Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերը կառավարելի են, պատգամավոր Փաշինյանի հայտարարությունները՝ «ջրված»

Նոյեմբեր 11,2021 14:38 Share

2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ինչը պետք է հաղթահարվի: Այն ժամանակվա քաղհասարակության ներկայացուցիչները, որոնցից շատերն իշխող կուսակցության ցուցակով հետո դարձան ԱԺ պատգամավորներ, եւս չէին համակերպվում այդ փաստի հետ: Իբրեւ հիմնավորում էլ բերում էին այն, որ բազմազբաղ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս կարող է ժամանակ գտնել ու մասնակցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերին, որտեղ կարեւոր եւ ժամերով ձգվող հարցեր են քննարկվում, իսկ ինքը երկրի ղեկավար է, Շախմատի ֆեդերացիայի նախագահ, 1000 ու մի հարցերի պատասխանատու:

2021-ին, սակայն, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որն արդեն կուսակցությունում լուրջ զբաղվածություն ունի՝ ՔՊ վարչության նախագահն է, նաեւ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն է համակարգում ու պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում այդ մասին:

2019թ փետրվարի 2-ի կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, թե Հայաստանի բուհերի խորհուրդները 99 տոկոսով ապաքաղաքականացված են, մինչդեռ այսօր ոչ միայն բուհերում, այլ դպրոցների խորհուրդներում են «հանգրվանել» ՔՊ-ականներ ու իշխանամերձ պաշտոնյաներ:

Ներկայիս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հարցին՝ ինչո՞ւ են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը դարձել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ, հետեւյալ կերպ է պատասխանել՝ այդպես են հարմար գտել: Իսկ մյուս հարցին՝ Սուրեն Պապիկյանն ի՞նչ կարող է անել ԵՊՀ-ում, կրթության, գիտության ոլորտում, Դումանյանն ասել էր՝ կապրենք, կտեսնենք:

Ժամանակին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրակոտ ելույթներ էր ունենում, որ բուհերը պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելություն չպետք է ունենան, իսկ ուսանողները պետք է դուրս գան ՀՀԿ-ի վերահսկողությունից:

Նաեւ ասում էր, որ բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման, իսկ բուհական ամբողջ ղեկավարությանը պետք է ընտրվի բուհերի ուսանողների ու դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «ջրվում» են, ու այդ ամենն օրենքով է ամրագրվում:

Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը մշակողներն ու ԿԳՄՍ նախարարը նույնիսկ հիմնավորում են գտել, ասում են՝ բուհերը պետությունից անկախ գործել չեն կարող, քանի որ պետբյուջեից են սնվում:

Մի բան փաստ է՝ 2018-ից սկսած արվել է ամեն ինչ՝ ՀՀ բուհերը առավելագույնս կառավարելի դարձնելու համար, իսկ կրթական համակարգը գերկուսակցականացված ու քաղաքականացված է, քան երբեւէ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930