Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը պետական սահմանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկում. Արթուր Ղազինյան

Հոկտեմբեր 15,2021 21:45

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հերթական առաջարկն էին ներկայացրել՝ արտահերթ նիստ հրավիրելու: Օրակարգում մեկ հարց էր՝ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով լսել ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախախարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ՀՀ Գլխավոր դատախազի  զեկույցները և հաշվետվություն-պարզաբանումները Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հիշեցնենք, ընդդիմադիր պատգամավորների համանման առաջարկը մեկ անգամ արդեն տապալվել է. իշխանական պատգամավորները չեն ներկայացել: Հանձնաժողովի իշխանական խմբակցությունը ներկայացնող պատգամավորներն այսօր կրկին չներկայացան, սակայն, նրանք խորհրդարանում էին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արդեն երկրորդ անգամն է կանոնակարգը խախտվում  եւ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի իրավական գնահատական տրվի դրան: Ինքը կարծում է, որ իշխանական պատգամավորները մտածված են խախտում կանոնակարգը. «Հանձնաժողովի նախագահը պարտավոր էր նիստը հրավիրել, նիստի անցկացումը իմպերատիվ պահանջ է: Օրակարգն ընդունելի է, թե՝ ոչ, արդեն նիստի քննարկման առարկա է»:

Ինչեւէ, Արթուր Ղազինյանը պնդում է, որ իրենք հետամուտ են լինելու, որ վերոնշյալ պաշտոնյաները գան խորհրդարան եւ պատասխանեն հարցին՝ ի՞նչի հիման վրա են ՀՀ տարածքները հանձնվել Ադրբեջանին: Երեքշաբթի օրը հանձնաժողովի հերթական նիստում ընդգրկված է պետական սահմանի մասին օրենքում փոփոխություն կատարելու հարց, այն ներկայացնելու է պաշտպանության փոխնախարարը եւ դա լավ հնարավորություն է այդ մասով ստանալ պատասխաններ: Նա, ի դեպ, դրական համարեց, որ իշխանությունում հասկացել են վերջապես, որ պետական սահմանները գծվում են պետական սահմանի մասին օրենքով, ոչ թե 1995 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով եւ հայտարարեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կամայականորեն խախտել են ՀՀ պետական սահմանը, պատասխանատվության են ենթարկվելու:

«Արձանագրվել է պետական սահմանի խախտում եւ որեւէ ձեւով հնարավորություն չի ստեղծվել այդ պատկան մարմինների ղեկավարներին հրավիրել խորհրդարան եւ խորհրդարանում՝ նայելով նրանց աչքերին հարցնել՝ ձեզ ո՞վ է իրավունք տվել»,- ասաց Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ մեկ մարդու ցուցումով, ինքնակամ, ետ քաշվել 11 կիլոմետր՝ Ադրբեջանին հանձնելով Հայաստանի ռազմավարական կարեւորություն ունեցող մայրուղին, ոչ ոք թույլ չի տվել: Արթուր ղազինյանը նաեւ ասաց, որ այս հարցի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների գրավոր հարցումները նույնպես անպատասխան են մնում:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հաստատում է գործընկերոջ մոտեցումը եւ մասնավորեցնում, որ հարցումներն անպատասխան են մնում կամ պատշաճ պատասխան չեն ստանում ոչ միայն այս թեմայի վերաբերյալ, այլ՝ առհասարակ: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 22-ին գրություն է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետին՝ տեղեկացնելով, որ ցանկություն ունի մեկնելու Սոթք-Խոզնավար՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզեր, այդ թվում նաեւ Սեւ լճի հատված՝ ռազմաքաղաքական իրավիճակին տեղում ծանոթանալու, այդ հատվածում գտվող զորամասերում լինելու եւ ծառայության ընդհանուր իրավիճակին տեղեկանալու համար՝ ելնելով ստեղծված իրողություններից, գրության սահմանված ժամկետը լրացել է, բայց պատգամավորը որեւէ պատասխան չի ստացել:

«Պետական կառույցները կամ կազմալուծված են, կամ նրանք թքած ունեն քաղաքացու մտահոգությունների, բողոքների վրա»,- եզրակացնում է պատգամավորը՝ հավելելով, որ բազմաթիվ ահազանգեր ունի քաղաքացիներից, որոնց չի կարողանում պատշաճ պատասխանել՝ հենց պետական կառավարման համակարգի անգործության պատճառով: Պատգամավորի գնահատմամբ, իշխող ուժը իրեն վեր է դասում պետությունից, ՀՀ քաղաքացուց եւ գտնում է, որ ինքը հաշվետու չէ իր քաղաքացիների հանդեպ եւ վարվում են այնպես, ինչպես ցանկանում են, ինչը ոչ միայն անթույլատրելի է, այլեւ չի բխում ՀՀ շահերից: Մյուս կողմից, կարծում է, որ իշխանությունն ասելիք չունի, քանի որ հետպատերազմյան իրավիճակում առաջնագծում որեւէ աշխատանք չի կատարվել, ինչի ապացույցը նաեւ երեկվա միջադեպն էր ու մտավախություններ ունեն, որ առաջնագծի իրավիճակին տիրապետող մարդիկ կարող են տեղեկանալ փաստերի, որոնք նորմալ երկրում կարող են որեւէ իշխանավորի կարիերայի ավարտը լինել եւ իրավական պատասխանատվության հիմք: Տիգրան Աբրահամյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մայիսի 12-ի՝ ադրբեջանական ներխուժման համար, որեւէ պաշտոնատար անձ պատասխանատվության այդպես էլ չի ենթարկվել:

Ինչ վերաբերվում է երեկ տեղի ունեցած միջադեպին, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ դա անսպասելի չէ այն առումով, որ ոչ միայն քաղաքական վիճակն էր հուշում հնարավոր լարվածությունների մասին, այլեւ հետպատերազմյան շրջանում շատ են եղել տարբեր սադրանքներ, որոնց մասին պաշտոնական տեղեկատվություն չի տրվել: Ըստ բանախոսի, նման գործողությունները Ադրբեջանը շարունակելու է՝ տարածաշրջանում ընթացող զարգացումներում իր շահեկան դիրքն ապահովելու նպատակով՝ Հայաստանի վրա ճնշումների գործադրմամբ: Տիգրան Աբրահամյանը քննադատեց իշխանության կեցվածքը, որը որեւէ կերպ պաշտպանունակության հնարավորություն չի ստեղծում բնակչության համար: Նա պնդում է, որ անվտանգային համակարգը պետք է այնպիսի մակարդակի բերել, որպեսզի հնարավոր լինի դիմակայել հետագա զարգացումներին՝ լոկալ, թե գլոբալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031