Լրահոս
Օրվա լրահոսը

Թեմական դպրոցի տարեկան հաշվետվությունը

Հուլիս 21,2021 12:30

Շուշին 1902թ. սեպտեմբերին, Բ մաս

Սեպտեմբերի 1-ից թեմական դպրոցում սկսվել է ուսումնական դասընթացը: Տեսուչ՝ հայր Բենիկը հետզհետե հասարակության ուշադրությունը գրավել է իր օգտակար ու առողջամիտ մանկավարժական գործունեությամբ եւ նկատելի է եղել այն բարեկարգությունը, որը մուտք է գործել դպրոց:

Միաժամանակ բարձրացվել է նաեւ ընտանեկան դաստիարակության հետ կապված մի շարք հուզող խնդիրներ եւ որոնց լուծումները համարվել է անհետաձգելի. «Անուրանալի ճշմարտութիւն է, որ մանուկների մտաւոր եւ բարոյական, մինչեւ իսկ ֆիզիկական կազմակերպութիւնը հիմնուած է ծնողների կամ, աւելի լայն մտքով, ընտանիքի կազմակերպութեան վրայ: Շուշու հայ ընտանիքը, ճշմարիտ է, պարունակում է իւր մէջ քանի մի բարոյական գնահատելի սկզբունքներ, բայց նոյն ընտանիքը խորին տգիտութեան շնորհիւ, պատմական հանգամանքների ազդեցութեան տակ, ներշնչում է որդոց մէջ այնպիսի հասկացութիւններ, որոք թուլացնում են մատաղ սերնդի կանոնաւոր զարգացման գործը: Այն ջանքն ու եռանդը, որ ցոյց է տալիս հայր տեսուչը, անուրանալի է, բայց արդիւնքը ցանկացածից պակաս է: Դրա պատճառը գլխաւորապէս կայանում է աշակերտների ընտանեկան հանգամանքների մէջ: Աշակերտների ստուար մեծամասնութիւնը զուրկ է ընտանեկան խնամքից. դպրոցի եւ ընտանիքի միջեւ չկայ համերաշխութիւն՝ ոչ կրթութեան, ոչ դասերի պատրաստութեան, ոչ ուսման պիտոյքների մատակարարութեան եւ ոչ զարգացուցիչ պարապմունքների նկատմամբ: Ինչ-որ ուսումնարանի նպատակին եւ ձգտումներին հակառակ է՝ այն են տեսնում ու լսում մեր աշակերտներն ընտանեկան շրջանում: Ահա այդպիսի դրութեան մէջ է դրուած մեր մանուկների ընտանեկան դաստիարակութեան գործը, որով շատ դժուար է լինում լիութիւն տալ ուսումնարանական վարչութեան պահանջներին: Այդ ուրախալի երեւոյթ չէ: Ուրեմն մեր թեմական դպրանոցի նպատակն աւելի մեծ է: Ընտանիքի թերութիւնների հետ պէտք է կռուի մեր դպրանոցը եւ պէտք է աշխատէ անհետացնել այն բոլորը, որ այնքան թուլացնում է ուսումնարանի նշանակութիւնն»:

Սեպտեմբերի 29-ին թեմական դպրոցում կայացել է տարեկան հաշվետվության հանդեսը, որի մասին մամուլում գրվել է. «Չնայած անձրևային եղանակին, դահլիճը լի էր երկսեռ հասարակութեամբ: Վերջին 8-10 տարուայ ընթացքում, մենք առաջին անգամ տեսանք այն մեծ հետաքրքրութիւնը, որ դպրանոցը զարթեցրել է և դէպի իրեն գրաւել բաւականին մեծ բազմութիւն: Մենք կարծում ենք, որ հասարակութեան այդ համակրութեան քուէն՝ ամենամեծ վարձատրութիւն է հայր տեսչի անցեալ և ամենավստահելի քաջալերութիւն ապագայ գործունէութեան համար: Հայր տեսչի կարդացած հաշուից երևաց, որ 1901-1902 ուսումնական տարուայ ընթացքում դպրանոցում կային 589 աշակերտ: Սեմինարիական դասընթացն աւարտել են 6 հոգի:

Ուսուցչական խումբը կազմուած է 17 հոգուց, հայր տեսչով հանդերձ, որոնցից 3-ը համալսարանական են, 1-ը ուսած է Կ. Պոլիս, 8-ը Գէորգեան ճեմարանում, 1-ը ուս. սեմինարիայում, 2-ը Ալեք. ինստիտուտում, 2-ը Արցախի թեմ. դպրանոցում: Խմբի պահպանութեան համար գործադրուած է 16,356 ր.: 1901-1902 ուսումնական տարուայ ընթացքում մանկավարժական ժողովը սկսած սեպտեմբերի 4-ից մինչև մայիսի 24-ն ունեցել է 18 նիստ: Ուսումնական տարւայ ընթացքում եղել է 3 գրական դպրոցական հանդէս. այդ հանդէսներին հրաւիրուած են եղել և հասարակութեան զանազան խաւերից: Հայր տեսուչը, ի նկատի ունենալով անօգնական չքաւոր աշակերտների մի բազմութիւն, խնդրել էր ուսուցչական խմբին մի ներկայացում տալ, որին և հասարակութիւնը լիովին վարձատրել է: Եսայի և Անդրէաս Թիւնիբեկեաններն իրենց եղբօր մահուան առթիւ հայր տեսչի խորհրդակցութեամբ նուիրել են դպրանոցին 8 հազար րուբլի, 5 հազարը իբրև դրամագլուխ անձեռնամխելի մնալու, որի տոկոսով մանկավարժական խորհրդի ընտրութեամբ որդեգիրներ պիտի պահուին, իսկ մնացած 3 հազարը պիտի ծախսուի դպրանոցի նորոգումների վրայ Տէր Բենիկ վարդապետի ծրագրով:

Բարերարները որդեգիրներ են պահում դպրանոցում թուով 96 հոգի: 1901-1902 ուսումնական տարուայ ընթացքում աշակերտները թոշակ ստացել են 5477ր. 50կ.: Հայր տեսչի օրով «աղքատախնամ յանձնաժողով» անունով մի կազմակերպութիւն է հիմնուած, որպիտի գանձէր յանուն աղքատ աշակերտների եղած դրամը և ծախսէր աղքատների վրայ կանոնաւոր ելևմտից հաշուեցուցակներով. յանձնաժողովը մուտք ունեցել է 1493ր. 85կ., ելք 566ր. 12կ.: Դպրանոցի բժիշկ Քալանթարեան այցելել է աշակերտներին դպրանոցում շաբաթը երկու անգամ:

Ուսումնական տարուայ ընթացքում 534 հիւանդութեան դէպքեր են եղել: Հիւանդների համար դեղեր են գնուած 32ր. 81կ.: Այդ ծախքը հոգացել է «աղքատաց յանձնաժողովը»: Ուսումնական տարուայ սկզբին դպրանոցի գրադարանն ունեցել է 3562 հայերէն, 1373 ռուսերէն և 18 օտար գրքեր: Տարուայ ընթացքում աւելացել է 114 հայերէն և 122 ռուսերէն գրքեր: Գրադարանից օգտուել են 236 աշակերտներ: Օգտուել են նոյնպէս բարձր դասարանի աշակերտները հայր տեսչի անձնական գրադարանից: Ֆիզիկական կաբինէտը թերևս տասնեակ տարի կը լինի, որ նախանձելի ճոխութիւն չունի, հայր տեսչի առաջարկութեամբ կաբինետի կառավարիչ պ. Ի. Զուրաբեան իրերի նոր ցուցակ է կազմել: Նորին սուրբ օծութիւն Վեհափառ կաթողիկոսը հայր տեսչի բարեխիղճ ծառայութեան համար շնորհել է սուրբ հայրական օրհնութիւն: Լրագի սուղ էջերը մեզ թոյլ չեն տալ երկար կանգ առնել այդ վերին աստիճանի տպաւորիչ հանդիսի մանրամասնութեան վրայ: Իւր տեսչութեան երկրորդ ուսումնական տարին բոլորելով հայր տեսուչն ապացուցեց, որ գործի համար տարիներով փայփայուած համոզմունքներին ծառայելու ձգտումով մոռանում է իւր անձը:… Հանդէսի վերջում բազմութիւնը գոհ սրտով սեղմում էր հայր տեսչի ձեռքը, խոստովանելով, որ դպրանոցի այս 8-10 տարուայ տատանումից յետո, ցանկալի ուղղութեան առաջին զարկ տուողը ինքն հայր տեսուչն է»:

Բենիկ վարդապետ

Հոգեւոր, մշակութային գործիչ Բենիկ վարդապետ Տեր-Դանիելյանը ծնվել է 1864թ. Էջմիածնի գավառի Ղազնաֆար (Արագած) գյուղում Տեր Ղեւոնդ քահանայի ընտանիքում: Նա 1891թ. ավարտել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը եւ զբաղվել է ուսուցչությամբ: 1896թ. սովորել է Նովորոսիյսկի կայսերական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում:

Թղթակցել է բազմաթիվ հանդեսներին: 1918թ. մասնակցել է Ապարանի ճակատամարտին: Խորհրդային իշխանության տարիներին ապրել է Երեւանում: Խմբագրել է «Ազատ եկեղեցի» պարբերականը: Մահացել է 1952թ. հունվարի 21-ին, թաղված է հարազատ գյուղում:

Անդրադառնալով հայր Բենիկին, վերհիշեցի 1910թ. Շուշիից նրա հեռանալը, որը պատկերավոր նկարագրել է Լեւոն Հովսեփյանը: Այդ գեղեցիկ պատումը ցույց է տալիս նրա նկատմամբ հասարակության սերն ու հարգանքը. «Ղազանչեցոց եկեղեցումն եմ. հաւաքուած են երիտասարդներ, ծերեր եւ կանայք: Մի խուլ փսփսոց է լսւում բակում կանգնածների մէջ: Հայր Բենիկը հեռացուած է Շուշուց… այդ տխուր լուրը կայծակի արագութեամբ տարածւում է ժողովրդի բոլոր խաւերի մէջ, այն խաւերի, որոնց սրտերում անմոռանալի յիշատակներ է թողել հայր Բենիկը…

Նոյն օրը Բենիկ հայր-սուրբը Ագուլեաց մայր եկեղեցում իր վերջին պատարագը մատոյց եւ հրաժեշտի քարոզ խօսեց. շատ ազդու եւ սրտառուչ էին նրա խօսքերը. արցունքներ երեւացին ներկայ եղողների աչքերում: Ապրիլի 20-ին ժողովրդի մի ստուար խումբ ճաշով կամենում էր յարգել հայր Բենիկին, բայց Շուշու գաւառապետ Լակատոշի անսպասելի սպանութիւնը խանգարեց ժողովրդի մտադրութիւնը: Նոյն օրը Բենիկ հայր-սուրբը հոգեւորականութեան հետ միասին հազարաւոր ժողովրդի հետ դիմաւորեց Լակատոշի աճիւնին: Միւս օրը գաւառապետի թաղման ներկայ գտնուեցաւ եւ մի գեղեցիկ ռուսերէն դամբանականով մխիթարեց թէ հանգուցեալի այրուն, թէ հաւաքուած մի քանի հազար ժողովրդին:

Միւս օրը հրաժեշտի օրն էր. համակրողների մի խումբ կառքերով մինչեւ Խանի-բաղ ուղեկցեցին հայր Բենիկին: Յուզիչ էր այն տեսարանը, երբ դպրոցական փոքրիկ աշակերտները լալիս էին եւ մի արհեստաւորի անկեղծ սրտից բղխած հետեւեալ խօսքերը՝ «Հայր-սուրբ. ճանապարհդ բարի, բարով գնաս, բարով գաս», զօրեղ ազդեցութիւն թողեցին հայր Բենիկի զգայուն սրտի վրայ: Եւ մեզանից հեռացաւ այն հոգեւոր հովիւը, որ իր գործերով, կենդանի եւ սրտառուչ քարոզներով անջինջ յիշատակ է թողել ժողովրդի սրտում»:

Եսայի Թունիբեկյան

Վերը հիշատակվեցին նաեւ Եսայի եւ Անդրիաս Թունիբեկյանները, որոնք իրենց հանգուցյալ եղբոր՝ Բաբաբէկի հիշատակի համար դպրոցին նվիրել են 8000ռ.: Վերջինս 1892թ. ընտրվել էր եկեղեցական պատգամավոր: Նույն այդ թվականին, երբ մահացել էր նրանց Ամարնան մայրը, ի հիշատակ վերջինիս, երեք եղբայրները թեմական դպրոցին նվիրել էին 200ռ. եւ հանգուցյալի դրամարկղում գտնված իր ձեռագործից հավաքված գումարները բաժանել աղքատներին: Բազմաթիվ են Թունիբեկյանների կատարած բարեգործությունները:

Անդրիաս Թունիբեկյան

1910թ. ապրիլին Բեռլինում ծանր հիվանդությունից հետո մահացել է Անդրիաս բեկը, ով մշտապես ապրել է Թիֆլիսում, որտեղ եւ ուներ մի մեծ հոյակապ տուն Գիբոյեդովսկայա փողոցում: Եսայի բեկը գնալով Բեռլին՝ նրա դիակը տեղափոխել է Թիֆլիս եւ ապրիլի 22-ին Խոջիվանքի գերեզմանոցում կատարվել է հուղարկավորությունը: Հանգուցյալը անզավակ լինելով բավականին խոշոր հարստություն է կտակել կնոջը, այն պայմանով, որ նրա մահից հետո իրենց տունը պետք է անցներ Թիֆլիսի քաղաքային վարչությանը, ամեն տարի տոկոսներից գոյացած գումարը՝ չքավոր հայերին բաշխելու համար:

Թունիբեկյանների ավագ եղբայրը՝ Եսայի բեկը, մահացել է 1915թ. հուլիսի 23-ին Թիֆլիսում: Նա նույնպես իր Թիֆլիսում ունեցած տունը կտակել է քաղաքային վարչությանը՝ չքավոր հարսնացուներին օժիտ տալու համար եւ կտակով 300,000ռ. հատկացրել բարեգործական նպատակներին: Նա կտակում գրել է, որ իր Եղիսաբեթ կնոջ մահից հետո՝ ամբողջ դրամագլխի տերը պետք է լինի Կովկասի Հայոց Բարեգործական եւ Հայուհյաց ընկերությունները, որոնց դրամագլխի տոկոսներով եւ կալվածքների եկամուտներով, պետք է պահվեն Ղարաբաղի եւ Երեւանի թեմերում հայոց եկեղեցական դպրոցներ: Նրա հուղարկավորությունը կատարվել է Խոջիվանքի գերեզմանոցում, եղբոր կողքին:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
20.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031