Լրահոս
Օրվա լրահոսը

47 տարի նույն վայրում գործող մանկական գրադարանը կառավարության որոշմամբ տեղափոխվում է

Հուլիս 16,2021 18:11

Երեկ համացանցում տարածվեցին լուսանկարներ, թե ինչպես են անձրեւի տակ տեղափոխում Վանաձորում գործող մանկական գրադարանի գրքերը: Վանաձորցիների շրջանում այս լուսանկարները մեծ դժգոհություն առաջացրեցին եւ դարձավ քննարկման թեմա:

Aravot.am-ը փորձեց պարզել թե ի՞նչ ճակատագիր է սպասվում փոքրիկների սիրելի գրադարանին:

Վանաձորի մանկական գրադարանը, որ 1974 թվականից սկսած իր գործունեությունն էր ծավալում Տիգրան Մեծ 24 հասցեում, կառավարության որոշման համաձայն տեղափոխվում է մեկ այլ վայր: Գրադարանը համարվում է Լոռու մարզային գրադարանի միավոր: Այժմ այն տեղափոխվում է կենտրոնական մասնաշենք. «Այստեղ էլ ոչ մի աշխատողի վնաս չենք տվել, ամենքը մնացել են իրենց սենյակներում, իրենց աթոռների վրա: Խոհանոցն ենք ամբողջությամբ դատարկել՝ մեծ գրապահոց է դարձել եւ դահլիճում ենք տեղավորել: Մնացածը՝ նկուղային հարկում ինչ-որ բաներ ենք սարքել, որ տեղափոխենք այնտեղ: Գրադարանը չի փակվում եւ նույնիսկ այս պրոցեսի մեջ մենք շարունակում ենք սպասարկել մեր ընթերցողներին: Ընդհանրապես մենք միավորվում ենք եւ մեր աշխատանքն ավելի հեշտ է լինելու այստեղ»,- մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը:

Մանկական գրադարանի տարածքն ազատելու ՀՀ կառավարության որոշումն ընդունվել է 2021 թվականի ապրիլի 15-ին, այն ուժի մեջ է մտել որոշման պահից եռամսյա ժամկետում:

Շուրջ 47 տարի նույն վայրում իր ընթերցողին դիմավորող գրադարանի շենքը հանդիսանում է ՀՀ սեփականություն: 199.36 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը կառավարությունը վերցնում է Լոռու մարզային գրադարանից եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի եւ երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Անի Գաբրիելյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031