Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած մտահոգություններին՝ շիկահողցիները դժգոհ չեն

Հունիս 06,2021 19:04 Share

Մոտ մեկ ամիս առաջ Սյունիքի մարզի Կաղնուտ եւ Ներքին Հանդ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին մոտոբլոկներ տրամադրելուց հետո հերթական խմբաքանակը օրերս հատկացվեց Շիկահող, Ուժանիս, Բարգուշատ, Խդրանց, Սրաշեն սահմանամերձ գյուղերին։

Այս անգամ սահմանամերձ բնակավայրեր էր հասել  էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ «Սա սկիզբն է։ Տարբեր համայնքներում տարբեր ծրագրեր են իրականացվում։  Էկոնոմիկայի նախարարության մեկ այլ ծրագրով 270 մլն դրամ արժողությամբ, վերամշակող սարքավորումներ՝ չրագործական, մեղվի փեթակներ, ջերմոցներ այս պահին տրամադրվում են Մեղրիի տարածաշրջանի 13 բնակավայրերին»,–ասում է փոխնախարարը։

Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային հանձնաժողովի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, որը հանձնաժողովի ստեղծման օրվանիցՍ յունիքում է, գործընթացն է ներկայացնում։

Հանձնաժողովի կամավորներն այցելում են  Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր, հավաքում տեղեկատվական բազա՝ հասկանալու, թե որ գյուղում ինչ խնդիր կա եւ տվյալ համայնքում ապրողը ինչի՞ կարիք ունի:

«Տեխնիկան տրամադրվում է այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են գյուղում: Բոլոր այն տնտեսությունները, որոնք մերթընդմերթ են գալիս գյուղ, այս տեխնիկան իրենց համար այս ծրագրով նախատեսված չէ: Եթե կլինեն մարդիկ, որոնք կցանկանան մշտապես բնակվել այս գյուղերում, սիրով, մենք կքննարկենք եւ իրենց էլ կհատկացնենք»,–ասում է  Ռոբերտ Ղուկասյանը։

Շիկահողցի Հրանտ Մարգարյանի պատմելով, իրենց գյուղի հողերը Արարատյան դաշտավայրի հողերի նման չեն։ «Ծանր հողերն են մեր հողերը, նենց չի, որ կարող ես հեշտությամբ փխրեցնել։ Պիտի համ ոտդ աշխատի, համ ձեռդ, դրա համար էս մինի տրակտորները կթեթեւացնեն մեր գործը»,–ասում է մեր զրուցակիցը։

Եթե մինչեւ հիմա շիկահողցին հոգնում էր, բահը դնում մի կողմ ու «էսօրվա գործը թողնում էգուցվան»՝ ըստ Հրանտ Մարգարյանի, հիմա չի կարող։ «Մեխանիզմը էնպիսի բան է, որ  խոդ տաս՝ պիտի հետեւից գնաս։ Էսպես գործը առաջ կգնա, լավը դա է »,–ասում է նա։

160 բնակիչ ունեցող Շիկահող համայնքին կառավարության ծրագրով հատկացվեց 12 մոտոբլոկ եւ 2 խոտհնձիչ։ Շիկահողի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը գյուղացիների համար անհրաժեշտ օգնություն է համարում կառավարության կողմից տրամադրված գյուղտեխնիկան:

«Մոտոբլոկները բաշխել ենք. յուրաքանչյուր 4-5 ընտանիքին մեկը: Բաշխումը կատարվել է գյուղացիների որոշմամբ, թե ով եւ ում հետ ավելի հեշտ կաշխատի: Այս գյուղտեխնիկան կօգտագործվի մոտ 25 հա տնամերձ այգիները մշակելու համար»,–ասում է Նարե Ղազարյանը։

67-ամյա Սամվել Աղաբեկյանը աչքը կուշտ է, չնայած նրան հասնում է  մոտոբլոկ, բայց հրաժարվել է ստանալ։ Հարեւանը իր մոտոբլոկով կմշակի փոքրիկ տնամերձը։ Հրաժարվելը  նաեւ այլ պատճառ ունի։

«Սրա արժեքը երեւի մեկ միլիոն դրամից ավելի է։ Հիմա ես վերցնում եմ իմը, մեխանիզմ է, փչանում է՝ մասը չեմ կարողանում գտնել ու էդպես էլ մնում է գարաժումս կանգնած։ Իսկ որ հատկացնեին համայնքապետարանին, մեկ հոգու հսկողության տակ լիներ, կգար՝ իմ տնամերձն էլ կմշակեր, հարեւանիս էլ։ Չեմ ասում ձրի։ Թող գումար որոշեց, ասենք մի 5000  դրամ, դրանից հազար դրամն էլ թող համայնքի բյուջեն մուծվեր»,–առաջարկում է Սամվել Աղաբեկյանը։

Համագյուղացուն մի պահ ընդհատում է  Հրանտ Մարգարյանը՝ ասելով, որ «գլուխը տենց բաներից հասկանում է, կսարքի, եթե փչանա»։ «Բա որ մասը թանկ լինի, չճարվի՝ ո՞նց ես սարքելու, այ Հրանտիկ»,–ասում է Սամվել պապը։

Չնայած մտահոգություններին՝ շիկահողցիները դժգոհ չեն։ Մտածում են՝ որ սա էլ չլիներ, ի՞նչ կանեին։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930