Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեձորցի 16-ամյա Նարեկը հաստատ մայրաքաղաքում չի մնա

Օգոստոս 07,2021 11:50

Այգեեձորցի 16-ամյա Նարեկ Ղազարյանի ամառային առօրյան խիստ հագեցած է լինում։ Լուսադեմին է արթնանում՝ ժամը 4-5-ին, որպեսզի հասցնի պապիկի հետ մինչեւ արեւի դուրս գալը այգիները ջրի։ «Այգեձոր՝ անունն արդեն ասում է, այգիները շատ են գյուղում։ Մենք էլ շատ այգի ունենք՝ թզի, հոնի, արքայանարինջի»,–ասում է Նարեկը։ Այգիներում գործը ավարտելուց  հետո խանութում՝ մորն է օգնում։ Պապի, տատի, մոր ու 9-րդ դասարանցի քրոջ հետ է ապրում։

«Գյուղում գործը չի վերջանում, ինչքան էլ անես, ինչքան էլ բաժանես ժամերի, մեկ է՝ թվում է անսպառ գործ կա։ Բայց դե չեմ դժգոհում, տղամարդ եմ, պիտի ամեն ինչ կարողանամ հասցնեմ»,–ասում է Նարեկը։ Տավուշի մարզի Այգեձոր գյուղը սահմանամերձ է։  Այս օրերին անհանգստացած է մարզի սահմանային  գյուղերով։ «Լրահոսն եմ կարդում, չգիտեմ՝ որին հավատամ, գրում են՝ անկլավների պայքար է, գյուղեր են հանձնելու։ Պաշտպանության նախարարությունը հերքում է, հետո նորից հակադարձում են նույն կայքերի աղբյուրները»,–ասում է Նարեկը։ Երեւանի «Գլաձոր» քոլեջի ուսանող է, բանկային գործ է սովորում։ «Երկրորդ մասնագիտությունս լրագրությունն եմ ընտրելու։ Գիտեմ, ասում են վտանգավոր գործ է, բայց կարծում եմ հետաքրքիր մասնագիտություն է»,–ասում է Նարեկ Ղազարյանը։ Ստեղծագործական ձիրք ունի, տարիներ առաջ մարզային պարբերաթերթում հոդված է տպագրել իրենց գյուղի մասին։

Ցանկացած պարագայում՝ մայրաքաղաքում չի աշխատելու, հայրենի մարզ է վերադառնալու։ «Բոլորս մարզերից փախնենք մայրաքաղաք, բա ո՞վ է պահելու մեր հողը, մեր սահմանը»,–ասում է 16-ամյա ուսանողը։ Չնայած գյուղական առօրյայի ծանրաբեռնվածությանը՝ հասցնում է ազատ ժամանակ գիրք կարդալ։ Խոստովանում է՝ անցած տարի լավ չի սովորել։ «Պատերազմ, կորոնա, առցանց դասեր, մի քիչ առաջադիմությունս էն չէր։ Այս տարի պիտի շատ լավ սովորեմ, որ անցած տարվա պակասն էլ լրացնեմ։ Ի վերջո, նաև վճարում եմ ու էդ գումարը հեշտ չի ստեղծվում»,–եզրահանգման է գալիս ապագա բանկիրը։

Ինքն իրեն՝ բարի, անկեղծ եւ «ինչ-որ  մի  տեղ էլ  լուրջ անձնավորություն» է համարում։ «Անկեղծ՝ չեմ սիրում լուրջ մարդկանց: Մեծամիտ չեմ, խորհուրդներ չեմ սիրում տալ, եթե չեն դիմում ինձ։ Տարիքային առանձնահատկություններից ելնելով  նույնիսկ կռվարար չեմ»,–ասում է այգեձորցի Նարեկ Ղազարյանը։

Հասցնում է սպորտով զբաղվել․ասում է՝ պիտի ուժեղ լինել։ «Առողջ պիտի լինենք, բանակում պիտի ծառայեմ, պարտք ունեմ հայրենիքիս առաջ»,–ասում է Նարեկը։

Լուսանկարները` Նարեկ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031