Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Չարենցը մերժեց Դեմիրճյանին, իսկ Դեմիրճյանը ծաղրանկարեց մտավորականներին

Փետրվար 09,2022 13:30

Մանրամասներ գրողի հոբելյանական տարվա պատրաստությունից

2022 թվականը հոբելյանական է Դերենիկ Դեմիրճյանի համար` ծննդյան 145-ամյակն է, եւ այս համատեքստում գրողի տուն-թանգարանը մի շարք միջոցառումներ է նախաձեռնել, որոնք նոր լույսի ներքո են ներկայացնելու նրան: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Դերենիկ Դեմիրճյանի թագարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը. «Վերջապես այս հոբելյանին կգնանք Պանթեոն, եւ չենք տեսնի շիրմաքարն այն վիճակում, ինչպիսին եղել է 2008թ.: Եթե հիշում եք, շքեղ, բրոնզե կիսանդրին գողացել էին, եւ վերջապես այն այժմ փոխարինվել է գլխաքանդակով, որի հեղինակն է լուսահոգի Ֆերդինանտ Առաքելյանը: Նոր քանդակի տեղադրման մտահղացումը իմն ու Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանինն էր, աջակցություն են ցուցաբերել Դեմիրճյանի համերկրացիները, մասնավորապես՝ Տաճատ Վարդապետյանը: Սպասում ենք օրերը տաքանան եւ արդեն ճակատներս բաց գնանք Դեմիրճյանի շիրմին այցելության»:

Տիկին Ռաֆայելյանն առայժմ հստակ ժամանակացույց չնշեց միջոցառումների, բայց ասաց, թե ինչ է ծրագրված: Նաեւ անդրադարձավ արդեն իրականացված աշխատանքներին: Ասաց, որ մեծ երթ է նախատեսված Պանթեոն, որտեղ բնականաբար խոսքեր կլինեն Դեմիրճյանին արժեւորող, իրականացնելու են գիտաժողով` նվիրված Դերենիկ Դեմիրճյանին: Այդ գիտաժողովներն անցկացվում են իր ծննդյան 125-ամյակից սկսած` ամեն հինգ տարին մեկ: Մեր զրուցակիցը նշեց, որ այս անգամ մեծ թիվ են կազմում դեմիրճյանական խոսք ասողները. պիտի ներկայացվի Դեմիրճյան գրողը, թատերական գործիչը, Դեմիրճյանական կինոն, Դեմիրճյանի քաղաքական- հասարակական կեցվածքին կանդրադառնա նրա եղբոր թոռը` պատմաբան Վահան Մելիքյանը, իսկ թանգարանի վարիչը կկարդա զեկուցում Դեմիրճյան-Սարոյան խճճված հարաբերությունների մասին: Գիտաժողովին կմասնակցեն մասնագետներ մանկավարժական եւ Երեւանի պետական համալսարաններից, Գրականության եւ արվեստի թանգարանից, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտից` ի դեմս կինոգետ Սիրանուշ Գալստյանի:

«Մենք ցանկություն ունենք հոբելյանը դուրս բերել Երեւանի սահմաններից, սակայն ամեն ինչ կախված է ֆինանսական միջոցներից: Ցանկություն ունենք երեք ուղեւորություն ունենալ հոբելյանի առիթով, մեկը` Վանաձոր, այնտեղ դիտելու Դեմիրճյանի «Երկիր Հայրենի» դրաման, որը Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում բեմադրել է Վահե Շահվերդյանը, մյուսը` Գյումրի, որտեղ Մտորումների թատրոնում բեմադրել են «Ավելորդը» պատմվածքը, մյուսը` Ջավախք, որտեղ ցանկություն ունեն Դեմիրճյանին նվիրված կենտրոն ստեղծել: Մենք որոշել ենք ժամանակավոր ցուցադրություն անել եւ բաներները դնել Գյումրիի, Վանաձորի թատրոնների ճեմասրահներում, իսկ վերջում դրանք կթողնենք Ջավախքում:

Մեր թանգարանում իրականացնում ենք նաեւ հանդիպումներ այն ստեղծագործական կոլեկտիվների հետ, որոնք անդրադարձել են Դեմիրճյանին, օրինակ՝ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ, որի «Էրկեն գիշեր» ֆիլմի հիմքում «Ավելորդը» պատմվածքն է, այդ ֆիլմի ստեղծագործական կազմին արդեն հյուրընկալել ենք: Դպրոցականներն այսուհետ «Ավելորդի» կրթական ծրագրին մասնակցելով ոչ միայն կլսեն դասախոսություն, քննարկում, այլեւ կարող են դիտել ֆիլմը, մենք կունենանք հանդիպում «Քաջ Նազար» ֆիլմի ստեղծագործական խմբի հետ, որի ռեժիսորն է Արմեն Ռոնովը: Հանդիպում ենք ունենալու նաեւ Ժիրայր Դադասյանի եւ Մնջախաղի թատրոնի դերասանների հետ, որոնց մասնակցությամբ բեմադրվել է «Գիրք ծաղկանցը» մնջախաղի ժանրում: «Գիրք ծաղկանցի» տեսանյութը եւ «Քաջ Նազարը» եւս ունենք»,-նշեց Կարինե Ռաֆայելյանը:


Խոսելով Դերենիկ Դեմիրճյանի արխիվի մասին, ասաց, որ այն լիովին ուսումնասիրված չէ, եւ ամեն անգամ իրենք ինչ-որ անտիպ բան են գտնում: Հավելեց, որ այս հոբելյանը եւս կնշանավորվի ուշագրավ նյութով. «Դեմիրճյանը Վերնատան հավաքների ժամանակ մի անկյունում նստած ծաղրանկարներ է նկարել, դրանք մակագրություններով են: Օրինակ, Թումանյանի ծաղրանկարի բովանդակությունը լրացված է սրամիտ տեքստով. «Հոգուս մեջ ահատեսիլ ձեւեր դանդաղորեն կտարտամին ծուլության ճամփին վրա… Ու ես կտոկամ՝ ի քուն ընկղմած, գանգիս մեջ «Բլբուլն հազարան», որու թուղթն գնած պատրաստ է արդեն: Սպասեցեք, ո՜վ եղբայրներ, քնես հոգնելեն եւ այդ հոգնությունն նորեն քնով հանգստացնելեն ետքը… սակայն քունս կտանի, ծառայություն»: Ծաղրանկարների շարքը տպագրվում է «Գրական թերթում»: Մտածում ենք Թանգարանային գիշերի շրջանակում ցուցադրություն անել մեր թանգարանում: Դեմիրճյանի ծաղրանկարներում կան նաեւ Լեոն, Պռոշյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, «Մշակին» ու «Մուրճին» նվիրված ծաղրանկարներ կան:

Ոմանց նկատմամբ ծաղրը կծու է, ոմանց նկատմամբ` ընկերական, բարեկամական»: Կարինե Ռաֆայելյանը խոսեց նաեւ անտիպ բանաստեղծության մասին` Չարենցի մակագրությամբ. «Դեմիրճյանը գրել է բանաստեղծություն եւ տարել տպագրության, սակայն Չարենցը, որ Հայպետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչն էր, մերժել է` բարձր կարծիք ունենալով «Քաջ Նազարի», լեզվի ու ոճի մասին»: Թանգարանի վարիչը խոսեց նաեւ իրենց աշխատանքի կարեւոր բաղադրիչ հանդիսացող Ժամանակակից գրականության անդրադարձի մասին. «Դեմիրճյանի թանգարանին մոտ կանգնած մարդկանց հետ արել ենք միջոցառում` «Ինչպես էին հյուրընկալվում Դեմիրճյանի տանը» խորագրով: Ի դեպ, Դեմիրճյանը սիրում էր կաթով սուրճ եւ «Ականջներ» թխվածքը, որը թխում էին մեր տատիկները: Մենք հյուրասիրել ենք բոլորին կաթով սուրճ եւ քաղցրավենիք` փորձելով պահել Դեմիրճյանի հյուրընկալության կանոնները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Դերենիկ Դեմիրճյանի թանգարանի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
08.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28