Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեքենան կայանելն անհրաժեշտություն է, շքեղություն չէ։ Մեզ մոտ դառնում է շքեղություն»․ Իզաբելլա Աբգարյան

Հունվար 10,2024 15:22

«Մինչև նիստի օրը՝ մենք հստակ ներկայացրել ենք, որ դեմ ենք։ Դուք գիտեք, որ մենք նախկին քաղաքապետի խմբակցությունն ենք և դեռ այն ժամանակ կարմիր գծերի տարանջատման գոտիների աշխատանքային խումբ կար, ինքս էլ այդ խմբում եմ եղել, և հստակ եկել ենք այն եզրակացության, որ մինչև չունենանք այլընտրանք՝ նորմալ աշխատող տրանսպորտ, դեռ չպետք է սահմանափակումներ մտցնենք՝ առավել ևս նման տիպի գումարային սահմանափակում՝ ով հարուստ է, կարող է կանգնել, ով ոչ՝ ոչ»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված «Կարմիր գծերի թանկացումից առաջ և հետո․ ի՞նչ է փոխվել Երևանի փոքր Կենտրոնում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Նա նշեց՝ միայն մեկ լծակ ունեին, որ քվորում չլինի և Երևանի ավագանու նիստ տեղի չունենա, սակայն Երևանի ավագանու երրորդ՝ այսպես կոչված ընդդիմադիր խմբակցությունը՝ «Հանրային ձայն»-ը քվորում ապահովեց։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը հիշեցրեց՝ իրենց խմբակցությունը, լսելով, որ 160 հազար դրամ են դարձնելու կարմիր կետագծերը, շուրջ 13,5 անգամ թանկացնում են ՀՀ քաղաքացիների համար, անմիջապես դեմ է արտահայտվել, դուրս են եկել փողոց․ «13,5 անգամ կայանելու իրավունքը թանկացնելն անհեթեթություն է։ Մենք որոշեցինք քվորում չապահովել, բայց իրենց ընդդիմադիր հորջորջող խմբակցությունը, որը փոքրամասնության իշխանությանը, որը չուներ երևանցու վստահության քվեն՝ որպես քաղաքապետ Տիգրան Ավինյանին ձևավորեց, հենց նրանց միջոցով էլ կայացնում են այս ապօրինի որոշումները։ Նրանք փոքրամասնության խմբակցություն են։ Թանկացնում են այն պարագայում, երբ չեն ստեղծել ոչ վերգետնյա, ոչ ստորգետնյա ավտոկայանատեղիներ, չեն ապահովել ոչ մի մեխանիզմ, չեն դարձրել հանրային տրանսպորտն այն մակարդակի, որ քաղաքացին նախընտրի 100 դրամով երթևեկել մեքենայի փոխարեն, միանգամից մտնում եք քաղաքացու գրպանը»։

Սոնա Աղեկյանն ասաց, որ իրականում դեմ լինելը քվորում չապահովելն է, իսկ նիստերի դահլիճում լինելը չի նշանակում ապահովել քվորում։ Նա վստահեցրեց՝ Երևանի ավագանիում երկու ընդդիմադիր ուժ գոյություն ունի։ Ըստ նրա՝ ժողովրդի ականջին հաճո խոսքեր ասել կարող են, բայց գործնականում իշխանության շահն են սպասարկում։ Իսկ դա չի նշանակում լինել ընդդիմադիր։

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը նշեց՝ հունվարի սկզբին ամենօրյա ռեժիմով տեղեկություններ էին ստանում, որ Երևանի կենտրոնը բեռնաթափվել է, մինչդեռ Նոր տարի էր, մարդիկ աշխատանքի չէին, դրա համար․ «Մեր ընկերությունը կենտրոնում է, եկել եմ կենտրոն, առանձնապես տարբերություն չկա։ Ողջունում եմ՝ ժողովուրդը հարստացել է, էլի կանգնած են։ Նախ` հանրային տրանսպորտն է անհրաժեշտ բեռնաթափել։ Բանգլադեշից Կենտրոն մետրո է հարկավոր, Մասիվից է մետրո պետք, ենթակառուցվածքներ ու հանրային տրանսպորտ»։

Արտակ Խաչատրյանն առաջարկում է այսպիսի լուծում․ «Համայնքն ընդամենը տենդեր է հայտարարում, որ մենք տրամադրում ենք հողատարածք, դուք կառուցում եք ավտոկայանատեղի, մենք կիսովի աշխատում ենք։ Այդ կայանատեղիները մի քանիսը պիտի լինեն, որ ալտերնատիվ լինի։ Ցանկացած բանական մարդ կգնա, մեքենան կկանգնեցնի այնտեղ։ Բեռնաթափում անվանումը ճիշտ չէ։ Կայանման վճարը 13 անգամ թանկացել է, մեքենաները ենթադրենք պակասելու են 13 անգամ։ Կայանատեղիներն առաջին գոտում են, եթե 13 մեքենան մեկ հիսուն մետրը մեկ մի մեքենա կանգնած լինի, առաջին գոտին շահագործման ենթակա չի լինի։ Եթե երկրորդ գոտում մեքենա է խափանվում, այդ մասում կուտակում է առաջանում, այդ խցանումը քաղաքի մյուս մասն է հասնում։ Եթե մեկ միլիոն դրամ էլ սարքենք կայանման վճարը, էլի մի մեքենա կգտնվի, որ կկանգնի։ Ազնիվ կլիներ ասել, որ դարձնում ենք 24 հազար, հետո մյուս տարի էլ կթանկացնեին՝ պատճառաբանելով, որ կյանքն է թանկանում։ Նախ` պիտի քաղաքը ազատել ապօրինի կայանատեղերից, «ստայանշչիկներից», մյուս ամենակարևոր խնդիրը․ քաղաքապետարանը պիտի մտածի այլընտրանքի մասով»։

Իզաբելլա Աբգարյանը հայտարարեց․ «Մեքենան կայանելն անհրաժեշտություն է, շքեղություն չէ։ Մեզ մոտ դառնում է շքեղություն, քանի որ կայանելու համար պետք է լինես հարուստ ու շատ վճարես։ Դա անթույլատրելի է։ Մարդն ասում է՝ փոքր «Նիսան մարչ» եմ քշում, ունեմ միջին եկամուտ, մյուսն ավտոբուսի չափ էլեկտրոմոբիլ է կանգնեցնում, հիմա ո՞ր մեկիս մեքենան է ավելի ծանրաբեռնում»։

Իզաբելլա Աբգարյանը վրդովված նշեց՝ այս իշխող քաղաքական ուժը համահարթեցնում է հարկերը․ «Ամեն ինչ գնում է նրան, որ եթե ունես գումար, քեզ լավ ես զգում։ Թիրախը միջին խավն է դարձնել։ Ովքե՞ր ենք Կենտրոնում աշխատում՝ բուհերի դասախոսները, պետական ոլորտի աշխատակիցները։ Ամբողջ բեռը հենց նրանց վրա է։ Փոխանակ 10 միլիարդ դրամի չգիտես ում բակերը վերանորոգեին, մտնեին շքամուտք, որը համայնքի պարտականությունը չէր, կարող էին այդ գումարն ուղղել կայանատեղիների կառուցմանը։ Ստորգետնյա կայանատեղիները Երևանին պետք են նաև անվտանգության տեսանկյունից․ դրանք նաև թաքստոցներ են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031