Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Դանիելյան. Կապանցուն ալբանացին չի ասելու․ ապագա կա ու կլինի (Ֆոտոշարք, տեսանյութ)

Նոյեմբեր 12,2021 00:03

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամփոփեց առաջիկա կիրակի կայանալիք Կապանի ավագանու ընտրությունների քարոզարշավը՝ չնայած անձրեւոտ եղանակին: Հավաքին ներկա էր նաեւ աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Կառավարող ուժի ցուցակը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Ցուցակում ընդգրկված տարբեր մասնագիտություններ ունեցող թեկնածուները անդրադարձան իրենց ոլորտների խնդիրներին՝ ընտրողին հավաստիացնելով, որ Կապանում ապագա կա։

Ըստ Դավիթ Դանիելյանի՝ թիմակիցների հետ եղել է բոլոր բնակավայրերում, արձանագրված խնդիրները շատ են։ «Չպետք է տեղական իշխանությունը առանձնացնել կենտրոնական իշխանությունից։ Պիտի միասին կառուցենք մեր համայնքը։ Կրթական, ինժեներական, տնտեսական նախագծեր ունենք»,-ասաց թեկնածուն։ Նրա խոսքով՝ ինքը հավաքվածներից մեկն է ու միասին պիտի կերտեն մեր ապագան։ «Անվտանգային խնդիրների հետ կապված համագործակցային ծրագրեր ունենք Ազգային անվտանգության եւ պաշտպանության նախարարության հետ կապված։ Լուծելու ենք, սակայն այդ ծրագրերը անելուց՝ ուրիշների նման ֆիլմեր չենք նկարելու, մեզ չենք համեմատելու Նժդեհի կամ Անդրանիկի հետ»,-ասաց Դավիթ Դանիելյանը։

«Այո, Կապանում՝ կապանցին է որոշելու, եւ այսուհետ ալբանացին չի որոշելու»,-հայտարարեց Դավիթ Դանիելյանը։

Ըստ Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ կառավարությունը ամեն ինչ արել է Հայաստանը ամեն մի անկյունը համաչափ զարգացնելու համար։ «Չենք տարանջատել յուրայիներին, սեւերի ու սպիտակների բանակների։ Չենք տարանջատել մեր համայնքապետին այլոց համայնքապետերից։ Ինչո՞ւ եմ ասում այլոց, իրենք են այդպես դիրքավորվել, մենք չենք ասում»,-նշեց Պապիկյանը։

Հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրություններին սյունեցիները վստահել են Նիկոլ Փաշինյանին, քանի որ չեն խաբել․ խոսել են մարտահրավերներից, վտանգներից ու ապագայի ծրագրերից՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ միասնությունը չպիտի սասանվի։

Փոխվարչապետի խոսքով, երեկ գիշերվանից Գորիս–Կապան ճանապարհի Որոտանի հատվածով երթեւեկելիս պետք է ունենալ անցագիր։ «Մեր քաղաքացիների համար այդ ճանապարհը փակել ենք անվտանգության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով այն, որ ունենք Տաթեւ–Աղվանի այլընտրանքային ճանապարհը։

«Զանգեզուրի միջանցք չի լինելու»,-հավաստիացրեց Պապիկյանը՝ նշելով, որ սա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է 2020թ-ի նոյեմբերի 9-ին հուշագրի եւ 2021թ–ի հունվարի 21-ի ստորագրված պարտավորություններից։ «Մենք պիտի գնանք կոմունիկացիաների ապաշրջափակման՝ հավասար բացման ճանապարհով»,-նշեց Սուրեն Պապիկյանը։ Վերջինիս խոսքով՝ Հայաստանը գնում է խաղաղության ճանապարհով։ «Հայաստանի սուվերենությունն ու մեր սուվերեն տարածքը քննարկման,խաղարկման, շահարկման առարկա լինել չի կարող»,-ասաց Պապիկյանը։

Փոխվարչապետի խոսքով, կան մարդիկ, որ կառավարության հարց ու պատասխանից առաջ, կարեւոր հետեւանք ունեցող որևէ գործընթացից առաջ ինչ–որ հայտարարություններ են անում, «բայրուղուշություններ են անում, ու չգիտես ինչու դա տեղի է ունենում»։ Ազգային անվտանգության աշխատակիցների ուշադրությունը նա հրավիրեց այդ մարդկանց գործունեության վրա։ «Մարդիկ հասել են նրան, որ փոքրիկ քաղաքի ընտրությունների համար կարող են գնալ տարբեր փորձանքների, զարտուղի ճանապարհով, հակառակորդին իրենց գիրկը հրավիրելու ճանապարհով»,-հայտարարեց Հայաստանի փոխվարչապետը։ Սուրեն Պապիկյանը կոչ արեց մեկ անգամ եւս վստահել «Քաղաքացիական պայմանագրին» եւ կիրակի օրը ճիշտ ընտրություն կատարել։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» հետ կպայքարի «Շանթ դաշինքը», որի ցուցակը գլխավորում է Կապանի գործող համայնքապետ, անկուսակցական Գեւորգ Փարսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    The ‘Albanian’ will not dictate its will to Kapan citizens, basically implying that Serj and Robert were foreigners
    (Karabakhtsis) and that is why they were hated. There is not a trace of Armenian identity in these people, it’s as if nothing from the last 33 year struggle for the rights of Karabakh Armenians had even left a dent in their psyche. And people stand there and clap to this speech? I can say that I’m ashamed of being Armenian and seeing how backward, divisive, primitive, hateful, my people have become.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930