Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական կազմակերպության բողոքը դատարանում ՀՀ կառավարության դեմ է

Հոկտեմբեր 30,2021 14:00
hayc

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանը դիմել էր վարչական դատարան, ապա վարչական վերաքննիչ դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության՝ 27.05.2021 թվականի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» թիվ 876-Ա որոշման 2-րդ եւ 3-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Նշյալ որոշման 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն՝ ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի եւ Տեղ համայնքների՝ Հայաստանին նվիրաբերված որոշակի հողամասեր ամրացնել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին եւ անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը, իսկ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին պատվիրակվել է ապահովել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում տեղակայված սահմանապահ վարչության հետ անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերի կնքումը եւ գույքային իրավունքների պետական գրանցումը:

Դատարանը մերժել էր հայցը, ապա կազմակերպության նախագահի բողոքը, գտնելով. «Որոշման վիճարկվող նորմերով որեւէ կերպ չեն կարող խախտվել Կազմակերպության՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները եւ ազատությունները, որպիսի պայմաններում հայցադիմում ներկայացրած իրավաբանական անձը Որոշումն անվավեր ճանաչելու պահանջը ներկայացնելու իրավունքն ակնհայտորեն չունի»:

Ըստ դատարանի՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը սույն հայցադիմումով չի ներկայացնում իր շահառուների՝ շրջակա միջավայրի պահպանության կամ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում օրինական շահերը, քանի որ վիճարկվող որոշումը չի վերաբերում շրջակա միջավայրի պահպանության կամ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներին:

Դատարանները հղում էին կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածին, որով մեկ անգամ եւս տեղեկացրել են, թե որոնք են վարչական դատարանին ընդդատյա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետեւյալ գործերը, նմանատիպ գործերի համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը: Բացի այդ, դատարանի մերժման որոշման պատճառաբանություններից մեկն այն էր, թե «հայցադիմում ներկայացրած իրավաբանական անձը որոշումն անվավեր ճանաչելու պահանջը ներկայացնելու իրավունքն ակնհայտորեն չունի»:

«Առավոտի» տեղեկություններով՝ օրերս Վճռաբեկ դատարան է ներկայացվել կազմակերպության նախագահի բողոքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031