլի բաներ էին փոխվել։ Ինչ ստացվեց․ ես հրավիրեցի ԱՄՆ դեսպանին, այն ժամանակ հավատարմատարն էր, նրան ասացի՝ հիմա Մինսկի խմբի համանախագահությունը հայտարարել է, որ կողմերի միջեւ մադրիդյան սկզբունքների շուրջ առաջին պլանը համաձայնեցվել է 99%-ով։ Ասացի՝ խնդրում եմ տեղեկացեք Բրայզային թող այս 99%-ը թղթի վրա ցույց տա, թե ինչ է եւ առաջարկի կողմերին՝ որպես պաշտոնական փաստաթուղթ։ Մինչ այդ Մինսկի խումբը պաշտոնական փաստաթղթեր չէր ներկայացնում։ Մեր ժամանակ ուրիշ էր մեթոդը, համանախագահները գալիս էին, պատրաստի փաստաթղթերով, մեզ հետ չէին բանակցում, իրենք գալիս էին մի փաստաթղթով՝ երեք կողմերին՝ Հայաստան Ղարաբաղ, Ադրբեջան, եթե կողմերից մեկը չէր համաձայնվում, գնում էլի էին մտածում, հաջորդ փաստաթուղթը, հաջորդը․․․ Իսկ Մինսկի խմբի համանախագահությունն արդեն մադրիդյան սկզբունքների ժամանակ իրենց մեթոդը փոխել էր, ոչ թե գալիս սկզբում բանակցում էին, այլ բերում էին պատրաստի փաստաթուղթ։ Միշտ այդպես է եղել՝ մադրիդյանի հետ կապված բոլոր փաստաթղթերը։ Հետո եղավ կազանյանը, Լավրովինը եւ այլն։ Ասացին՝ ինչո՞ւ։ Ասացի՝ որովհետեւ դա ե՛ւ ինձ է պետք, ե՛ւ անգամ Սերժ Սարգսյանին, եթե նա ընտրվի նախագահ, որպեսզի մենք ֆիքսենք, թե մենք ո՞ր կետից ենք սկսելու ղարաբաղյան կարգավորման գործընթացը։ Եւ մեկ ամիս հետո Բրայզան պաշտոնապես ներկայացեց այդ փաստաթուղթը։ Նույն բանը ես Նիկոլին էի ասում՝ հիմա դու պիտի ֆիքսես, թե ինչ ժառանգություն ես ստացել։ Եւ վերջ, ուրիշ խոսակցություն չի եղել։ Բայց այդ ձայնագրությունը կպահանջեք Նիկոլից»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930