Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ծուղակում

Հունիս 25,2021 12:00

Հայաստան պետությունը պարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում

Ընտրական գործընթացն ավարտվեց, բոլոր նրանք, ովքեր կողնորոշված էին՝ կատարեցին իրենց ընտրությունը, Հայաստանն արդեն հետընտրական փուլում է, հիմա արդեն կարող ենք ավելի ազատ խոսել:

Ընդդիմության առաջնորդի հայտ ներկայացրած Ռոբերտ Քոչարյանը, տրամաբանական է, իր ղեկավարած դաշինքի ստացած տոկոսները պետք է ներկայացնի որպես վստահության ապացույց: Տարիներ շարունակ, եւ 2018-ից հետո նրա դեմ հակաքարոզչության պայմաններում, պարզ է, որ ինչ աստիճանի վստահության էլ նա արժանանար՝ նրա համար սա խիստ դրական փաստ է:

Մենք այսօր վերլուծում ենք ընտրական ինչ-ինչ դետալներ, մոռանալով, թե այսօր ինչ վիճակում է Հայաստանը: Փաշինյանը նախընտրական քարոզչության փուլը տարավ իր օրակարգով, իսկ քաղաքական հակառակորդներին չհաջողվեց իրենց օրակարգը թելադրել Փաշինյանին, մասնավորապես՝ Հայաստանի անվտանգային հարցերում նրանից պատասխաններ ստանալու ու նախընտրական ընտրապայքարի բանավեճը այդ դաշտում պահելու առումով: Իսկ այդ դաշտում Փաշինյանը միանշանակ կորցնող կողմ կարող էր դառնալ:

Ինչպիսի «ապագա» կարող է խոստանալ վարչապետի մի թեկնածու, որի իշխանավարման ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու իրենց տարածքային ակնկալիքներն են հայտնում, հայ ռազմագերիներին պատանդ են պահում ու հիմա թուրք-ադրբեջանական դաշինքը պահանջներ է ներկայացնում՝ եթե ուզում եք տարածաշրջանային ապաշրջափակում, ուրեմն, «Զանգեզուրի միջանցք» պետք է լինի:

Բայց մուրճումանգաղային ընտրապայքարն ընթացավ Փաշինյանի համար ամբողջությամբ ձեռնտու դաշտում՝ «թալանչի էլիտան ուզում է վերադառնա, որ նորից ձեզ թալանի», «նախկինները ձեզ «ժեխ» են անվանում», իսկ «ես ձեզ սիրում եմ, հպարտանում եմ ու խոնարհվում եմ ձեր առաջ»:

Սա պարզունակ քարոզչական ծուղակ էր, եւ երբ ընդդիմադիրները Փաշինյանին համարում են քաղաքականապես ոչ հմուտ գործիչ, պետք է հստակ հաշվեին, որ միակ ոլորտը, որում Փաշինյանի հետ չեն կարող մրցել, նրան չեն կարող հաղթել՝ դա փողոցով հասարակության համար ականջահաճո ասելիք գտնելու, հրամցնելու ու ցանկալի արդյունք ստանալն է: Ինչ-ինչ՝ սա միակ գործն է, որտեղ Փաշինյանը փայլում է ու հաջողում է:

Քոչարյանը դեռ ամիսներ առաջ նախընտրում էր բացառապես որոշ լրատվականների ներկայացուցիչների հետ նստել մի սենյակում ու հարցազրույցներ տալ՝ հստակ գիտակցելով, որ նրան ոչ ցանկալի հարցեր չեն ուղղվելու, նրան չեն հակադրվելու: Այսօր նրա համար իսկապես մեծ ձեռքբերում է, որ նա բազմահազարանոց հանրահավաք է անցկացնում, տեսնում իրենով հիացած դեմքեր:

Բայց Քոչարյանի համար նույնիսկ այս հաջողության պայմաններում պետք է արձանագրել, որ Փաշինյանի համար ընտրական իրական ձախողում կարող էր դառնալ բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ձեւավորված դաշինքը: Ի սկզբանե էլ պարզ էր, որ եթե նրանք առանձին գնան ընտրությունների՝ Փաշինյանի հաղթանակը երաշխավորված է լինելու: Մինչդեռ, եթե ՀՀ նախկին նախագահները դաշինք կազմեին՝ ընտրական մթնոլորտը գլխիվայր փոխվելու էր:

Բայց հիմա արդեն ավելի ակնառու է, որ Քոչարյանին անհրաժեշտ էր մնալ քաղաքական դաշտում, նա կփորձի ընդդիմության առաջնորդի իր կարգավիճակը պահել, սակայն նրա հաշվարկն այս դեպքում էլ սխալ է: Փաշինյանի համար Քոչարյանն ամենահեշտ արժեզրկվող ֆիգուրն է, այսպես ասած՝ ամենախոցելին: Մի կողմ թողնենք այն հարցը, որ Փաշինյանի իշխանությանը չի հաջողվել նախկիններին ուղղված մեղադրանքների հարցում իրավական դաշտում ապացույցներ ներկայացնել ու պատասխանատվության ենթարկել: Եթե մի իշխանության չի հաջողվել 2008թ. Մարտի 1-ի 10 զոհերի համար գոնե մեկ պատասխանատու գտնել՝ այդ իշխանությունից էլ ի՞նչ սպասել:

Ինչեւէ, հարցը՝ ինչպե՞ս Հայաստանին ու Արցախին պատերազմում պարտության տարած իշխանությունը կարող է վերընտրվել, հիմա քննարկվում է օտարերկրյա պարբերականներում, փորձագետները փորձում են պատասխաններ գտնել: Իրականում պատասխանը շատ պարզունակ է՝ Հայաստանի հասարակությունը հոգնել է վերջին տարիներին քաղաքական դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերից՝ թե իշխանական, թե ոչ իշխանական: Միակ կոնֆիգուրացիան, որը կարող էր իրավիճակ փոխել՝ դա Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան դաշինքն էր, ու դա իսկապես պետք է դառնար այդ գործիչների քաղաքական վերջին հայտը, բայց որով հնարավոր կդառնար վերականգնել Հայաստանի վարկանիշը, ետ քաշել Հայաստան պետությունը անդունդի եզրից:

Վերջին ընտրություններով Հայաստանը մնաց հետպատերազմյան նույն անդունդում: Փաշինյանը ընդամենն արձանագրեց իր առավելությունն այլոց նկատմամբ՝ հասարակական վստահության տեսանկյունից, բայց նրա իշխանավարումը դրանից ավելի դյուրին չի դառնալու, մարտահրավերների մասշտաբներն ահռելի են ու մեծ հարցական է, թե դրանց դիմակայելու, դրանք լուծելու հարցում Փաշինյանը խնդիրների խորությունն առհասարակ պատկերացնո՞ւմ է:

Հիմա մեր հասարակությունում դժգոհության մի նոր առիթ էլ է ավելանալու՝ Փաշինյանին հաջողվեց «մերժելով» նախկիններին՝ վերակենդանացնել Քոչարյանին, ԱԺ-ում ներկայացված են լինելու նրա կողմից «մերժված» Քոչարյանի ու Սարգսյանի գլխավորած ուժերը: Այսինքն՝ մենք մնացինք կրկին հին Հայաստանում, պարտված Հայաստանում:

Հայաստան պետությունը պարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930