Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից իրականացվող ոչ մի ծրագիր ընտրական պրոցեսների հետ կապ չունի․ Ռոբերտ Ղուկասյան (ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2021 11:30 Share

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի  6 ու կես ժամ տեւած նիստում հաստատվեց 30 ծրագիր։ Մեղրիում կայացած հերթական նիստում ամփոփվեցին նաեւ 10 ամսում կատարված աշխատանքները։

Սահմանամերձ գյուղերում զարգացման կենտրոնների կառուցման աշխատանքները, գյուղտեխնիկայի տրամադրումը սահմանամերձ գյուղերի բնակիչներին դեռ ընթացքի մեջ են։ Իրականացվել են նաեւ մի քանի անվտանգային ծրագրեր, որոնք գաղտնի են եւ լրատվամիջոցներով հրապարակման ենթակա չեն։ Հեշտ չի եղել աշխատանքը։ Սահմանամերձ գյուղերում ապրողներին օգնելու գաղափարները երբեմն հենց տեղում էին ծնվում։

«Մտածում էինք, ինչպես անենք, որ համայնքը ուժեղանա, ու կարծես չէինք գտնում ելքը։ Մի օր զարթնեցի, տեսա  Ռոբերտ Ղուկասյանը (ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար–ԱԴ) չէր քնել ու ելքը գտել էր։ Ասաց՝ մենք պիտի հզորացնենք գյուղացուն՝ տեխնիկայի միջոցով։ Գյուղատնտեսության ռազմավարության մեջ ուժեղացնում ես մարդուն, մարդուն դիտարկելով համայնքապետարան, մարդը ծառայություն է մատուցում հարեւանին, դա ավելի լավ է ընդունվում»,-պատմում է խմբի կամավոր Տարոնը։ Մի անգամ էլ Խնածախ գնալիս՝ ավտոմեքենան է խափանվում։ «Մի գյուղացի եկավ կանգնեց, իմացավ, որ ովքեր ենք, ասաց՝ չէ ախպեր, իմ անունը չկա տեխնիկա ստացողների ցուցակում, կներես, չեմ կարող օգտակար լինել»,-հիշում են խմբի անդամները։

Վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝  աշխատանքային խմբով մտնում են երկրորդ փուլ։ «Հիմա մեծ շեշտադրում ենք դնելու նախագծա–նախահաշվարկային աշխատանքների վրա, որպեսզի հետագայում ֆինանսավորումների առկայության դեպքում ժամանակ չծախսենք ու սկսենք ծրագրերը։ Քննարկել ենք բոլոր ոլորտներին առնչվող խնդիրներ, մանավանդ, որ ձմեռը մոտենում է՝ մասնավորապես կապված անվտանգության հետ, որտեղ  կարող ենք ձմռանը խնդիրներ ունենալ։ Գաղտնիությունից ելնելով՝ փակագծեր բացել չեմ կարող»,-ասում է վարչապետի խորհրդականը։

Հաստատված ծրագրերով Շիկահող գյուղում կարի արտադրամասի գործարկման նպատակով կվերանորոգվի եւ կվերակառուցվի վարչական կենտրոնի շենքի առաջին հարկի սրահը, կջեռուցվի Խնձորեսկի դպրոցը, Ճակատեն, Ագարակ, Ուժանիս, բնակավայրերում ապրողներին կտրամադրվեն ջրատաքացուցիչներ,  կպատվիրվեն Բարձրավան գյուղի տների տանիքների փոխման, Կապանի երկրագիտական թանգարանի ցուցասրահի արդիականացման,  Սյունիք, Ծավ եւ Խոտ գյուղերի  զարգացման կենտրոնների,  Տեղ գյուղի N 2 դպրոցի ջեռուցման նախագծա-նախահաշվարկային ծրագրերը։ Միաժամանակ կկառուցվի Տաթեւ համայնքի Սվարանց գյուղի դպրոցի ջրամատակարարման խողովակաշարը, Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրում կկառուցվի զարգացման կենտրոն, կարդիականացվի Նռնաձոր գյուղի ոռոգման համակարգը։

Կառավարությունը օրեր առաջ որոշեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբին տրամադրել մեկ միլիարդ դրամ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Արմեն Խաչատրյանը սոցկայքերով ավետելով այդ մասին՝ նշեց նաեւ, թե ինչ ծրագրեր են իրականացվելու այդ գումարով։  «Ճիշտն ասած՝ չեմ կարող մեկնաբանել այս կամ այն մարդկանց կողմից արված հայտարարությունները, բայց աշխատանքային խումբը ունի հստակ օրակարգ եւ նպատակը հենց հրատապ խնդիրների լուծումն է»,– ասում է Ռոբերտ Ղուկասյանը։

Ըստ ընթացակարգի, համապատասխան ոլորտի պատասխանատուները աշխատանքային խմբին ներկայացնում են իրենց ոլորտում առկա հրատապ խնդիրները։ Դրանք ուսումնասիրվում են աշխատանքային խմբի կողմից, դրական արձագանքի դեպքում կազմվում է նախագիծ-նախահաշիվ, որից հետո նորից ներկայացվում է խմբին, նիստում հաստատվում է եւ սկսում է ծրագրի իրականացումը։  Սյունիքի մարզի մի քանի համայնքներում հոկտեմբեր եւ նոյեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են։ Մամուլում եղան հրապարակումներ, որ աշխատանքային խմբին հատկացված գումարները կապ ունեն նաեւ ընտրությունների հետ։

«Պետությունը ունի պարտավորություն եւ իրականացնում է։ Կոնկրետ այս աշխատանքային խմբի  կողմից կատարված ծրագրերին հանրությունը ծանոթ է, եւ բոլորը գիտեն, որ կապ չունի  նախընտրական կամ ընտրական պրոցեսների հետ։  Բոլորն էլ տեսնում են, թե ինչպես են ծրագրերը իրականացվում, հետեւաբար կարծում եմ, դրանք անհիմն շահարկումներ են, որ գումարը հատկացվում են այդ նպատակով։  Ո՛չ, միանշանակ  ո՛չ, այդ գումարը հատկացվում է Սյունիքի հրատապ խնդիրները լուծելու համար։ Մնացածը մեր աշխատանքային խմբից դուրս խոսակցություններ են, եւ ոչ մի աղերս չունեն իրականության հետ»,-Aravot.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031