Լրահոս
Օրվա լրահոսը

Քովիդով հիվանդի քույրը դիմել է ոստիկանություն, Գյումրու հիվանդանոցում նրա արարքից զարմացած են

Հոկտեմբեր 25,2021 22:02

Aravot.am-ի տեղեկություններով,  հոկտեմբեր 18-ին Գյումրի բժշկական կենտրոնում քովիդի դեմ ստացիոնար բուժում ստացող  հիվանդներից մեկի քույրը՝  Վայոց Ձորի մարզի  բնակչուհի Մանիկ Առաքելյանն, ահազանգել  է ոստիկանություն ՝ դժգոհելով, որ մեկուսարանի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանն ասել  է, թե քրոջը  դուրս կվռնդի հիվանդանոցից։

Նա ոստիկաններին պարզաբանել  է,  որ իր քույրը՝ Աննա Առաքելյանը, հոկտեմբերի 16-ին երկկողմանի թոքաբորբով դիմել  է Գյումրի բժշկական կենտրոն՝  բուժօգնության,  ընդունվել է ստացիոնար  բուժման, իսկ հոկտեմբերի 18-ին նրա մոտ ախտորոշվել է «Քովիդ-19»-ը, սակայն բուժաշխատակիցները ուշադրություն չեն դարձրել  նրան:

Ահազանգողը ոստիկաններին նաև ասել է, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել  հիվանդանոցի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանի հետ։ Վերջինս  հայտնել է, որ քրոջ առողջական վիճակը մյուս հիվանդների համեմատ ավելի դրական է և յուրաքանչյուր րոպե չեն կարող բուժաշխատող տրամադրել  քրոջ կողքին լինելու համար:

Գյումրու ոստիկանության տեսուչներից մեկը կապ է հաստատել  հիվանդանոցում բուժվող Աննա Առաքելյանի հետ, որը դժգոհել է, թե առանց իր կանչի որևէ բժիշկ իրեն չի մոտեցել , կանչի դեպքում են միայն արձագանքել։

Աննա Առաքելյանը իր բուժումը շարունակել է Գյումրու «Ինֆեկցիոն» հիվանդանոցում, քանի որ հոկտեմբերի 18-ին կրկին թեստավորվելուց հետո պատասխանը եղել է դրական:

Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստացավ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, քովիդ բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանից։

«Մենք ունեցանք մեկ օր, երբ մեր մեկուսարանի 23  նմուշառվողներից 19-ի պատասխանը դրական էր եկել։ Մեր քովիդ բաժանմունքում տեղ չունեինք այդքան հիվանդի տեղավորելու, և քանի որ Գյումրի բժշկական կենտրոնի կորոնավիրուսի բաժանմունքում միայն  ծանր կամ ծայրահեղ ծանր հիվանդների ենք ընդունում, մենք արել ենք տրիաժ ֆունկցիա։ Այսինքն՝ որոշել ենք, թե որ հիվանդի վիճակն է ավելի թեթև, որ հիվանդը կարող է տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդանոց։ 8 հիվանդի տեղափոխել ենք ինֆեկցիոն հիվանդանոց, որովհետև իրենք  մեծ քանակությամբ թթվածնի կարիք չունեին կամ ընդհանրապես չունեին։

Ձեր մատնանշած հիվանդի սատուրացիան եղել  է 94, չեմ կարող ասել իր հիվանդության որերորդ օրն էր, բայց թթվածնի կարիք չուներ։ Որպես կանոն, սատուրիացիայի նման թիվ ունեցող հիվանդները չեն հոսպիտալացվում, այդ հիվանդները ստանում են բուժում տնային պայմաններում։ Ամբողջ աշխարհում է դա ընդունված, որ միայն Հայաստանում, Գյումրիում։ Հիվանդանոց ընդունվում են այն հիվանդները, որոնք ունեն թթվածնի կարիք ու նրանց բուժումը հնարավոր չէ տանը կազմակերպել։

Այս հիվանդը, ինչպես նաև մի քանի այլ հիվանդներ տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, մնացած ծանր հիվանդները մեր մոտ են մնացել, ոչ թե նրա համար, որ նրանք մեր հարազատներն են կամ ծանոթներն են, այլ ուղղակի ծանր են։ Ցանկացածիս էլ  հաճելի  է թեթև հիվանդի հետ աշխատել, ոչ թե ծանրի հետ, բայց կան դեպքեր, որոնք պիտի բուժվեն ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այնտեղ թթվածնից ոչ կախյալ վիճակում գտնվող հիվանդներն են հոսպիտալացվում։

Այդ բոլոր 8 հիվանդների տեղափոխումը մենք ենք կազմակերպել ինֆեկցիոն հիվանդանոց, նրանք տեղափոխվել են շտապբուժօգնության մեքենայով։

Ինֆեկցիոնը համարվում է մեր մասնաճյուղը, եթե տեղ ենք ունենում, երբեմն ինֆեկցիոնից տեղափոխվում են Գյումրի բժշկական կենտրոն, իսկ այստեղի թեթև  կամ միջին ծանրության հիվանդներին տեղափոխում ենք ինֆեկցիոն հիվանդանոց», -պարզաբանեց Արմեն Խաչատրյանը։

Մեր հարցին՝ այս ամենը չի բացատրվե՞լ հիվանդին, որ նրա քույրը դիմել է ոստիկանություն, Արմեն Խաչատրյանը նշեց, որ հիվանդի քրոջ և մեկուսարանի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանի հեռախոսազրույցին անձամբ ներկա  է  գտնվել։

«Եթե անկեղծ, ես զարմացած եմ, այդպես էլ չհասկացա ոստիկանություն ահազանգելու իմաստը, երբ որ բժշկուհին իրենց հեռախոսազանգով բացատրեց այն, ինչը ես ձեզ նոր ասացի։ 94 սատուրացիա ունի, որպես կանոն, այդ հիվանդները տանն են բուժվում, բայց մենք ինֆեկցիոն հիվանդանոց ենք տեղափոխել, ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխել ենք նաև 85 սատուրացիայով հիվանդների։

Այսինքն՝ Գյումրի բժշկական կենտրոնում մնացել են միայն 60-70 սատուրացիա ունեցող հիվանդները, այսինքն՝ թթվածնի խիստ կարիք , ինտենսիվ բուժման կարիք ունեցող հիվանդները, մնացածները կարող էին կոնցենտրատով կամ թույլ  հոսքով ապահովել թթվածնի քանակը կամ ընդհանրապես  թթվածին չշնչեին, այլ  ստանային միայն դեղորայքային բուժում»,-պարզաբանեց Արմեն Խաչատրյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031