Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես համաձայն չեմ ավանակի դերում լինել»․ վարորդները բողոքի ցույց են անում ընդդեմ ԱՊՊԱ թանկացման

Փետրվար 18,2022 14:16

Ապահովագրական բյուրոյի մոտ «ԱՊՊԱ-ն չի՛ թանկանալու» նախաձեռնության անդամներն այսօր կրկին բողոքի ցույց էին անում։ Նրանք պնդում են՝ իրենց ցույցերը շարունակվելու եւ ավելի մեծ թափ են ստանալու՝ եթե ԱՊՊԱ պայմանագրի թանկացման մասին որոշումը չկասեցվի։

Drivers hold a protest action against the growing rates of the CMTPL on Mher Mkrtchyan street of Yerevan, Armenia

Ցույցի մասնակիցներն ասացին, դժգոհ են վերջերս ԱԺ-ում այս թեմայով քննարկումներից եւ պարզաբանումներից։

«Մենք հասկանում ենք, որ տնտեսական ճգնաժամ կա, բայց դա չի նշանակում, որ պետական կառույցներն ու տնտեսվարողները կարող են իրենց ծառայությունները թանկացնել։ Ինչո՞ւ պետք է 1-10 ՊՄ դաս ունեցող տրանսպորտային միջոցի սեփականատերը վճարի 3 հազար դրամ ավել ապահովագրավճար, երբ նա տարիներ շարունակ ապահովագրավճար է վճարում եւ դրա դիմաց ոչինչ չի ստանում։ 10-14 դասը 6-9 հազար դրամով թանկանում է, ինչպե՞ս է լինում, որ եթե վթարի պատճառ ես հանդիսանամ ու ապահովագրական ընկերությունը մեքենայի վնասը գնահատում է 20 հազար դրամի չափով։ Այսինքն, ստացվում է, որ ես տարիներ շարունակ 50 հազար դրամ իմ մեքենայի ապահովագրավճարը պիտի վճարեմ, գումարած՝ 6-9 հազար դրամ ավելի թանկ, 4 տարում 36 հազար դրամ ավել եմ վճարելու այն դեպքում, երբ այդ մեքենայի վնասը կազմել է ընդամենը 20 հազար դրամ։ Դրա փոխարեն մարդիկ կարող են ապահովագրություն չանեն, այլ տարբերակով ե՛ւ իր, ե՛ւ դիմացինի մեքենան վերանորոգեն»,-դժգոհեց ցույցի մասնակիցներից մեկը։

Ցույցի մեկ այլ մասնակից էլ՝ Նարինե Մուրադյանն էլ ասաց՝ այս թանկացումը 3 հազար դրամով չի ավարտվում, 3 հազարին գումարած անվերջություն, մեկի մոտ՝ 4 հազար դրամ է, մյուսի մոտ՝ 9-15 հազար․ «Իմ ԱՊՊԱ-ն թանկացել է 140%-ով, ես 16 դաս եմ եւ մոտ 16 հազարով թանկացել է։ Ասում են՝ ֆինանսական ճեղքվածք կա։ Իսկ ինձ հարցրե՞լ են՝ ես չունե՞մ ֆինանսական ճեղքվածք։ Իրենց տաք սենյակներում նստած որոշել են, որ պետք է վարորդներից ավել գումար գանձեն»։

Նարինե Մուրադյանն ասաց, որ ԱՊՊԱ փոխհատուցումներն էլ խայտառակ ձեւով են իրականացվում, հաճախ ապահովագրական ընկերությունների փոխհատուցումն ավելի քիչ է, քան պատճառված վնասը․ «Իրենց նշած փոխհատուցումներով ոչ մեկը հնարավորություն չի ունենում պահեստամաս փոխելու կամ վերանորոգելու։ Այդ կառույցը միայն գումա՞ր է շորթում, ես համաձայն չեմ ավանակի դերում լինել։ Ասում են՝ վնասով են աշխատում, մենք էլ վնասով ենք ապրում»։

Drivers hold a protest action against the growing rates of the CMTPL on Mher Mkrtchyan street of Yerevan, Armenia

Ցույցի մասնակիցների կարծիքով ամբողջ ԱՊՊԱ համակարգը պետք է վերանայել, հատկապես ապահովագրական ընկերությունների ծառայությունները պատշաճ ապահովեն։

«Ապահովագրական ընկերություններն ամեն ինչ շատ ցածր են գնահատում․ վթարի ժամանակ չեն էլ գալիս տեղում որոշելու։ Հիմնականում վարորդներն են նկարում վթարն ու ուղարկում իրենց, վերջում փոխհատուցելու ժամանակ գալիս են՝ մի հատ նայում։ Այսինքն, էդ իրենց ասած՝ «սերվիսը» մենք ենք մատուցում, ոչ թե իրենք։ Վերջերս դեպք եղավ՝ մեքենայի երկու մաս էր վնասվել։ ԱՊՊԱ- ն 40 հազար դրամ փոխհատուցեց, մինչդեռ ամեն դետալն էր առնվազն այդքան։ Իրենց ծառայությունը՝ մի հատ գնահատում են, մի հատ էլ պիտի կրկնակի փորձաքննության գնաս, մի հատ էլ բյուրո դիմես, մի հատ էլ՝ դատարան, հաշտարար։ Այ այսպիսի քաշքշուկների մեջ են գցում»,-ասաց Նարինե Մուրադյանը։

Արտակ Խաչատրյանի խոսքով էլ՝ որոշումից հետո որպես լավ լուր հաղորդվում էր, թե տաքսի վարորդների ԱՊՊԱ-ն էժանանում է, սակայն հակառակն է տեղի ունենում․ «Տաքսիստներին կրկնակի են խաբել։ ԱԺ-ում պարզեցինք։ Մարդիկ նախորդ տարի սեզոնային տաքսի են վարել, պայմանագրի ժամկետը լրացել է, նոր սովորական, ոչ տաքսիի պայմանագիր կնքել չի ստացվում, ասում են՝ ինչ-որ անցումային փուլում են։ Ստիպված են էլի տաքսու ԱՊՊԱ կնքել, ինչը թանկ է։ Ու այս մարդկանց թիվը մեծ է։ Բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում, որ ոչ թե էժանացել է, այլ՝ թանկացել»։

Արտակ Խաչատրյանի խոսքով՝ բացի այս թանկացումից, պարզվում փաթեթում այլ՝ ոչ հօգուտ վարորդների դրույթ կա․««Շուստրիություն» են անում՝ իբր լավ նորություն են մատուցել, ասում են՝ նվազ վթարի դեպքում երեք միավոր է բարձրանում մալուսը։ Իրականում նախկին 4 միավորից էլ բարձր է կազմում, գումարային առումով էլ ավելի թանկ է նստում։ Այս փաթեթը ոչ մի էժանություն էլ չի պարունակում»։

Ցույցի մասնակիցներն ասացին, որ այս ցույցից հետո ապահովագրողների բյուրոյին հանգիստ կթողնեն, սկսելու են ավելի լայնածավալ ցույցեր եւ այն մարդկանց եւ չինովնիկներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ բյուրոյի եւ հատկապես ԿԲ-ի վրա, ստիպելու են վերանայել որոշումը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28