Լրահոս
Օրվա լրահոսը

Կշարունակվե՞ն արցախցիների սոցաջակցության ծրագրերը, ինչպե՞ս է լուծվելու նրանց բնակարանի խնդիրը. մանրամասնում են սոցապի պաշտոնյաները

Հուլիս 27,2021 16:12

Ավան համայնքում գտնվող հանրակացարանային շենքում մինչ օրս հյուրընկալում էին արցախցիների, բայց նրանց պահանջ է ներկայացվել դուրս գալ: Ի՞նչ է լինելու այդ արցախցիների ճակատագիրը հարցին՝ այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանն ասաց, որ խնդրին տեղյակ են եւ ներկայումս տարբերակներ են քննարկվում եւ նրանց հարցին լուծում կտրվի:

Արտակ Հարությունյան

Ինչ վերաբերում է Մասիս քաղաքում բնակվող որոշ արցախցիների դժգոհություններին, որոնք դժվարանում են բնակվարձերը վճարել, Արտակ Հարությունյանն ասաց, որ, եթե իրենց դիմում են, ապա յուրաքանչյուր առանձին դեպքին անհատական մոտեցում են ցուցաբերում եւ լուծում գտնում, սակայն, ըստ նրա, համատարած բնույթ չեն կրում նման բողոքները:

Սասուն Սավադյան

ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանի խոսքով, Արցախից տեղահանված բնակիչների 97 տոկոսն օգտվել են սոցիալական աջակցության բոլոր ծրագրերից: Իսկ այն քաղաքացիները, որոնք չեն կարողացել օգտվել, դիմում են օպերատիվ շտաբ ու փաստաթղթերի խնդիրները լուծում ստանալուց հետո լրացուցիչ ցուցակներով ընդգրկվում են ծրագրերում:

Անահիտ Գալստյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի ներկայացմամբ, շարունակվում են արցախցիներին տրամադրվել 68 հազարական դրամները. այդ գումարներին ավելանում է 15 հազար դրամ, եթե անձը ՀՀ-ում չունի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին միանվագ տրամադրվել է 300 հազար դրամ: Ըստ տիկին Գալստյանի, գումարները հատկացվել են ընտանիքի յուրաքանչյուր անդամի. «Եթե ընտանիքը բաղկացած է 5 անձից, այդ ընտանիքը ստացել է 1 միլիոն 500 հազար դրամ գումար»,-ասաց նա: Իսկ այն արցախցիները, որոնց տարածքները չեն անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն վնասվել է նրանց բնակելի տները, գույքը, ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստացել է 250 հազար դրամ:

Այս եւ սոցիալական աջակցության այլ ծրագրերի համար, ըստ Անահիտ Գալստյանի, պետությունից հատկացվել է 49 միլիարդ դրամից մի փոքր ավելի գումար: Զբաղվածության մեկ այլ ծրագրով էլ, որով փոխհատուցվում է գործատուն, 300 անձ արդեն աշխատում է եւ պրակտիկա անցնում՝ 100 հազար դրամ վարձատրության դիմաց:

Նախարարության պաշտոնյաները նշեցին, որ 3 ամիս փոխհատուցվել են արցախցիների սպառած գազի եւ հոսանքի ծախսերը, որի համար պետբյուջեից պահանջվել է 6 միլիարդից ավելի գումար: Արտակ Հարությունյանի խոսքով, 120 շահառուի, որոնք Սյունիքի մարզից են, եւ որոնց գույքը վնասվել է պատերազմական գործողություներից, ընդհանուր առմամբ, փոխհատուցվել է 52 միլիոն դրամ:

Փոխհատուցում են ստացել նաեւ արցախցիներին հյուրընկալող ընտանիքները, իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը:

Հարցին ի պատասխան՝ հյուրընկալության ծրագիրն ավարտվելու դեպքում ի՞նչ է լինելու արցախցիների բնակարանների հարցը, Արտակ Հարությունյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը որոշ ծրագրեր ունի, բայց այս պահին չի կարող հստակ նշել՝ ինչպիսի ծրագրեր են:

Անահիտ Գալստյանն ասաց, որ տնազրկված արցախցիների խնդրի արմատական լուծումը բնակարանով ապահովելն է, ոչ թե դրամային աջակցությունը, ինչի համար Հայաստանի եւ Արցախի կառավարությունները միջոցներ են ձեռնարկում: Ըստ նրա, զբաղվածության եւ հյուրընկալության ծրագրերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ որ կլուծվեն արցախցիների բնակարանային խնդիրները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031