Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հրաժարական ներկայացրել Արթիկի 1-ին փոխհամայնքապետը․ այստեղ փլուզվել է կոալիցիոն իշխանությունը

Հունիս 29,2026 17:43 Share

Արթիկի համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, որի գլխավորած քաղաքական ուժը՝ «Ազատական» կուսակցությունը 4 տարի շարունակ կոալիցիա էր կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ ձևավորելով Արթիկի համայնքային իշխանությունը, հունիսի 24-ին կայացած ավագանու նիստում հրաժարական է ներկայացրել իր պաշտոնից ու հայտարարել իր ուժի՝ կոալիցիոն իշխանությունից դուրս գալու մասին։ Նշենք, որ «Ազատական» կուսակցությունն ունի ընդամենը 3 ձայն, ՔՊ-ն՝ 11-ն։

Թե ո՞րն է եղել պատճառը, Արտակ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ տվել է մեզ հետաքրքրող հարցի պատասխանը։

Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարող Արկադի Թադևոսյանն էլ մեզ հետ զրույցում ներկայացրեց նրա հայտարարության տեքստը, որից ակնհայտ է դառնում, որ Արտակ Հարությունյանը դժգոհ է կադրային քաղաքականությունից։

«Հիմք ընդունելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ի Արթիկ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում ավագանիում մեծամասնություն ձևավորելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցության միջև 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված համագործակցության հուշագրի դրույթները՝ հայտնում եմ, որ սույն թվականի հունիսի 23-ին կայացած «Ազատական» կուսակցության ավագանու խմբակցության նիստում, հուշագրի 3-րդ կետի շուրջ քննարկման արդյունքում հրաժարվում եմ Արթիկի խոշորացված համայնքի առաջին տեղակալի պաշտոնից՝ հաշվի առնելով համաձայնեցված կադրային քաղաքականության և հաշվետվողականության շուրջ առկա կողմերի միջև տեսակետների տարբերությունը»,-գրված է հայտարարության տեքստում։

Մեր հարցին՝ կոալիցիոն կառավարումից հրաժարվելու դեպքում կառավարման ճգնաժամ չի ստեղծվի՞ Արթիկում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ոչ մի ձևի, ամեն ինչ նորմալ է, բնականոն հունով գնում է»։

Պաշտոնական հայտարարությունից դուրս՝ շրջանառվում է այն վարկածը, որ Արտակ Հարությունյանի գլխավորած ուժը ԱԺ ընտրություններում որոշակի չափով սատարել է ընդդիմադիրներին ու ստեղծվել է ՔՊ-ական իշխանության հետ համատեղ աշխատելու անհնարինություն։

Ինչևէ, Արթիկը առաջիկայում նոր փոխհամայնքապետ կընտրի, համայնքապետի առաջին տեղակալը պիտի լինի ավագանու անդամ, որը ընտրվելու է ավագանու կողմից, իսկ դեկտեմբերին այս համայնքը պատրաստվում է նոր ՏԻՄ ընտրությունների։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արտակ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել