Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողների պասիվություն՝ Արզնի համայնքի ավագանու ընտրություններին

Նոյեմբեր 14,2021 13:13

ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքում մեծամասնական ընտրակարգով նոյեմբերի 14-ին ընթացող ավագանու ընտրություններում ժամը 13.00-ի դրությամբ գրանցվել է ընտրության մասնակցության բավականին ցածր ցուցանիշ:

Նշենք, որ այս համայնքում ավագանու անդամի 9 տեղի համար ներկայացվել է 14 թեկնածություն, որոնցից 8-ը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են, 6-ն ինքնաառաջադրումով:

Արզնի համայնքի ավագանու ընտրությունների քվեարկությունն անցկացվում է 28/1 և 28/2 ընտրատեղամասերում: 28/1 ընտրական հանձնաժողովի նախագահ Երմոնյա Լալայանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց. «Քվեարկության ընդհանուր ակտիվությունը թույլ է: Այս պահի դրությամբ ունեցել ենք 61 ընտրող, մեր ընտրատեղամասում ընդհանուր ընտրողների թիվը 1005 է»:

Երմոնյա Լալայանը հույս ունի, որ ժամը 13:00-ից հետո ավելի մեծ մասնակցություն կգրանցվի, քանի որ իրենց համայնքում հիմնականում այդպես է լինում:

28/2 ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Գևորգյանն էլ հայտնեց՝ իրենց ընտրատեղամասում 1047 ընտրողից ժամը 13:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 85-ը:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պասիվության պատճառը, Գագիկ Գևորգյանը պատասխանեց.  «Մոտիվացիան: Մեր համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններ չեն. համայնքի ղեկավարի լիազորության ավարտին դեռ երկու տարի կա: Հիմա ավագանու ընտրություն է, երևի մարդկանց համար այդքան էական չէ: Սովորաբար այդպես է լինում: Սպասումներ ունենք, որ օրվա երկրորդ կեսին ավելի շատ մարդ կգա ընտրելու»:

Գագիկ Գևորգյանը նաև տեղեկացրեց՝ իրենց ընտրատեղամաս ընտրություններին հետևելու համար այցելել են Լիտվայի դեսպանատնից և Սիրիայի հյուպատոսարանից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930