Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսոր. «Անկեղծությունը իմ ֆիլմերի հաջողությունների գլխավոր գրավականն է»

Հուլիս 05,2021 18:54

Մեր զրուցակիցը դերասան և ռեժիսոր Պարույր Ներսիսյանն է, ում հետ խոսել ենք հեղինակային «Հետ արի» ֆիլմի մասին և ոչ միայն…

 

-Պարույր, ինչո՞ւ «Հետ արի»…

-Ցավոք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ յուրաքանչյուրս հոգու խորքում սպասման մեջ ենք, անկախ ամեն ինչից։ Ամեն մեկս սպասում ենք մեր հարազատին, ընկերոջը, եղբորը, հորը, ծանոթին ու անծանոթին… Ես գրեթե համոզված եմ, որ վերջին ժամանակներում ամեն մեկս թեկուզ և մտքի մեջ «հետ արի» է ասել ինչ-որ մեկին, չնայած և գիտակցել է, որ դա այլևս հնարավոր չէ… Ինչո՞ւ «հետ արի», որովհետև՝ «հետ արի»:

-Ո՞վ է գլխավոր հերոսուհին, ի՞նչ իրադարձությունների միջով է անցնում, ի՞նչ առանձնահատկություններ կան։

-Գլխավոր հերոսուհին կին է, որը 44- օրյա պատերազմի ընթացքում սպասման մեջ է։ Ֆիլմում նրա ապրումներն են, ընդգծված են պատերազմական և անձնական դրամաները… Եթե սկսեմ մանրանալ ու խոսել առանձնահատկությունների մասին, կստացվի, որ ֆիլմն ամբողջությամբ պատմեցի։ Ավելի լավ է հետագայում ֆիլմը դիտողները խոսեն առանձնահատկությունների մասին…

-Ես` որպես կինոդիտող, նկատել եմ, որ քո ֆիլմերում անկեղծությունն այլ բարձրակետում է։ Գուցե քո հաջողության գրավականներից մեկն էլ սա՞ է։

-Ոչ թե հաջողության գրավականներից մեկն է, այլ՝ գլխավորն է։ Այո, ցանկացած ֆիլմում ես անկեղծ եմ։ Անկեղծ են նաև ստեղծագործական և դերասանական կազմերը։ Եթե դու երեխային հեքիաթ ես պատմում, պետք է անկեղծ պատմես, որպեսզի երեխան հավատա այդ հեքիաթին։ Եթե հասուն մարդուն ես պատմություն պատմում, նույնքան պարտավոր ես անկեղծ լինել… Մարդիկ պետք է հավատան այն պատմությանը, որը դու ֆիլմի միջոցով պատմում ես նրանց։

-Ամեն կադր նկարահանելիս ի՞նչ ես մտածում, ինչպե՞ս ես թարմություն հաղորդում։

-Ցանկացած կադր մի հիշողություն է, կյանքից պոկած մի պատառիկ… Ամեն նոր կադր նկարելիս առաջին հերթին մտածում եմ, որ այլ լինի իրական առանց ավելորդ շեշտադրությունների… Այդպես է աշխատում նաև ֆիլմի ամբողջ թիմը: Ի վերջո մենք իրական կյանք ենք պատկերում և ցուցադրում մարդկանց։ Իսկ հատուկ թարմության կարիք չկա, մեր կյանքում անընդհատ թարմություններ են տեղի ունենում, բառիս լավ և վատ իմաստով:

-Եվ որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիր ինքդ փոխել։

-Այդ հարցը ես ամեն առավոտ տալիս եմ ինքս ինձ։ Շատ բան կցանկանայի փոխել։ Խոսքս երևույթների մասին է… Սակայն դա շատ բարդ է։ Այնուամենայնիվ ես միշտ պայքարել ու պայքարելու եմ երևույթների դեմ, որոնք կործնաման են տանում մարդկությանը։ Գուցե մի օր ինձ հաջողվի ինչ-որ բան փոխել, գոնե իմ ֆիլմերով…

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031