Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ ուզում է լինի՝ կաթուցիչ, որ տեսնում եմ, վերցնում եմ. Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Մարտ 01,2022 14:15

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Ներսես Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանում է, թե որտեղից են իր գրպանում ոստիկաններն օրեր առաջ հայտնաբերել կաթուցիչ (պիպետկա):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Ներսես Պողոսյանին եւ եւս մեկ քաղաքացու:

Ներսես Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչու է մոտը կաթուցիչ պահում:

«Մոտս կաթուցիչ չեմ պահում, հարցը եկեք այսպես գոնե ձեւակերպենք, ինչու է այդ պահին մոտս կաթուցիչ եղել կամ ոնց է մոտս հայտնվել, այդպես ավելի ճիշտ կլինի: Դեպքի առաջին օրը` զբոսնելուց գետնից վերցրել եմ ու հաճախակի, երբ քաղաքում տեսնում եմ փողոցով քայլելիս՝ որտեղ ուզում է լինի, նմանատիպ բան, որ տեսնում եմ՝ վերցնում եմ, գցում եմ աղբարկղը, որ երիտասարդի ու պատանու ձեռքում չհայտնվի: Այդ անգամ վերցրել էի ու մոռացել գցել: Շատ է պատահում, որ գրպաններիս մեջ նաեւ սիգարետի մնացուկ եմ հավաքում, որ ծխում եմ՝ աղբաման չի լինում, մնացորդը չեմ գցում գետնին, որովհետեւ էդ փողոցը մաքրում են տատիկներ ու պապիկներ, դրա համար վճարվում է բյուջեից: Կաթուցիչ մոտիցս հայտնաբերելը չի նշանակում թմրանյութ պահել: Կաթուցիչը եղել է դատարկ, բայց օգտագործված»,- ասաց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Նա չասաց, թե ով է ոստիկանություն իր հետ տարված քաղաքացին եւ արդյոք այդ քաղաքացին նույնպես թմրամիջոց պահելու կասկածանքով է բերման ենթարկվել ու նույնպես, ինչպես ինքը, փորձաքննություն անցել: «Չգիտեմ, մենք առանձին ենք եղել ոստիկանական բաժանմունքում»:

Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը հենց նրա համար է հեղափոխություն արել, որ նաեւ պաշտոնյաները բերման ենթարկվեն:

Իսկ մեր հարցին, թե ինչով եք կասկած հարուցել, որ ոստիկանները զննություն են կատարել ձեր գրպաններում, Ներսես Պողոսյանը պատասխանեց՝ ուժեղացված ծառայության ժամանակ է եղել, կանգնեցրել են մեքենան, որ ստուգեն:

Փորձաքննության արդյունքները, ըստ մեր զրուցակցի, դեռ հայտնի չեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում՝ Ներսես Պողոսյանն այն շրջանում, երբ Ժիրայր Սեֆիլյանի գործով ամբաստանյալ էր։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031