Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունի՞ Հայաստանը հնարավորություն մերժելու ՌԴ-ին». ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Համբիկ Սարաֆյանը՝ սահմանագծման-սահմանազատման, Լիլիթ Մակունցի եւ Արմեն Սարգսյանի մասին

Փետրվար 01,2022 16:54

«Ես բացարձակապես բան չունեմ, նա քաղաքական, պետական փորձ ունեցող անձնավորություն է: Անշուշտ, նախագահի պաշտոնը, նաեւ իր արարողակարգային բնույթով, որոշ հեղինակություն ունեցող անձնավորություն պիտի լինի, նաեւ իր ներդրումը պետք է ունենա, նաեւ, ինչ-որ չափով պետք է անկախություն ունենա իշխանությունից: Առերեւույթ լինի, նաեւ իրականության մեջ լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Համբիկ Սարաֆյանն՝ անդրադառնալով իշխող ՔՊ-ի կողմից նախագահի պաշտոնում Վահագն Խաչատրյանի թեկնածությունն առաջադրելու մտադրությանը:

Համբիկ Սարաֆյանի համար էլ տարօրինակ են Արմեն Սարգսյանի հրաժարականում բերված պատճառաբանությունները: Նրա գնահատմամբ, հնարավոր է խնդիրը Սահմանադրական բարեփոխումների մեջ է: Ի դեպ, ինքն այն կարծիքին է, որ Հայաստանն ի վերջո պետք է ունենա մի Սահմանադրություն, որի հանրաքվեն կասկածներ չի հարուցի:

Դիտարկմանը՝ իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հստակ չներկայացրեց՝ ինչո՞ւ է փոխվելու Սահմանադրությունը, հետեւաբար մեծանում է կասկածը, որ խնդիրը Սահմանադրության ներածությունում փոփոխություններն են, մասնավորաբար, Արցախի հարցի եւ Ցեղասպանության ճանաչման մասով, ՍԴՀԿ ԿՎ ատենապետն արձագանքեց՝ ասելով, որ չի հավատում, թե ՀՀ իշխանությունը կգնա նման քայլի, քանի որ դա նույնիսկ սիմվոլիկ առումով անբարենպաստ կլինի: Նա հույս ունի, որ շատ ավելի լուրջ մոտեցում կա Սահմանադրությունը շտկելու՝ իշխանության հակակշիռների ապահովման տեսանկյունից:

Հետաքրքրվեցինք նաեւ թե ինչպե՞ս է գնահատում ԱՄՆ-ում նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքը՝ նկատի ունենալով, որ այդ պատասխանատու պաշտոնում նրա նշանակումը Հայաստանում բավական քննադատության տեղիք տվեց: «Ես դրական եմ գնահատում նրա աշխատանքը: Որեւէ մեկ լուր, տեղեկություն չենք ստացել, որ սխալ քայլեր են արվել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Լիլիթ Մակունցին քննադատում են սակավ դիվանագիտական ունակությունների, դիվանագիտական փորձի պակասի համար, բայց արդյոք վերջին 25-30 տարիների ընթացքում արդարացրե՞ց դիվանագիտական բարձր փորձառություն ունեցող հատվածը, իսկ իրենք՝ իրենց փորձով, ի՞նչ արեցին, պարտվեցինք ոչ միայն ռազմի դաշտում, այլ մեր թեզը չկարողացանք պաշտպանել միջազգային դիվանագիտական ատյաններում:

Սահմանազատման-սահմանագծման գործընթացի մասին հարցին էլ մեր զրուցակիցը պատասխանեց՝ այո, հիմա ամենահարմար ժամանակը չէ Հայաստանի համար այդ գործընթացը սկսելու, բայց ունի՞ Հայաստանը հնարավորություն՝ մերժելու ՌԴ-ին, եթե վերջինս պնդի, որ գործընթացը պետք է սկսել: Եթե ունենք ՌԴ-ին հակազդող լծակներ, Համբիկ Սարաֆյանի համոզմամբ, պետք է դրանք գործարկենք, իսկ եթե գործընթացը պետք է ի հեճուկս մեզ լինի՝ պետք է պատրաստ լինենք, ամեն գնով, պահպանելու այն ամենը, ինչ մեզ է պատկանում: Մյուս կողմից, եթե ի վերջո լինի բաղձալի խաղաղությունը եւ ճանապարհները բացվեն, սահմանների՝ մեկ-երկու մետր այս կամ այն կողմ լինելը, նրա գնահատմամբ, հարց չի լուծելու:

Հարցին՝ մենք պետք է գնանք խաղաղության՝ ցանկացա՞ծ գնով, մեր զրուցակիցը պատասխանեց՝ այդտեղ է, որ պետք է ճիշտ կողմնորոշվենք՝ համարժե՞ք է այն գինը, որը վճարելու ենք եւ այդ գինը պետք է Հայաստանի ժողովուրդը որոշի:

Բանակի, երեսնամյա տոնակատարությունների մասին՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28