Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Թող բոլորն իմանան․ մենք երբեւէ չենք լինելու Ադրբեջանի կազմում»․ Արցախի ԱԳ նախարար

Փետրվար 12,2022 16:25

«Մենք երբեւէ չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Թող սա բոլորն իմանան։ Դա անընդունելի է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արցախի կարգավիճակի խնդրին՝ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Նա հարցադրում արեց․ «Ի՞նչ պիտի անի աշխարհը, ասի, որ միանանք Ադրբեջանի՞ն։ Եթե մենք չենք ուզում, ի՞նչ կանեն, կկոտորե՞ն մեզ, իհարկե՝ ոչ։ Իսկ Ադրբեջանի ոտնձգությունները մեզ չեն վախեցնի։ Մենք անկոտրում ենք։ Թող սա էլ բոլորն իմանան»։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե ՀՀ-ն դեռեւս 1992 թ․-ին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Դավիթ Բաբայանը շեշտեց․ «ՀՀ-ն պաշտոնապես երբեւէ չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Երկրորդ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ Արցախը չկա»։ Դավիթ Բաբայանն այսօր գիտությունների ազգային ակադեմիայում իր երկու գրքերի շնորհանդեսին էր մասնակցում, եւ քննարկման ժամանակ ԳԱԱ անդամները եւս հետաքրքրվեցին Արցախի կարգավիճակի հարցով։

Դավիթ Բաբայանը վերահաստատեց․ «Արցախի հասարակությունն ասում է, որ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Եթե հանրությունը լինի այնքան բարոյալքված, որ որեւէ արժեք ու նպատակ չունենա, դա հակառակորդի նպատակը կդառնա՝ մեզ ազգից վերածել ժողովրդի, ժողովրդից՝ ամբոխի, ամբոխից՝ ցեղի։ Կներեք, որ կոշտ արտահայտվեցի։ Այսինքն,  վերածի զանգվածի, որի համար միայն ուտելն է կարեւոր։ Եթե սա լինի, մեզ չի փրկի անգամ մեր կողքին կանգնած ամենահզոր երկիրը։ Ադրբեջանի կազմում մենք հեռանկար չունենք, հատկապես այս Ադրբեջանի։ Ո՞նց եք պատկերացնում, մենք  ո՞նց կարող ենք Ադրբեջանի կազմում լինել։  Ինչ վերաբերում է այլ երկրներին, որեւէ մեկը որեւէ բան մեզ չի կարող պարտադրել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28