Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը ոչ մի թաքուն հանձնարարական իր մտքի, պատկերացումների մասին գաղտնի բան ինձ չի ասել». Կարեն Անդրեասյան

Փետրվար 16,2022 13:46

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի երկրորդ նիստն էր: Նիստից հետո արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք ամեն դետալի վրա բանավեճ են ունենում, որ այն 5 գիտնականները, որոնք կձեւավորեն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, վայելեն հանրության վստահությունը:

Թե կառավարման մոդելի փոփոխություն լինելո՞ւ է՝ Անդրեասյանն ասաց, որ այդ որոշումը կայացնելու է խորհուրդը, քաղաքական որոշում չկա:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ իրար հակասող հայտարարություններ է արել, թե որ կառավարման համակարգն է իր համար նախընտրելի՝ կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ու երբ իր որոշմամբ խորհուրդը ձեւավորվել է, դրան նախորդե՞լ է իր հետ խոսակցություն այս թեմայով, նա ինչ-որ ուղենիշներ տվե՞լ է, թե՞ ոչ՝ Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Վարչապետի հայտարարությունները ոչ թե իրար հակասող էին, այլ փոխլրացնող էին ու ժամանակի ընթացքում մտորումներ էին մեր ժողովրդի կարիքների մասին: Եվ՝ այո, բնականաբար, քննարկումներ եղել են կառավարության ծրագրի քննարկման մասով ու բոլոր հայտարարությունների իմաստը հետևյալն է՝ գտնել ամենաօպտիմալ կառավարման համակարգը ՀՀ-ում, որ մարդկանց մոտ լինի արդարության զգացողություն, բայց միեւնույն ժամանակ՝ կառավարման արդյունավետություն»:

Այսօրվա նիստում դիտարկումներ եղան, որ նախորդ իշխանությունների ժամանակ խաբեություն է եղել, հայեցակարգը չի համապատասխանել վերջնական նախագծին, ուստի մենք հետաքրքրվեցինք՝ դուք մտավախություն չունե՞ք, որ այս քննարկումները քաղաքականի կվերածվեն, ոչ իրավական ու մասնագիտական կլինեն՝ նախարարը պատասխանեց. «Որ քաղաքականի կարող են վերածվել, դա հնարավոր է ու դա նույնիսկ նորմալ է, որովհետեւ այս մարմինը քաղաքական մարմին է, իմիջիայլոց, այստեղ պետք է լինեին նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, որ է՛լ ավելի քաղաքական քննարկումներ լինեին: Եթե ներկա լինեին, կարող էին հանգիստ արձագանքել Իոաննիսյանին, ասել՝ ինչի հետ համաձայն են, ինչի հետ համաձայն չեն»:

Անդրեասյանն ասաց, որ եթե այսօր ուզում են մի լավ բան անեն, կարող են համեմատել անցյալի հետ, ապագայի հետ, այլ պետությունների հետ. «Լինելու են քաղաքական հայտարարություններ ու դա նորմալ է, ես փորձելու եմ այնպես անել, որ այդ քաղաքական բանավեճերը ի վերջո ստանան միս ու արյուն ու դառնան արդյունք»:

Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ սա ինչ-որ առումով սահմանադրության աուդիտ է ու հնարավոր է որոշեն, որ փոփոխություններ պետք չեն, ուստի հարցին՝ հնարավո՞ր է այսպես աշխատեք ու գաք եզրակացության, որ ոչ մի փոփոխություն էլ պետք չի՝ Անդրեասյանը պատասխանեց. «Խորհուրդը կարող է աշխատել ու հանձնաժողովն էլ կարող է ստանալ առաջարկություններ ամբողջ մեր հայությունից ու եթե պարզվի, որ մեր սահմանադրությունը կատարյալ է, ուրեմն խորհուրդը կասի, որ ոչ մի բան փոփոխելու կարիքը չկա: Ես, որպես խորհրդի անդամներից մեկը, հաստատ նման առաջարկի չեմ քվեարկի, որ այնքան կատարյալ է մեր Սահմանադրությունը, ոչ մի փոփոխելու բան չկա»:

Հարցին՝ նախագահի լիազորությունների մասին կա՞ն արդեն որոշումներ, հստակ մոտեցումներ՝ Անդրեասյանը պատասխանեց, որ իր անձնական մոտեցումներն ունի, թե ինչ լիազորություններ կարելի է տալ նախագահին, բայց դա իր մտքում է, կառավարության մոտեցումը չէ. «Վարչապետը ոչ մի թաքուն հանձնարարական իր մտքի, պատկերացումների մասին գաղտնի բան ինձ չի ասել: Ինչ-որ գաղտնի օրակարգ, որ վարչապետը տվել է ինձ, որ ես այստեղ լոբբինգ անեմ, անկեղծ եմ ասում, չկա այդպիսի օրակարգ: Կա անկեղծ ցանկություն հասկանալ ինչն է պրոբլեմ եւ դա շտկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28