Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրձնահարվածներ»՝ Խորենյանների թեմայով

Օգոստոս 26,2021 13:00

ՀՀ նկարիչների միությունում օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը կգործի Սուրեն Խորենյանի աշխատանքների անհատական ցուցադրությունը։ Ճանաչված գեղանկարիչը վերջին անգամ աշխատանքների անհատական ցուցադրությամբ Երեւանում հանդես է եկել ուղիղ տասը տարի առաջ։ Ընդ որում, այս ցուցահանդեսը նվիրված է գեղանկարչի 70-ամյա հոբելյանին։

«Առավոտը» որոշեց «վրձնահարվածներով» անդրադառնալ արվեստագետների Խորենյան ընտանիքին։ Ընտանիքի մայրը ճանաչված ու սիրված երգչուհի Ֆլորա Խորենյանն է։ Հոր՝ գեղանկարիչ Վահան Խորենյանի անունը վաղուց ծանոթ է աշխարհին։

Ասում են՝ դեռեւս ուսանողական տարիներին նրա ընկերներից շատերը, դարձյալ անվանի նկարիչներ՝ Ռուդոլֆ Խաչատրյանը, Ռուբեն Ադալյանը, Սարգիս Մուրադյանն ու մյուսները, վարակվել են Վահանի աշխատանքներով՝ պարզապես մեկ հայացք ձգելով նրա կտավներին, «լիցքավորվել» են եւ անմիջապես գնացել ու անցել գործի։ Նշենք, որ այս տարի ամուսինները կդառնային 93 տարեկան, բայց Ֆլորա Խորենյանն արդեն 21 տարի, իսկ Վահան Խորենյանը 18 տարի ապրում են երկնային կյանքով։

Ժամանակին մեզ հետ զրույցում Ֆլորա Խորենյանն ասել է. «Ընտանիքս սիրում է կյանքը, սիրում ամեն ինչ, բոլորին եւ, իհարկե, ամեն վայրկյան զգում ենք Բարձրյալի ուժը»։ Երգչուհու ասածը տարիներ անց հաստատում են այս ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի ստեղծածը, որը կարելի է վերնագրել մեկ բառով, ավելի ճիշտ՝ երկու. «Միայն սեր»։ Ամուսինները ծանոթացել են Թբիլիսիում. Վահանը սովորում էր նկարչական ուսումնարանում, Ֆլորան՝ երաժշտական։ Հիշեցնենք, որ Ֆլորա Խորենյանի օրիորդական ազգանունը Վելիչենկո էր, ազգությամբ ուկրաինուհի, ծնվել է Խերսոն քաղաքում։ Մինչ այսօր էլ լսելով երգչուհու ձայնագրությունները, զարմանալ կարելի է, թե ուկրաինուհու շուրթերով ինչպես էր այդքան զուլալ, պարզ ու մաքուր հնչում հայկական երգը։ Այսօր էլ քչերին է հայտնի այն փաստը, որ երգչուհին նաեւ նկարում էր, ինչի մասին նա երբեւէ չի բարձրաձայնել։ Երաժշտասերների եւ արվեստասերների ավագ սերունդը առիթի դեպքում հիշում է մեր օպերային թատրոնում Օլգայի եւ Դայակի նրա դերերգերը «Եվգենի Օնեգին»-ում, Զիբելինը՝ «Ֆաուստ»-ում եւ այլն։ Իսկ ռոմանսների հիանալի կատարումներն այլ ստեղծագործությունների թվում տեղ են գտել Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում եւ մի շարք CD-ներում։ Ֆլորա Խորենյանը հիշում էր, որ ռոմանսներից առաջինը Ռոմանոս Մելիքյանի «Վարդն» էր, որ սովորել էր մինչեւ հայերենին ծանոթանալը։ Իսկ հետագայում նա շփվում էր միայն գրական հայերենով։

Տիկին Խորենյանը մեզ պատմել է, որ բեմը հարազատ տուն էր Վելիչենկո ընտանիքի համար. «Մեր ընտանիքն ապրում էր թատրոնի վերին հարկում, իսկ բնակարանի պատշգամբը, առանց չափազանցության, կախված էր ուղիղ բեմի վրա։ Տատիկս թատրոնի դերասանուհի էր, հայրս էլ՝ նկարիչ-ձեւավորող…»։ Եվ քանի որ երգչուհին նախընտրում էր խոսել ավելի շատ ոչ թե իր, այլ ամուսնու եւ որդու արվեստի մասին, հիշում ենք նրա խոսքը ամուսնու մասին։ «Վահանը զարմանալի մարդ է, արվեստագետ։ Նա սիրում է նույնիսկ տխրությունը, բայց բառերով դժվար է ներկայացնել նրա սերը ոչ միայն արվեստի, այլեւ ընդհանրապես մարդկանց ու կյանքի հանդեպ։ Աշխատում է մեծ եռանդով, ժպտում, ունենում ծիծաղի պոռթկումներ, նաեւ զարմանում… Ի՞նչ լավ գործ, եթե մարդուն զանազան ապրումներ ներշնչելուց բացի, նաեւ չզարմացնես։ Իսկ նրա աշխատանքները վաղուց զարմացրել եւ շարունակում են զարմացնել։ Եվ դա, իմ կարծիքով, արդյունք է երկու հավասարազոր հատկության, երկուսն էլ բնատուր, որոնցով, բնականաբար, օժտված են միայն տաղանդավորները։ Առաջինը սերն է, մտքում նոր գործը կառուցելու վարպետությունը։ Երկրորդը՝ այդ ամենը մարմնավորելու կարողությունը։ Մի կարեւոր հանգամանք էլ կա. նա երկար չի սպասում, նրա նյութը պատրաստ է, իր կողքին, շրջապատում՝ մարդիկ, որոնք նրա մտերիմներն են։ Ահա թե ինչու Վահանի կտավները՝ գեղանկար, թե դիմանկար, ներծծված են իրական գույներով, անկեղծությամբ, հարազատի վերաբերմունքով…»,- ասել էր երգչուհին։

Խորենյան ընտանիքին մոտ կանգնած արվեստագետները մեզ հետ զրույցում հավաստիացրել են, որ այդ ընտանիքում ի սկզբանե թագավորել եւ իշխել է երաժշտությունը, հավելելով, որ այդ կարծիքին գուցե չհամաձայնի Վահան Խորենյանը, բայց դա իրականություն է։ Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը հավաստիացնում է. «Պատկերացրեք ընտանիք, հայ ընտանիք, ուր տան թագուհին անընդհատ՝ խոհանոցում, թե ռոյալի մոտ կամ պարզապես որեւէ գործ անելիս երգում է, ավելին՝ կատարում, մատուցում պրոֆեսիոնալին հատուկ գերազանց նրբազգացողությամբ, յուրաքանչյուր ստեղծագործության մեկնաբանման ճշմարիտ ու անկեղծ եղանակով։ Ֆլորային ունկնդրելիս անհասի խորհուրդը մեղեդու վերերկրային ծավալումներում առնում է չափազանց մարդկային կերպարանք՝ լույսին եւ ճշմարտությանը հաղորդակցվելու կարիք։ Ձգվում ու ելեւէջվում է յուրաքանչյուր բառը անսահման գեղեցկությամբ, իսկ մեղեդին հիանալի տեմբրի շնորհիվ կանչում է հոգեւոր ինքնաստուգման եւ մղում կատարյալի որոնման։ Մի բացարձակ ճշմարտություն կա. արվեստը շատացնում է Աստծո տված գեղեցիկը, քարին աչքեր է պարգեւում՝ որ նայի մեզ, ջութակին՝ ձայն, որ լսելի դառնա ներսի լռությունը, բեմում վերստեղծում է մարդու ապրած կյանքը, որ նա տեսնի իր վերելքները եւ, ինչու ոչ՝ անկումները։ Իսկ սա գիտակցելով, Խորենյան ամուսիններն այդ ամենը սերմանել են իրենց որդու՝ Սուրենի մեջ…»։

Սուրեն Խորենյանի ստեղծագործական ծավալուն կենսագրությունը հասկանալի պատճառով հնարավոր չէ ներկայացնել մեկ հոդվածում։ Եթե չենք սխալվում՝ արտասահմանում նրա առաջին անհատական ցուցահանդեսը Լոս Անջելեսում էր, 1976թ., 78-ին՝ Չեխոսլովակիայում…
Մինչ երեւանյան կայանալիք անհատական ցուցահանդեսի բացումը եղանք ցուցասրահում, ուր արդեն իրենց տեղն էին գտնում գեղանկարչի աշխատանքները։ Իսկապես զարմանալի ներդաշնակ մթնոլորտ էր տիրում չորս պատերի ներսում, ուր համերաշխ «հնչում» են գեղանկարչի դիմանկարներն ու նատյուրմորտները, բնանկարները… Թեեւ չհանդիպեցինք հոբելյարի հետ, բայց համոզված ենք, որ այցելուներն էլ, մեզ նման, կզգան Սուրեն Խորենյանի կտավներից ճառագող լույսը՝ բնության եւ Աստծո գերագույն պարգեւներից մեկը, ինչը, անկասկած, ժառանգել է տաղանդավոր ծնողներից։

Ի դեպ, ականջալուր լինելով ցուցասրահի աշխատակիցների խոսքին, տեղեկացանք, որ Սուրեն Խորենյանի որդին՝ գեղանկարիչ, դիզայներ Վահան Խորենյանը, հիանալի կարիերա է անում Սանկտ Պետերբուրգում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Սուրեն Խորենյանի կտավները՝ «Ֆլորա Խորենյան», «Վահան Խորենյան», «Սուրեն Խորենյան»

«Առավոտ» օրաթերթ
25.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031