Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Հայաստանին անհրաժեշտ ներքին երկխոսություն

Օգոստոս 25,2021 14:30

Երկու խոսք՝ ի պաշտպանություն դասական ազատական արժեքների

21-րդ դարի երրորդ տասնամյակում ազատական գաղափարները հիմնովին վարկաբեկված են: Ի տարբերություն այլ ազատականների՝ չեմ կարծում, որ դա բացատրվում է միայն նրանով, որ ինչ-ինչ «կարմրա-դարչնագույն», «հակաարեւմտյան» կամ «հետադիմական» ուժեր այն վարկաբեկում էին: Դա նաեւ օբյեկտիվ գործընթաց է, որն սկսվել է առնվազն 1990-ականների սկզբից, երբ մի կողմից մենք՝ «հետխորհրդային» մարդիկ, հավատում էինք, որ «արեւմտյան արժեքները», տեխնոլոգիաները, ժողովրդավարության նորմերը ներմուծելով, մենք վաղ թե ուշ կդառնանք ԱՄՆ, Ֆրանսիա կամ Գերմանիա: Մյուս կողմից նաեւ իրենք՝ «արեւմտյան» մարդիկ, կարծում էին կամ փորձում էին մեզ համոզել, որ այդ՝ «ճիշտ ուղղությամբ» գնալով, մենք, ի վերջո, «կհասնենք Արեւմուտքին»: Հիմա արդեն պարզ է, որ այդ նախագիծը տապալվել է, եւ ժամանակն է անկեղծորեն խոստովանել, որ մարդկանց բարեկեցության, ինչպես նաեւ մի շարք այլ չափանիշներով մենք ԵՐԲԵՔ  Գերմանիա չենք դառնա: Այսպիսով, 90-ականներին տապալվեց ոչ միայն կոմունիզմը, այլեւ՝ այն իբր «ամոքող» ազատականությունը:

Քանի որ Հայաստանում բոլոր նախագծերը, այսպես թե այնպես, կապված էին Արցախի, դրա կարգավիճակի եւ դրա շուրջ կարգավորման հետ, ապա կարելի է ասել, որ 1998 թվականին ազատականությունը ձախողվել է նաեւ այդ տեսանկյունից: Ողջունելով այդ տարվա փետրվարին տեղի ունեցած պալատական հեղաշրջումը՝ մեր քաղաքացիների մեծամասնությունն իր համոզմունքը հայտնեց, որ ոչ միայն մենք երբեք Գերմանիա չենք դառնա, այլեւ մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ երբեք նման չեն լինի ժամանակակից Գերմանիայի եւ Ֆրանսիայի հարաբերություններին, որոնք երկար դարեր իրար կոտորել են, բայց հիմա նորմալ հարեւաններ են: Մեծամասնությունը ցանկացավ իրականացնել ազգայնական (դաշնակցական) նախագիծը, որը, սակայն, նույնպես տապալվեց: Եվ վերջնական տապալումը տեղի ունեցով ոչ թե 2020-ի նոյեմբերի 9-ին (պարտություններ բոլոր պետությունների պատմության մեջ լինում են), այլ 2021-ի հունիսի 20-ին, երբ ընտրողների մեծամասնությունն իր, մեղմ ասած, սառը վերաբերմունքն արտահայտեց Արցախյան խնդրի հանդեպ: Թե ինչ են ուզում մեր քաղաքացիները՝ դեռ պետք է պարզել: Եթե ասվում է, «ուզում են, որ կոռուպցիա չլինի, եւ ուզում են լավ ապրել», ապա այդ բացատրությունն ինձ բավարար չի թվում. դա չի կարող լինել պետության գերնպատակը:

Բայց ինչպե՞ս իմանալ, թե ինչ են ուզում մեր քաղաքացիները՝  դա կարելի է հասկանալ երկխոսության միջոցով: Այստեղ մեզ օգնության են գալիս… ազատականները: Բայց ոչ թե Ռեյգանի կամ Թետչերի նման լիբերալները, որոնք, օրինակ, արդարացնում էին Պինոչետի շրջանի գազանությունները՝ ինչ է, թե գեներալը, Միլտոն Ֆրիդմանի դեղատոմսերով, իրականացնում էր ազատական բարեփոխումներ եւ իբր դրանով «փրկում էր Չիլին»: Ոչ էլ այդ հոսանքի ժամանակակից կողմնակիցները, որոնք ծայրահեղացրել են «պոլիտկոռեկտությունը» եւ այն դարձրել են «կոմերիտական երդման» նման մի բան՝ ցանկացած շեղման դեպքում քեզ ռասիստի, նացիստի կամ սեքսիստի պիտակ են կպցնում: Ազատականության հարցում մեզ կարող են օգնել այդ գաղափարական հոսանքի դասական ներկայացուցիչները, մասնավորապես, 17-րդ դարի անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը:

Նրա հիմնական գաղափարն այն է, որ ոչ մի իշխանություն չի կարող ներկայացնել ամբողջ ժողովուրդը՝ այն, ինչի հետ համաձայն չեն բոլոր երկրներում ավտոկրատիայի կողմնակիցները, մասնավորապես, Հայաստանի ներկա իշխանությունները եւ նրանց քարոզիչները: Նրանք ասում են. «Եթե իշխանությունն ընտրվել է ժողովրդի կողմից, ուրեմն վերջ՝ այն պատկանում է ժողովրդին, եւ այն հակաժողովրդավարական քայլերը, որոնք մենք իրականացնում ենք, արդեն իսկ իրականում ստացել են ժողովրդի մանդատը»:

Ազատականները (նկատի ունեմ իսկական, դասական ազատականներին) ասում են՝ ոչ, նման բան հնարավոր չէ՝ ընտրությունների արդյունքները չեն կարող արդարացում դառնալ ավտորիտար համակարգի համար, եւ, հետեւաբար, հասարակության բոլոր անդամների միջեւ պետք է մշտապես երկխոսություն տեղի ունենա: Ո՞րն է այդ երկխոսության հարթակը: Նախեւառաջ, իհարկե, խորհրդարանը: Բայց՝ ոչ միայն. 20-21-րդ դարում նման հարթակներ պետք է լինեն քաղաքացիական հասարակության ինստիտուտները, լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը: Հատկապես վերջիններիս վերաբերյալ խիստ կասկածում եմ, որ դրանք իրապես երկխոսության հարթակներ են, համենայնդեպս Հայաստանում: Բանավեճի ժամանակ ճշմարտություն է ծնվում միայն այն ժամանակ, երբ դրա բոլոր կողմերը դա ցանկանում են, իսկ երբ կողմերից գոնե մեկը ոչ թե ճշմարտություն է փնտրում, այլ ցանկանում է որեւէ մեկին «զգետնել» եւ «ջախջախել», որեւէ երկխոսություն անիմաստ է, իսկ հաճախ նաեւ՝ վնասակար:

Կա եւս մի նախապայման. երկխոսությունը կայանում է միայն այն դեպքում, երբ իշխանությունը չի խոսում ավտորիտար լեզվով: Նման լեզուն ունի  բազմաթիվ դրսեւորումներ, եւ դրանցից ամենակարեւորն է ներքին թշնամիների անվերջանալի փնտրտուքը: Մի բնորոշ օրինակ. ըստ մեր խորհրդարանի իշխանական պատգամավորներից մեկի (ի դեպ՝ նախկին լրագրողի), «կան լրագրողներ, որոնք գործուղվում են ԱԺ՝ միջադեպեր հրահրելու, տեղեկությունները երկրից դուրս տանելու համար»: Դա ոչ այլ ինչ է, քան երկխոսության մերժում, որովհետեւ, եթե լրագրողները գալիս են խորհրդարան՝ լրտեսությամբ զբաղվելու (այսինքն՝ ենթադրաբար, քրեական հանցագործություն կատարելու) համար, ապա լրատվամիջոցները չեն կարող լինել երկխոսության հարթակ:

Եթե, ըստ իշխանությունների, կան «ներքին թշնամիներ», «հինգերորդ շարասյուն», «նախորդ հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչներ, ապա, ըստ ավտորիտար տրամաբանության, պետք է լինի Առաջնորդ, Հերոս, Փրկիչ, որը ղեկավարում է այդ «մութ ուժերի» դեմ պայքարը: Դուք գիտե՞ք նրա անունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . այն կերպով, այն ձեւով ու այն միջոցներով որ այս վարչակարգը գոյացաւ, ապա վերարտադրուեցաւ, ԱՆՀՆԱՐ ԵՒ ԱՆԿԱՐԵԼԻ դարձուցին որեւէ միասնականութիւն, որեւէ համախմբում, որեւէ տարրական, բնական ներազգային երկխօսութիւն.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031