Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Գառնի, Նաիրի. ՔՊ ցուցակներում են, այսպես կոչված, նախկինների հետ աշխատած համայնքապետեր

Դեկտեմբեր 02,2021 18:12

Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք խոշորացված համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրություններ: Կիրակի օրը համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճըն, Աբովյան, Գառնի համայնքներում:

Ծաղկաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին առաջադրվել են 2 քաղաքական ուժեր՝ «Մեր համայնքը» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Մեր համայնքը» դաշինքի՝ Ծաղկաձորի համայնքապետի թեկնածուն անկուսակցական Գրիգոր Ղարիբյանն է: Դաշինքի ցուցակում ներառված են ՀՅԴ և «Համերաշխություն» կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ՝ վարորդ, ուսուցիչ, մեքենավար, փականագործ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Ծաղկաձոր համայնքի ղեկավարի թեկնածուն Մեղրաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Հարությունյանն է: Ցուցակի 2-րդ տեղում է գործազուրկ Ոսկան Եղիազարյանը: ՔՊ-ի 24 հոգանոց ցուցակում ներկայացված թեկնածուներից 6-ն անկուսակցական են, անկուսակցական է նաև ցուցակի 4-րդ համարը՝ «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի լեռնային վարպետ Գնել Թովմասյանը: Ցուցակում են նաև Մեղրաձորի համայնքապետարանի որոշ աշխատակիցներ:

Նոր Հաճըն խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է 5 քաղաքական ուժ՝ «Գագիկ Մաթևոսյան», «Վարդան Պապյան» դաշինքները, «Դեմոկրատական այլընտրանք», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

«Գագիկ Մաթևոսյան» դաշինքի թեկնածուն Նոր Հաճընի ներկայիս համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանն է, «Վարդան Պապյան» դաշինքի թեկնածուն՝ Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանն է, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության թեկնածուն կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրիկ Սուրենյանցն է, ՀՅԴ թեկնածուն ՀՅԴ անդամ Սարգիս Սարգսյանն է: ՔՊ-ի ցուցակը գլխավորում է անհատ ձեռներեց Սահակ Գյուլինյանը: Այս ցուցակում ներառված են մի շարք համայնքի ղեկավարներ՝ Գետամեջի, Քանաքեռավանի, Մրգաշենի համայնքապետեր, Քարաշամբ համայնքի ղեկավարի ժ/պ-ն:

Գառնի խոշորացված համայնքի ընտրություններում առաջադրվել են «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

«Հանրապետություն» կուսակցության 23 հոգանոց ցուցակում 6-ն անկուսակցական են, ցուցակում ներառված թեկնածուներից ութը չեն աշխատում, նրանց շարքում է վաճառողուհի, լիցքավորող, բուժքույր, ուսուցչուհի: Կուսակցության՝ համայնքի ղեկավարի թեկնածուն Արամ Խաչատրյանն է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ համայնքի ղեկավարի թեկնածուն Գառնի համայնքի ղեկավարի ժ/պ Տիգրան Պողոսյանն է: Այս ցուցակում են նաև Գողթ համայնքի ղեկավարը:

Նաիրի համայնքում առաջադրվել է 6 քաղաքական ուժ՝«Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հանրապետություն», «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: ՔՊ ցուցակում կրկին ներառված են մի շարք համայնքների ղեկավարներ՝ օրինակ՝ Զովունի համայնքի վարչական ղեկավարը, Պռոշյան համայնքի ղեկավարը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031