Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի մեջ խոսակցություններ

Հուլիս 03,2021 10:00

Շիրակի մարզում անասունների շրջանում սիբիրյան խոցի դեմ պայքարելու համար պետք է աշխատել: Խոսրովի անտառներում հրդեհները հանգցնելու համար պետք է ջանքեր գործադրել: Որպեսզի Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ծորակից կոյուղու ջուր չգա, պետք է զբաղվել այդ վթարով: (Ի դեպ, ոչ ոք այլեւս չի՞ ցանկանում այդ ջուրը խմեցնել բնապահպանության նախարարին, կամ էլ շփել Երեւանի քաղաքապետի վրա: Ակնհայտորեն՝ մեր հ/կ-ները կորցրել էին իրենց նախկին խանդավառությունը):

Մի խոսքով, աշխատելը բարդ է՝ անհրաժեշտ է պրոֆեսիոնալիզմ, մասնագիտական հմտություններ, ջանասիրություն: Օրինակ, Արմեն Չարչյանի փոխարեն ոչ մի կաշվե բաճկոնով «կոմիսար» չի կարողանա վիրահատություններ անել, որովհետեւ վիրաբույժները սովորաբար մուրճով չեն աշխատում: Դիվանագետի փոխարեն ոչ մի փողոցային հռետոր բանակցություններ չի վարի, դատավորի փոխարեն ոչ ոք գործի հանգամանքները ծանրութեթեւ չի անի, նույնիսկ եթե հոգով-սրտով հավատարիմ է հեղափոխության գաղափարներին:

Իսկ ի՞նչն է հեշտ անել: Հեշտը խոսելն է, օդ ցնցելը: «Ժողովուրդը», ըստ երեւույթին, երեք տարի առաջ այս իշխանություններին տվել է օդի մեջ խոսելու մանդատ, եւ հունիսի 20-ին այդ մանդատը հաստատել է: Ինչի մասին է սիրում խոսել իշխանությունը, նրա քարոզիչներն ու քծնողները: Դե, ամենասիրած թեման, ինչպես հայտնի է, «նախկիններին պատժելն» է: Ընդ որում, քանի որ երեք տարի դրա մասին խոսվում է եւ առանձնապես ոչ մի բան չի արվում, հիմա այդ «պատժելու» թեզը փոքր-ինչ ձևափոխվել է՝ «առաջ մենք բարի էինք, ներողամիտ, եւ դրա համար պատժելը լավ չէր ստացվում, իսկ ահա հիմա ամեն ինչ այլ կերպ է լինելու: Քանի որ մեր չստացվելու հիմնական մեղավորները դատավորներն էին, ուրեմն հեսա մենք կփոխենք բոլոր դատավորներին, եւ նոր դատավորները «կփակեն» բոլոր մեր ասած մարդկանց»:

«Օպերացիան» հանձնարարվել է Գագիկ Ջհանգիրյանին, որն, իհարկե, լավ մասնագետ է եւ հասկանում է, թե որքան ուտոպիստական են այդ ծրագրերը, եւ «վեթինգի», «լյուստրացիայի», «դատական համակարգը զրոյից կառուցելու», «օրենքի դիկտատուրայի» մասին ամբոխահաճո խոսակցություններից այն կողմ գործն առաջ չի գնա: Ի դեպ, նույնքան կյանքից կտրված եւ ոչ պրոֆեսիոնալ են «ապօրինի գույքի բռնագանձման» մասին դատողություները: Ցանկալի է, որ ԲԴԽ փաստացի ղեկավարը, որին նշանակել են չափից դուրս ինքնուրույն Ռուբեն Վարդազարյանի փոխարեն, այդ ամենը հասցնի իշխանությունների ականջին:

Տեսականորեն, այո, հնարավոր է արձակել բոլոր դատարանները, ստեղծել հավատարիմ ՔՊ-ականներից բաղկացած «տրոյկաներ» եւ «բռնել տալ» մարդկանց ըստ այն ցուցակի, որն այդ «տրոյկաներին» կուղարկի Փաշինյանը՝ ամբոխի հրճվալից աղաղակների տակ: Բայց այդ փորձը շատ վատ կվերջանա մեր պետության եւ հատկապես իշխանության համար: Պարզ է, որ նման բան չի էլ արվի: Պարզապես խոսում են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    սակայն «մուրճի մանդատ»ը, դեռ նոր ստացան…

    ուրեմն, հինգ տարիներ ունեն գործադրելու համար իրենց խօսքերը. այս անգամ տարբեր, ազդու ձեւով.

    տենանք…

    (փաշինյանիզմի դէմ պայքարողների անզօրութիւնը նկատելով, որոշեցի մերթ ընդ մերթ փաշինյանիստ դառնալ…
    կ’ընդունիմ որ հաճելի է… ուղեղը հանգիստ կ’առնէ…)

  2. Armen says:

    Լու՞րջ…..

  3. Լավատես says:

    Երբ Արեւմուտքը կապիտալիզմ էր տարածում աշխարհում, իսկ Սովետը սոցիալիզմ էր տարածում աշխարհում, այդ երկու համակարգերն էլ մրցակցում ու զարգանում էին, բայց հերիք է սոցիալիզմը սատկի, կապիտալիզմն էլ չունենալով մրցակից, նույնպես սկսեց արագ դեգրադացվել ու ոչնչացման ճանապարհին է որպես համակարգ: Իսկ մենք դուրս ենք եկել արդեն սատկած սոցիալիզմից, բայց դեգրադացվող կապիտալիզմին չենք հասել ու հայտնվել ենք լուսանցքում: Սա պետությունների կամ մարդկանց քմահաճույքը չի, սա մարդկության բնական էվոլյուցիան է’ ֆեոդալիզմ, կապիտալիզմ, իսկ հիմա մտնում ենք նոր համակարգ, իսկ նոր պայմանները նոր համակարգ են պահանջում: Որ ազգը ստեղծի նոր համակարգը, այդ ազգն էլ կգրավի մյուս ազգերին եւ կտարածի իր համակարգը ամբողջ աշխարհով, իսկ եթե ավելի խելոք գտնվի այդ ազգը, նա միաժամանակ կստեղծի եւ մրցակից համակարգ եւ սա էլ կտարածի աշխարհով մեկ ու կենսական բալանսը կպահի, ինչպես զորավարժությունների ժամանակ պայմանական թշնամու դեմ ես կռվում, որը քո հավանական իսկական թշնամուց ավելի հզոր պետք է լինի:
    Ո՞րն է նոր համակարգի էությունը եւ նրան թշնամի համակարգի էությունը: Տեսակի ներդաշնակ էվոլյուցիան’ առանց գերբեռնվածության, իսկ նրա թշնամին’ դա տեսակի ոչնչացումն է գերբեռնվածության պատճառով: Մարզված’ ֆիզիկապես դաստիարակված մարդու գերբեռնվածության նշաձողը բարձր է, իսկ ֆիզիկապես անդաստիարակ մարդու նշաձողը շատ ցածր է, թշնամին ազգի գլխին նշանակում է մարդկանց, որոնք ազգը անդաստիարակ են դարձնում եւ հետո մի թեթեւ բեռնվածությունից ազգը անցնում է գերբեռնվածության նշաձողը ու մաշվում, դեգրադացվում ու ոչնչանում: Մեր նպատակն է դաստիարակել ազգը եւ ֆիզիկապես, եւ հոգեպես եւ նյութապես, միայն սիրով եւ միաժամանակ խստապահանջ բանակային դաստիարակությամբ պաշտպանենք ու զարգացնենք մեր տեսակը եւ կտարածենք տեսակի պաշտպանության ու զարգացման մեր համակարգն ամբողջ աշխարհում, իսկ մեր իրական թշնամիներին կարգենք որպես մեր լավագույն խորհրդատուների:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031