«Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի` վերաբացված գործով նոյեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ, ամբաստանյալ Աղամալ Հարությունյանի փաստաբան Ռոբերտ Բեջանյանը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Aravot.am-ի հետ զրույցում նա հայտնեց՝ պատճառը դատավորի կողմնակալ վերաբերմունքն է: Խնդրեցինք մանրամասնել՝ մասնավորապես դատավորի վարքագծի ո՞ր դրվագներն են նրան այդ կարծիքին հանգեցրել, Ռոբերտ Բեջանյանը պատասխանեց. «Եթե գործի վաղեմության ժամկետն անցել է, ոչ թե մեղադրյալը պետք է միջնորդի, որ գործը կարճվի, այլ դատարանն ինքը պետք է առաջարկի կարճել. դադարեցնի քրեական հետապնդումը: Մեղադրողը միջնորդում է, որ դադարեցվի քրեական հետապնդումը, իսկ դատավորն ասում է՝ հետաձգում եմ, ուզում եմ վկա հարցաքննել: Այսինքն՝ ինքը ցանկանում է դատախազին արհեստական հնարավորություն տալ, որ դատախազությունը հորինի մեղադրանքներ, ապացույցներ ստեղծի, ինչի իրավունքը»: Հարցին՝ դատավորը պատվե՞ր է կատարում, փաստաբանն այսպես պատասխանեց. «Պարզ երևում է, որ դա քաղաքական պատվեր է»:
Դատական նիստը միջնորդության ներկայացումից հետո հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 17.00-ին:
Հիշեցնենք, որ այս գործի վերաբացման համար հիմք է դարձել 2019 թվականին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի հաղորդումը ՀՀ իրավապահներին։ Դատախազության հայտարարության համաձայն, դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի եւ դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերեւույթ վկայում են Պ. Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին: 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Հարությունյանի եւ Պողոս Պողոսյանի «Առագաստ» սրճարանում տեղի էր ունեցել միջադեպ, որի հետեւանքով Պողոս Պողոսյանը սպանվել էր:
Կարդացեք նաև
Տեսնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին`Պողոսյանն ասել էր`«Պրիվետ, Ռոբ»: Հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երեւանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի` 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































