Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակին

Սեպտեմբեր 27,2021 21:21

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ սանձազերծած 44-օրյա պատերազմի առիթով սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերում հարգանքի եւ հիշատակի տուրք մատուցվեց հերոս հայորդիների հիշատակին։ Ծաղկեդրման եւ մոմովառության արարողություններ տեղի ունեցան թեմական եկեղեցիներում, հայրենյաց պաշտպանների հիշատակը հավերժացնող հուշարձանների մոտ։ Բազմամարդ այցելություններ կատարվեցին հերոսների շիրիմներին։

Սեպտեմբերի 27-ին Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարը՝ ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ թեմի հոգեւոր դասի։

Հուշարձանի բացման եւ օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, անհատ քաղաքացիներ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց և ծաղկեպսակ դրեց նորաբաց խաչքարի առջև: Ծաղիկներ խոնարհեցին նաև արարողության մյուս մասնակիցները:

Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի հովվապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած հայորդիների՝ Գավառ քաղաքից զորակոչված զինծառայողներ Բագրատ Սալամյանի, Անդրանիկ Գրիգորյանի, Արմեն Աղեկյանի, Խաչատուր Ազիզյանի, Մարատ Դադոյանի, Քերոբ Չատիկյանի, Ռաֆիկ Հակոբյանի, Աղաս Խունոյանի, Արամ Պողոսյանի, Վահագն Աֆրիկյանի, Արտյոմ Մկրտչյանի, Յուրա Զախարյանի եւ Հայկ Գեւորգյանի։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց նաև Մարտունի և Վարդենիս համայնքներում, որտեղ ծաղկեպսակներ դրվեցին Արցախյան պատերազմներում քաջաբար զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

Սեպտեմբերի 27-ին հիշատակի և ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ նաև Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ Ն զորամասում: ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսի հրամանատարը և Գեղարքունիքի մարզպետը ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարին, որը տեղակայված է զորամասի բակում:

Նույն օրը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Ճամբարակ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեց Արցախյան պատերազմներում զոհված հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև: Այնուհետև Ճամբարակի համայնքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Գեղարվեստական կատարումներով հանդես եկան համայնքի կրթամշակութային հաստատությունների սաներն ու մանկավարժները: Արարողությանը հրավիրված էին նաև Ճամբարակից զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ, վիրավոր զինծառայողներ:

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանն այցելեց Սևան համայնք: Գլխավոր քարտուղարը Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ծաղկեպսակ դրեց Սևանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված են Սևան համայնքից Արցախյան պատերազմներում քաջաբար զոհված հայորդիների աճյունները: Արարողության ընթացքում պանթեոնում ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին նաև Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքային և մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930