Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյանը ավելի քան 12,5 մլն դրամ է պարտք պետությանը. Ըստ ՊԵԿ-ի, գործարք է արել ու հարկերից խուսափել

Հուլիս 22,2021 23:03

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը Պետգույքի կառավարման վարչության նախկին պետն էր, հարկերից խուսափելու համար իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Պետեկամուտների կոմիտեն ոստիկանությանն է ուղարկել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված գործ առ այն, որ Արման Սահակյանը հարկային մարմին չի ներկայացրել եկամտահարկի տարեկան հաշվարկը եւ այդ առնչությամբ ՊԵԿ-ի քննչական վարչությունում քննություն է ընթանում:

Լուսանկարում ՊԵԿ-ի՝ 2020-ի հուլիսի 10-ին ընդունած որոշումն է՝ հարկային պարտավորությունները Արման Սահակյանից գանձելու մասին: Ըստ գործին կցված տեղեկանքի, անցյալ տարվա մայիսի 15-ի դրությամբ Արման Սահակյանը չկատարած հարկային պարտավորություն է ունեցել ավելի քան 12,5 մլն դրամի, որից ապառքը 9,8 մլն դրամ է, տույժը՝ 2,7 մլն:

Որոշման մեջ նշվում է, որ Արման Սահակյանը պատշաճ ծանուցվել է, բայց որեւէ անգամ չի եկել ու որեւէ բացատրություն չի տվել պարտքերի հետ կապված:

Իսկ թե ինչպես է Արման Սահակյանը «խուսափել հարկերից», ըստ ՊԵԿ փաստաթղթի, նա նախ անշարժ գույքի ներդրման գործարք է կատարել «Baby’s smile» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում ու նույն  թվականին դադարեցրել է մասնակցությունը կանոնադրական կապիտալում: Ըստ Հարկային օրենսգրքի, եթե իր բաժնեմասը օտարել է, գույքի օտարումից ստացվող եկամուտը պետք է հարկվեր: Այսինքն, այդ գործարքից պետք է 20% եկամտահարկ վճարվեր: Սակայն Արման Սահակյանը 2018-ի եկամտային հարկի տարեկան հաշվարկը չի ներկայացրել ու չի վճարել հարկային պարտավորությունը:

Արդյունքում էլ՝ 12,5 մլն պարտք է կուտակվել՝ տույժերով հանդերձ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ.Գ. Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին հայտնում է 1lurer.am-ը՝ հղում անելով «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակին։

Գլխավոր դատախազությունը Սահակյանին ծանուցել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում Սահակյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Ծանուցագիր է ուղարկվել նաև Սահակյանի կնոջը՝ Սեդա Հակոբյանին՝ տեղեկացմամբ, որ նրա անվամբ հաշվառված գույքը բռնագանձման առարկա է։ Ծանուցման մեջ վիճահարույց գույքի մասին տեղեկություններ չկան։

Արման Սահակյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց՝ ծանուցագիրը ստացել են հուլիսի 21-ին և պատրաստում են պատասխան գրություն. «Հենց այսօր նամակով ստացել ենք ծանուցում ու գրություն ենք ուղարկելու դատախազությանը՝ խնդրելով, որ մեզ էլեկտրոնային տրամադրեն գործի նյութերը, ծանոթանանք ու դիրքորոշում հայտնենք»,- ասաց Խաչատրյանը։ Նա փոխանցեց՝ տեղեկություն չունի, թե Սահակյանին ու նրա կնոջը պատկանող ո՛ր գույքի մասին է խոսքը, սակայն աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ծանոթանալ ուսումնասիրությանը. «Որևէ պատկերացում չունենք՝ ինչի՛ մասին է խոսքը, պիտի ծանոթանանք ուսումնասիրությանը, պատճառաբանություններին ու հետո կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- ասաց փաստաբանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031