Լրահոս
Օրվա լրահոսը

Հումորախառն խուճապ Գյումրիում․ պատճառը՝ տարբեր թաղամասերում տարածված գազի հոտն է

Հունվար 20,2022 23:59

Մոտ երկու ժամ է՝ Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր են հնչում առ այն, որ գազի հոտ է լցվել բնակարաններում։ Բնակիչները ենթադրում են, որ արտահոսք կա։

Այս թեմայով ակտիվ քննարկումներ, հարց ու պատասխաններ են սկսվել նաև համացանցում․ օգտատերերն իրենց ենթադրություններն ու արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունից ստացած պատասխաններն են գրում։ Մեր օրինակով փաստենք, որ գազի հոտը բնակարանում այնքան ուժեղ է, որ գլխապտույտ է առաջացանում, թվում է՝ ուր որ է կխեղդվես։

Գյումրեցի օգտատերերից մեկը նույնիսկ նեղսրտել էր, թե պաշտոնական մի տեղեկություն չեն հաղորդում, այդ պատճառով ստիպված են եղել այս ուշ ժամին միայնակ ապրող, տարեց հիվանդ կնոջն արթնացնելու, որպեսզի ճշտեն, թե արդյո՞ք նրա բնակարանից է արտահոսքը։

Րոպեներ առաջ Շիրակի մարզպետարանն իր կայքում տեղադրեց հետևյալ պաշտոնական հաղորդագրությունը․ «Գյումրիում տարածված գազի հոտը մեր քաղաքացիների անհանգստությունն է առաջացրել։ Պատասխանատուների վստահեցմամբ՝ փորձարկման արդյունք է, և անհանգստանալու կարիք չկա»։

Ի դեպ, խուճապի հետ միասին  գյումրեցի օգատատերերը  սկսել են յուրատեսակ հումոր անել։ Օգտատերից մեկը գրել է․ «Յաաա, վերջը գազի հանքը գտան, էլի հրաշք Գյումրին, աշես՝ մի տասը տարուց գյումրեցիք Արաբիայի սուլթանների նման կաբրի՞ն»։

Մեկ այլ օգտատեր կատակել է․«Փողոցները կջեռուցեն, մենք է դռները բացել ենք, քիչմ գազ գա տուն, ձրի տաքնանք»։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ հումորով գրել է․ «Սիրելի կառավարություն, խնդրում ենք Գյումրու փողոցներից մարդկանց լարելու համար ժամերով արձակված գազը մեր վրա չհաշվես, հա՞, կյանքիդ մեռնինք։ Շնորհագալություն։

Մի խումբ քաղքցիներ»

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31