Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ ընտրապայքար Սյունիքում․ Գորիսի ավագանու ընտրություններին 8 թեկնածուով մասնակցելու է նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը

Սեպտեմբեր 12,2021 18:00

Կիրակի՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 18։00-ին  լրացավ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տաթեւ, Տեղ համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու անդամների ընտրություններին  մասնակցող կուսակցությունների եւ  կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների  եւ այլ փաստաթղթերի՝ տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը։

Մեղրի համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին մասնակցելու է 4 քաղաքական ուժ։ Առաջինը  թիվ 35 ՏԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրեց Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունը։ Ցուցակում 19 թեկնածու է, իսկ այն գլխավորում է Խաչատուր Անդրեասյանը։

Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետության» ցուցակը գլխավորում է Հայաստանի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի  նախկին պաշտոնակատար Բագրատ Զաքարյանը։

Ցուցակում ընդգրկված է  19 թեկնածու։ Ի դեպ, Զաքարյանն աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 10-ին։ Տարածքային ընտրական հանձնաժողովի միջանցքում մրցակից թեկնածուները՝ Խաչատուր Անդրեասյանն ու Բագրատ Զաքարյանը հանդիպեցին իրար։ Նրանք չմերժեցին Aravot.am–ի առաջարկը  ակտիվ քարոզարշավից առաջ միասին լուսանկարվել։

Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» կուսակցության Մեղրի համայնքի ավագանու ընտրացուցակի առաջին համարը՝  ՎՏԲ-Հայաստանի Մեղրու մասնաճյուղի հաճախորդների սպասարկման մենեջեր Արմեն Հայրապետյանն է: Ցուցակում 19 թեկնածու է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը։ Իշխող կուսակցության ավագանու անդամների թեկնածուների թիվը 45-ն է։

Ի դեպ, Մեղրի համայնքում ավագանին բաղկացած կլինի 15 անդամից՝ նախկին 11-ի փոխարեն։

Թեժ պայքար է սպասվում  Գորիս համայնքում։ Ինչպես տեղեկացրին թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովից, ավագանու հերթական ընտրություններին այստեղ մասնակցելու է համայնքի կալանավորված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Նա գլխավորելու է «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցություններից կազմված «Առուշանյան» դաշինքը։ Դաշինքում 50 թեկնածու է։

ՀԱԿ համամասնական ցուցակում 35 թեկնածու է, այն գլխավորում է Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  35 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում Վլադիմիր Աբունցն է։ Նա Ագարակի մաքսակետի նախկին տնօրենն է եղել, ներկայումս չի աշխատում։

Գորիսի ավագանու ընտրություններին մասնակցելու է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 73-ամյա Ալվարդ Իսախանյանի գլխավորությամբ։ Վերջինս ֆրանսերենի ուսուցչուհի է աշխատել, այժմ թոշակառու է։ Ի դեպ, կոմունիստ թեկնածուների ցուցակում ավագանու 8 անդամ են, 8-ն էլ՝ թոշակառու։

Գորիս համայնքը կունենա 21 ավագանու անդամ՝ նախկին 15–ի փոխարեն։

Տաթեւի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանը։ Շահեն Հարությունյանի «Շանթ դաշինք» կուսակցությունը նույնպես մասնակցելու է Տաթեւի ավագանու ընտրություններին։ Ցուցակը գլխավորում է Սամվել Լալայանը։ «Ապրելու երկիր» կուսակցության Տաթեւ համայնքի ավագանու ցուցակը գլխավորելու է Մարատ Գերասիմյանը, որը  Տաթեւի նախկին համայնքի ղեկավարի տեղակալն էր։

Տեղ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու է մեկ կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ընտրական ցուցակը գլխավորում է անհատ ձեռնարկատեր, մասնագիտությամբ իրավաբան Դավիթ Ղուլունցը։  ՔՊ-ի հետ Տեղ համայնքում պայքարելու է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Ընտրական ցուցակը գլխավորելու է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

Նշենք, որ Տաթեւ ու Տեղ համայնքները կունենան 15 ավագանու անդամ՝ նախկին 11-ի փոխարեն։

Թեկնածուների գրանցումը նախատեսված է մինչեւ սեպտեմբերի 17-ը, իսկ քարոզարշավը կսկսի սեպտեմբերի 21-ից։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930