Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղ չտա՞լ մարգինալներին

Հոկտեմբեր 09,2021 10:00

Եկեք պատկերացնենք, որ Հայաստանում ստեղծվել է «Տափակ Երկիր» նախաձեռնություն, որն Ազատության հրապարակում հանրահավաք է անում, եւ դրա ընթացքում հռետորները փորձում են ապացուցել, որ Երկիր մոլորակը կլոր չէ, այն հարթ է բլիթի նման եւ դրված է երեք փղերի վրա: Այն, ինչ քարոզվում է այդ՝ ենթադրյալ նախաձեռնության կողմից, անհեթեթ է, մարգինալ է (այսօրվա տեսանկյունից), հակագիտական է, հակասում է առողջ բանականությանը: Բայց հարց է առաջանում՝ արժե՞ արդյոք լուսաբանել տվյալ հանրահավաքը: Ինձ թվում է՝ արժե, որովհետեւ մեր ընթերցողը (օգտատերը) իրավունք ունի իմանալու, որ կա այդպիսի նախաձեռնություն, որը քարոզում է ահա այդպիսի մարգինալ գաղափարներ:

Իհարկե, ցանկալի է դրան հակադրել մեկ այլ տեսակետ, որը ներկայացնում է Երկրագնդի մասին ժամանակակից պատկերացումները:

Հակապատվաստումային քարոզչությունն ինձ համար նույնքան մարգինալ է եւ անհեթեթ: Բայց դա չի նշանակում, որ ես պետք է թաքցնեմ, որ նման քարոզչություն կա եւ հնարավորություն չտամ այդ տեսակետի կողմնակիցներին՝ արտահայտվելու «Առավոտի» էջերում: Ուրիշ հարց, եթե նման քարոզչությունն օրենքով արգելվի, ինչպես, օրինակ, արգելված է բռնության կամ ռասիզմի քարոզը: Այդ դեպքում պետք է ենթարկվել օրենքին եւ, ի դեպ, չի բացառվում, որ երբեւէ հակապատվաստումային քարոզչությունն արգելելու օրենքի անհրաժեշտություն առաջանա:

«Սասնա ծռերը» հանրահավաք են անում եւ ասում են, որ մարդ սպանելը «ապստամբությանն» ուղեկցող կորուստ է: Այդ մոտեցումը ես չեմ ընդունում, բայց տվյալ կազմակերպության միջոցառումները մենք կանոնավոր կերպով լուսաբանում ենք:

Նիկոլականներն իրենց ելույթներում ասում են` պատերազմում պարտության համար մեղավոր են Վանեցյանը, Օհանյանը, Գասպարյանը, Տոնոյանը՝ ով ասես, բացի Փաշինյանից: Ես դրա հետ համաձայն չեմ: Գուցե այս ելույթները նո՞ւյնպես չհրապարակեմ:

Քոչարյանականներն ասում են, որ վարչապետը 4 միլիարդ է վերցրել, որ Ղարաբաղը ծախի: Այդ պնդումն ինձ անհեթեթ է թվում՝ արդյո՞ք դա պատճառ է, որ ես այն չվերարտադրեմ թերթի էջերում:

Էլ չեմ խոսում Ալիեւի ասածների մասին…

Եթե ես թերթում հրապարակեմ միայն այն կարծիքները, որոնց հետ համաձայն եմ, ապա ստիպված կլինեմ ինքս բոլորի փոխարեն գրել բոլոր հոդվածները: Ի դեպ, 90-ականների առաջին կեսին այդպիսի մի թերթ կար, որը կոչվում էր «Հնչակ Հայաստանի», եւ որի միակ հեղինակն այդ թերթի խմբագիր Եղիա Նաջարյանն էր: Էլի տարբերակ է՝ պարզապես հակասում է լրատվամիջոցի մասին իմ պատկերացումներին:

…Հակապատվաստումային քարոզչությունն, անշուշտ, կարողանում է շահագործել մարդկանց տգիտությունը: Հենց տգիտությունն է խնդիրը: Ոչ միայն կորոնավիրուսի դեպքում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ալինա says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,
    դեղորայքները և պատվաստանյութերը անցնում են թեստավորման երկար փուլեր, 3֊րդ և վերջին փուլը, որը կոչվում է արդյունավետություն և անվտանգություն տևում է 4֊7 տարի։ Հիմա ինչ ասվում և գրվում է այս պատվաստումներ մասին և՛ դրական և՛ բացասական համատեքստով ուղղակի ենթադրություններ են։ Մենք այսօր դեռ ոչինչ չենք կարող ասել երկարաժամկետ կողմնակի ազդեցությունների մասին։
    Ինձ թվում է ճիշտ չի ընդհանրացրած ձևով այս տեսակի պատվաստանյութով չպատվաստվող մարդկանց տգետ համարել։

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Տափակ-երկրական ապուշությունների, ծռական-ահաբեկչական էշությունների, հակապատվաստումային ցնդաբանությունների, ալիեւյան տխմարությունների շարքում, իհարկե, անպայման պետք է հիշատակել քոչարյանականներին՝ մեղադրելով նրանց անհեթեթություններ տարածելու մեջ: Քրեական գործ դեռեւ չի հարուցվել պետական դավաճանության հարցով, դատ ու դատավճիռ դեռ չկա, բայց այդ պնդումն արդեն ապրիորի «անհեթեթ» է հայտարարվում՝ իսկը նիկոլական ոճով: Մի հարցնող լինի՝ ի՞նչն է այստեղ «անհեթեթ», եթե ալիեւն ինքն է ժամանակին նման գործարք առաջարկել, ինքն է իր բերանով հայտարարել, որ լուրջ ներդրում է ունեցել նիկոլչիբեյին իշխանության բերելու գործում…

    Միգուցե եւ չեն եղել միլիարդներ, միգուցե թավշյա ամբաստանյալն իր դավաճանական գործողությունները կատարել է անշահախնդրորեն՝ որպես դեղին մամուլի կարկառուն ներկայացուցիչ, որպես մի ազնիվ ու գաղափարական մարտիկ՝ հանուն Էրմենիստան վիլայեթի ու Մեծ Թուրանի խաղաղության դարաշրջանի: “Հերձումը” ցույց կտա…

  3. Լավատես says:

    Ով ստեղծագործ աշխատանքով է զբաղված, նրա համար իր սեփական սխալների ուղղումը կազմում է իր ժամանակի ու եռանդի երկու երրորդը, դրա համար ծիծաղելի է, երբ մարդիկ ինչ որ բան համոզված հարյուր տոկոսով պնդում են ինչ որ ճշմարտություններ, դա երեխաներին է հատուկ, բայց անցնելով հասունության նշաձողը եւ շատ ու ցավոտ ‘գլխին ուտելով’ հարյուր տոկոսով նույնիսկ ակնհայտ հարցերում կասկածում ես, դրա համար, ով համոզված մի բան է ասում’ մի քիչ երեխայություն կա դրանում: Ես օրինակ կվստահեմ այն պետությանը կամ մտավորականին, ում հարգում եմ եւ չեմ էլ խորանա հարցի շուրջ, այնպես որ պատվաստվել թե չպատվաստվել, կախված է միայն ասողի իմ հանդեպ պատասխանատվության աստիճանից, եթե նա թքած ունի իմ վրա, ես էլ թքած ունեմ նրա այդ հարցում կարծիքի վրա, բոլորս էլ գիտենք, սուտը տեղ հասցնելու համար ինը ճիշտ ու կրուտոյ բան են ասում, իսկ տասներորդը սուտն են ասում եւ տասներորդը մարսվում է: Ես օրինակ կողմնակից եմ կանխարգելիչ միջոցներին’ ամեն ուրբաթ մի գլուխ սխտոր եմ ուտում եւ չեմ հիվանդանում եւ տամադրոթյունս միշտ բարձր եմ պահում’ չնայած փչացնողներ հա էլ կգտնվեն, բայց ես նրանց սիրում եմ եւ ներում եւ դա անկեղծ է:)

  4. Ruben says:

    Տարորինակ մարդակույտ, որ(ը)ոնք տարբերվում են՝ մաշկի գույնով, մտածելակերպով, բարքերով ու ֆիզիկական չափերով, ֆիզիոլոգիական կառուցվածքով, ազգային ԴՆԹ -ով և այլն, ի՞նչ կարող է (անշահախնդիր) հորինել եւ իրականացնել հանուն ազգի և սեփական հողի:
    ՀՀՇ -ն հավաքեց 200 մահապարտների:
    Քայլողները (ходунки, бегунки) կերան երիտասարդ սերնդի( մահապարտների) հոգիները:
    Братья Армяне куда вы пропали?

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Անհասկանալի է միայն, թե ինչու՞ վերջում որոշեցիք մեր կորած-մոլորած հայերին դիմել վելիկի-մոգուչիով՝ մեր հազարագանձը թողած: Այսպես թե այնպես ուզում եմ հիշեցնել, որ էթնոնիմները գրվում են փոքրատառով՝ եւ ռուսերենում, եւ հայերենում, իսկ «ազգային» ԴՆԹ պարզապես գոյություն չունի (ԴՆԹ-ն կենսաբանական հատկանիշ է, այլ ոչ թե սոցիալական)… 🙂

  6. Ruben says:

    Իմ աշխարհը հավերժ է:
    Ապրեք ձեր աշխարհում, եթե այն ունեք:
    https://www.youtube.com/watch?v=OpXLPjG4AwA

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031