Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ագարակում եւ Մեղրիում «Հայաստան» դաշինքի քարոզչական միջոցառմանը պարտադրաբար մասնակցել են Մեղրի  համայնքի մանկապարտեզի, «Արեւիկ» արվեստի դպրոցի, համայնքապետարանի աշխատակիցները. «Ականատես»

Հունիս 18,2021 19:03

Այսօր «Ականատես» դիտորդական առաքելության անդամները «Մեդիա կենտրոնում» իրենց դիտարկումները ներկայացրեցին խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ: Մայիսի 1-ից մինչեւ հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածն են դիտարկել:

Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին խոսելով՝ Ականատես դիտորդական առաքելության  համակարգող Մարիամ Հովեյանն ասաց. «Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում վարչական շրջանի ղեկավարը մշակույթի տան գույքը տեղափոխել էր  «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ՝ աթոռներ, սեղաններ: Այսինքն, հանրային գույքը սկսել էր օգտագործվել կուսակցության շահերի նպատակով»:

Ինչ վերաբերում է ճնշումներին, ձայն բերելուն՝ նա նշեց. «Հունիսի 7-ին Աբովյան համայնքի կոմունալ վարչության աշխատակիցներին պարտադրել են մասնակցել ԲՀԿ-ի քարոզչական միջոցառմանը: Մեկ այլ դեպքում Նորատուսի եւ Կարմիրգյուղի դպրոցների ուսուցիչներին ՔՊ կուսակցության կողմից պարտադրել են մասնակցել Գավառի հանրահավաքին: Հունիսի 7-ին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը աշխատանքային ժամին մասնակցել, ելույթ է ունեցել «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում: Քաջարանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ստիպողաբար մասնակցել են մանկապարտեզի, արվեստի դպրոցի, համայնքապետարանի եւ ԶՊՄԿ-ի աշխատակիցները:

Ամսի 7-ին Ագարակում եւ Մեղրիում «Հայաստան» դաշինքի քարոզչական միջոցառմանը պարտադրաբար մասնակցել են Մեղրի  համայնքի մանկապարտեզի, «Արեւիկ» արվեստի դպրոցի, համայնքապետարանի աշխատակիցները: Հունիսի 8-ին ՔՊ-ի օգտին քարոզչություն իրականացնելու նպատակով մարզպետի տեղակալը՝ Գոռ Ասրյանը այցելել է Ստեփանավան խոշորացված համայնքի, Կաթնաղբյուր եւ Ուրասար բնակավայրեր, աշխատանքի ժամին հանդիպումներ է ունեցել ուսուցիչների, այլ  բնակիչների հետ, ընդ որում, դպրոցի դահլիճում, աշխատանքային ժամին, երբ  աշակերտները դեռ չեն ավարտել իրենց դասը, նրանց դուրս են հրավիրել դպրոցից ու այնտեղ ունեցել են հանդիպում: Այս ամենը ուղեկցվել է նաեւ ծառայողական մեքենաների օգտագործմամբ եւ այլն»:

Հարցին, թե ինչպե՞ս են պարտադրել մասնակցել նախընտրական հավաքներին, Հովեյանը պատասխանեց, որ ակնարկել են՝ մարզպետն է ասել, լավ չի լինի, ինչպես նաեւ սպառնացել աշխատանքից ազատել. «Օրինակ, ՀԷՑ-ի  Դեբեդ մասնաճյուղում Ստեփանավանի տեղամասում տնօրենը աշխատակիցներին ստիպում է ձայներ հավաքել «Հայաստան» դաշինքի օգտին ու միաժամանակ սպառնում ազատել աշխատանքից նրանց, ովքեր չեն հավաքել: Կամ արգելում են մասնակցել այլ ուժերի հանրահավաքներին, նմանատիպ դեպք եղել է ՀԷՑ-ի Տաշիրի տեղամասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930