Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ավագանու անդամը՝ թաղապետերին․ «Ժեկի պետն ավելի շատ լիազորություններ ունի, քան դուք»

Մարտ 15,2022 20:25

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը հարց ուղղելով վարչական շրջանի ղեկավարներին, դիմեց որպես Ժեկի պետեր․ «Իմ շատ սիրելի ժեկի պետեր․․․ կներեք, վարչական շրջանի ղեկավարներ»։

Խաչատրյանը հեգնելով ասաց, որ չգիտի թե կոնկրետ ում հարց տա, քանի որ նորանշանակներ կան, եւ այնքան ԺՊ-ներ կան։ Հետո որոշեց, իր խոսքով՝ հնաբնակներին ուղղել ու դիմեց Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջանների ղեկավարներին․«Պարոն Պողոսյան, պարոն Դանիելյան,  ինչո՞ւ եք այդքան վատ աշխատում, ինչո՞ւ եք այդքան անպետք բաժիններ պահում՝ իրավաբանական բաժնի նման, որ ձեզանից տանում են։ Ի դեպ, Ժեկի պետի համար ներողություն խնդրեցի, բայց այսօր Ժեկի պետն ավելի շատ լիազորություններ ունի, քան դուք։ Արդյոք ձեր իրավաբանական բաժնի աշխատողները չէի՞ն աշխատում, ու իրենց չլինելով չի՞ տուժում վարչական շրջանն ու բնակիչները»։

Քաղաքապետը Խաչատրյանին  հորդորեց չվիրավորել, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասաց․«Չեմ վիրավորել, բավականին բարձր պաշտոնի հետ եմ շփոթել»։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն էլ ի պատասխան, ասաց․ «Դուք օրակարգի 14-րդ հարցի էությունը խորացված չեք ընկալել, լավ ու վատ աշխատանքի մասին չէ հարցը, այլ  քաղաքապետի կողմից վարչական շրջանի եւ ղեկավարին  ու աշխատակազմին լիազորված գործառույթների մի մասը հետ բերել դեպի քաղաքապետարան։ Այդ առումով լավ քննարկում է եղել, իսկ որոշումը կայացնողը մենք չենք եղել, այլ դուք՝ ավագանին»։

Խոսքը նիստի օրակարգում ներառված հարցի մասին է, ըստ որի Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերում կառուցվածքային փոփոխություններ է նախատեսում։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն էլ ասաց, որ  ժամանակը ցույց կտա այս որոշման արդյունավետությունը․«Եթե լավ չլինի, առնվազն ողջամտորեն կարելի է նույն բանը հետ տանել։ Բայց վարչական շրջանների  հետ համեմատությամբ ասեմ՝  վստահաբար,  ամենարդյունավետ աշխատողը իրավաբանական բաժիններից մեկը հենց Արաբկիրում էր։ Կային նաեւ ոչ այնքան լավ աշխատողներն էլ։ Այստեղ մի կարեւոր բան՝ առնվազն ԺՊ-ների մակարդակով բաժնի պետերը, որ եղել են, անընդհատ կապը ինչ-որ ֆունկցիոնալության  իմաստով, պակասել էր,  շատ չեն շփվել ու բաժիններին ֆունկցիոնալ հանձնարարություններ չեն տվել, որը բերել է այս վիճակին»։

Անի Խաչատրյանն էլ արձագանքեց․«Փաստեցինք, որ քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը, որն այդպես էլ  պետ չունեցավ, ու երեք տարի ԺՊ-ներով ենք աշխատում,  ԺՊ-ի պատճառով այդքան մարդու թողեցինք առանց աշխատանքի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031