Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնում ենք թուրքական ժխտողականության բոլոր դրսեւորումները՝ ատելության եւ բռնության թիրախավորում հայերի նկատմամբ. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 23,2021 11:12

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թուրքական ժխտողականությունը քաղաքական պրակտիկաների եւ տեքստերի նոր դրսեւորումներ, նաեւ նոր մեխանիզմներ ունեցավ։ «Դա երեւաց թե՛ թուրքական ու ադրբեջանական պաշտոնատար անձանց հայտարարություններում, թե՛ Հայոց ցեղասպանության հիշողության դեմ ուղղված կոնկրետ գործողություններում։ Մասնավորապես՝ մի կողմից, թիրախ ունենալով հուշարձաններն ու հայկականության հետ կապված հիշողության վայրերը, մյուս կողմից՝ փառաբանվում էին ցեղասպանության ոճրագործները՝ հանցագործ Էնվեր, Թալեաթ, Նուրի փաշաներն ու մյուսները»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը՝ հավելելով, որ նոր դերակատարներ ի հայտ եկան ոչ միայն հանձինս թուրքական եւ ադրբեջանական պաշտոնատար անձանց, այլեւ նրանց հովանավորությունը վայելող «Գորշ գայլեր» կազմակերպության եւ Սիրիայի թուրքամետ խմբավորումների։

Արսեն Հակոբյանի եւ Իտալիայի Մեսսինայի համալսարանի հնագույն եւ ժամանակակից քաղաքակրթությունների բաժնի մշակութային մարդաբանության եւ ազգաբանության դոցենտ Մարչելո Մոլիկայի «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը եւ թուրքական ժխտողականությունը տարածք եւ անդրազգայնություն» համատեղ աշխատանքն անդրադառնում է պատերազմին եւ դրա համատեքստում թուրքական ժխտողականության դրսեւորումներին։ Իրականացրած ուսումնասիրությունը վկայում է, որ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ժխտողականությունը ոչ թե ինքնաբուխ կամ իներցիայով եկած երեւույթ էր, այլ ուներ իր հստակ տրամաբանությունը։ «Վերլուծելով քաղաքական եւ սոցիալական պրակտիկաները, որոնք ի հայտ եկան պատերազմի ժամանակ, ըստ էության պարզ է դառնում, որ այս պատերազմը ոչ միայն Արցախի դեմ էր, այլեւ պատերազմ էր ընկալվում եւ այդպիսին դարձավ հայերի դեմ»,- ընդգծեց զրուցակիցս։ Փաստացի ժխտողականությունն արցախյան վերջին պատերազմի գաղափարախոսական մասերից մեկն էր։

Անդրազգային (տրանսնացիոնալ) չափումներում արցախյան երկրորդ պատերազմը հետազոտողները դիտարկում են սիրիական հակամարտության հետ՝ ճիշտ չհամարելով դրանց տարանջատումը, քանի որ երկու դեպքում էլ տրանսնացիոնալ երեւույթները տեղափոխվում մի տարածաշրջանից մյուսը՝ ի դեմս ահաբեկիչ զինյալների։ «Դա օգնության արտահանում էր հյուսիսային Սիրիայից դեպի արցախյան ճակատ, որի առաջին նշանները եղել են մինչեւ պատերազմը, այն է՝ 2020 թ. հուլիսյան դեպքերը, երբ քրդական, ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ հյուսիսային Սիրիայում տեղի է ունենում զինյալների հավաքագրում՝ ադրբեջանական հակամարտության գոտի ուղարկելու համար»,- նշեց ազգագրագետը։ Հյուսիսային Սիրիայից զինյալների տեղափոխումը հակամարտության գոտի եւ մասնակցությունը պատերազմին կապված չէր միայն գումարի հետ, ներգրավված թուրքմենական խմբավորումները գաղափարապես մոտիվացված էին, այսինքն՝ պանթուրքական գաղափարախոսության հետեւորդներն էին։ Ի դեպ, այդ զինյալ խմբավորումները կրում են օսմանյան սուլթանների անունները, ինչպես օրինակ՝ Աբդուլ Համիդ եւ այլն։ Եվ հենց այդ մասսան էլ տեղափոխվեց Արցախ կռվելու հայերի դեմ։

«Դա Հայոց ցեղասպանության ժամանակների պրակտիկան էր, երբ ոչ յուրային խմբերը, տվյալ դեպքում՝ այս խմբավորումները, օգտագործվում էին հայերի դեմ։ Նույն ձեռագրի արտահայտությունն էր այն, երբ պատերազմից հետո լրատվամիջոցները գրեցին այդ մարդկանց իրենց ընտանիքներով ՀՀ-ին եւ Իրանին սահմանակից Արցախի տարածքներում բնակեցնելու թուրքական եւ ադրբեջանական մտայնությունների մասին։ Ցեղասպանության տարիներին էլ հայկական լքված գյուղերն անմիջապես բնակեցնում էին մուհաջիրներով։ Ճի՛շտ է՝ արտաքին ուժերի ստվերային ազդեցությամբ այս գործընթացը կարծես թե կանգ առավ, բայց կան տեղեկություններ, որ այդ խմբավորումների անդամները ներգրավված են Ադրբեջանի սահմանապահ ծառայության մեջ»,- մանրամասնեց Հակոբյանը։ Ինչպես 100 տարի առաջ Արեւմտյան Հայաստանում, այդ պրակտիկան ներկայումս օգտագործվում է Արցախի ժողովրդագրական պատկերը փոխելու համար։ Նման փորձ Թուրքիան կիրառել է նաեւ հյուսիսային Սիրիայում, որտեղ բռնազավթած տարածքները թուրքացվում էին թե կրթական, թե էթնիկ ինժիներիայի միջոցով։

Թուրքական ժխտողականությունը դրսեւորվում է նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հռետորաբանության մեջ, երբ նա Բաքվում զինվորական շքերթի ժամանակ ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության ոճրագործներին հերոսացնող ճառով։ Փառաբանումից Էրդողանն անցում կատարեց արդեն մշակութային ցեղասպանության, երբ թուրք-ադրբեջանական զինավարժությունների նախօրյակին մզկիթի վերածված Կարսի Առաքելոց վանքի պատկերով ուղերձ հղեց մուսուլմաններին՝ հրավիրելով ուրբաթ օրը կատարելու համապատասխան արարողություն։ «Այսպիսով՝ տեսնում ենք ժխտողականության բոլոր դրսեւորումները՝ ատելության եւ բռնության թիրախավորում հայերի նկատմամբ, սիմվոլիզմի թուրքիֆիկացում, ծայրահեղական ուժերի ներգրավում՝ հանձինս «Գորշ գայլերի» եւ հյուսիսային Սիրիայի թրքամետ խմբավորումների եւ, վերջապես, մշակութային ցեղասպանության կամ դրա սիմվոլիկ փառաբանում Կարսի՝ մզկիթի վերածված Առաքելոց վանքի օրինակով»,- ամփոփեց ազգագրագետը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930