Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Տեղեկացված գորիսեցին՝ համայնքի հայելին

Հուլիս 04,2021 12:11

Կորոնավիրուսային համավարակի պատճառով մոտ 30 հազար բնակչություն ունեցող Գորիս քաղաքն էլ կանգնեց լուրջ մարտահրավերների առաջ։ Բացի այն, որ մարդիկ աշխատանքն են կորցրել, նաեւ չեն տիրապետում համապատասխան տեղեկատվությանը, հմտություններին, որոնք կօգնեն նոր աշխատանք գտնելուն, տարբեր  ոլորտներում  սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելուն։

Ըստ «Մաքուր Գորիս» ՀԿ–ի նախագահ Էլմիրա Բալասանյանի՝ Գորիսում այսօր չի գործում որեւէ լրատվամիջոց, եւ համայնքի բնակիչը չի կարող լսել, տեսնել, կարդալ իրեն հետաքրքրող տեղեկատվությունը։ Ըստ հարցումների՝ շատ քչերն են օգտվում սոցիալական ցանցերից։

«Ավելին ասեմ, Գորիսի  համայնքապետարանի եւ բնակիչների  միջեւ կապը սահմանափակվում է  միայն համայնքապետարան այցելությամբ, համայնքապետարանի կայքից էլ շատերը չեն կարողանում օգտվել»,–Aravot.am-ի հետ զրույցում նշում է Էլմիրա Բալասանյանը։

«Տեղեկացված քաղաքացին համայնքի հայելին է» ծրագրի շնորհիվ՝  «Մաքուր Գորիս» ՀԿ–ն  փորձել է համայնքի սոցիալապես անապահով  20 ընտանիքի անդամներին տրամադրել խորհրդատվություն, ուսուցանել նոր hմտություններ, նրանց ներգրավել բարեկարգ եւ մաքուր համայնք ունենալու աշխատանքներում:

Ծրագրի շրջանակներում ձեռք բերված  ծառերն ու թփերը տնկվել են համայնքի տարբեր թաղամասերում։ Դրանց խնամքին, բացի ծրագրի շահառուներից, հետեւում են երիտասարդ բնապահպանները,  Գորիսի կոմունալ տնտեսության,  Գորիսի մշակույթի տան աշխատակիցները։

Էլմիրա Բալասանյանը ցավով ու ափսոսանքով նշում է, որ օրեր առաջ  գողացել են Գորիսի տուրիստական կենտրոնի եւ պատկերասրահի դիմացի տարածքում տնկված թանկարժեք եղեւնիների թփերը։ «Փոխանակ այս շոգին, արեւին ու տապին մեկ դույլ ջուր լցնեն նորատունկ թփերի տակ, նրանք  տնկածն էլ գողացել են»,–ասում է տիկին Բալասանյանը՝ մտածելով, գուցե նոր ծրագիր իրականացնեն՝ բարձրացնելու համայնքի բնակիչների ինքնագիտակցությունը։ «Կարծում եմ՝ դեռ  մարդկանց մոտ կա խորհրդային տարիների կենսակերպը․ եթե իրենց սեփականը չէ, ուրեմն կարելի է պոկել, փչացնել։ Պիտի հասնենք այն մակարդակին, որ համայնքի բնակիչը գիտակցի՝  հանրային վայրերում  տնկած ծառը նաեւ իր, նրա երեխայի համար է, նրանց սեփականությունն է»,–ասում է «Մաքուր Գորիս» ՀԿ նախագահ Էլմիրա Բալասանյանը։

Ի դեպ, եռամսյա կարճաժամկետ այս ծրագիրը կյանքի կոչվեց «ԳՈՒՄ»  ՀԿ-ի ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան» ենթադրամաշնորհի միջոցով։ Ծրագրի շրջանակում հանդիպումներ են անցկացվում բանկային, առողջապահական հիմնարկների ղեկավարների և աշխատակիցների հետ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031