Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ արդյո՞ք Սյունիքի մարզպետի խորհրդականը ներկայացել է որպես ապագա մարզպետ

Փետրվար 17,2022 19:15

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 80 աշխատողներ Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 17-ին բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Կոմբինատի տնօրինությունը փորձել է բացատրել աշխատակիցներին, որ աշխատավարձի բարձրացումը ժամանակի հարց է, այս պահին դա չի քննարկվում։ Բողոքավորներին չի գոհացրել տնօրինության պատասխանը ու շարունակել են ցույցը։  Ըստ ականատեսների, քիչ անց բողոքավորներին է մոտեցել Սյունիքի մարզպետի խորհրդական Գառնիկ  Պետրոսյանը ու ասել, որ ինքը կլուծի աշխատավարձերի հարցը։ Քաջարանցիները Գառնիկ Պետրոսյանի հայտարարությունից հետո՝ բացականչել են ՝«ապրի մեր ապագա մարզպետը»։

Aravot.am-ի աղբյուրի փոխանցմամբ բողոքավորները կառավարող ուժի համակիրներ էին։

Սյունիքի մարզպետի խորհրդական Գառնիկ Պետրոսյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում չժխտեց, որ հանդիպել է ԶՊՄԿ-ի բողոքող աշխատակիցներին։ «Աշխատավարձի խնդիր կար, պայմանավորվեցինք՝ որ առաջիկայում կքննարկենք այդ հարցը»,-ասաց Պետրոսյանը։ Մեր այն դիտարկմանը, թե արդյոք նա հանդիպե՞լ է ԶՊՄԿ-ի տնօրինության հետ՝ պատասխանեց․ «Ոչ, այսօր չեմ հանդիպել, բայց մոտ օրերս նախատեսում եմ հանդիպել»։

Իսկ արդյոք բողոքավորները Պետրոսյանին որպես Սյունիքի ապագա մարզպետ են ընդունել կամ ինքը այդպես է ներկայացել՝ խորհրդականը միանգամից ասաց․ «Դա դեզինֆորմացիա է»։

Նշենք, որ Գառնիկ Պետրոսյանը Սյունիքի մարզպետի խորհրդական է նշանակվել այս տարի հունվարի 17-ին։ Մեր այն հարցին, թե մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին առաջին խորհուրդն որն է եղել՝ Պետրոսյանն ասել էր․ «Ծննդով քաջարանցի եմ, կարեւորում եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցությունը՝ թե՛ Քաջարանի, թե՛ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման  գործում, ու առաջարկներս եղել են այդ համատեքստում»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Գառնիկ Պետրոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուկից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28