«Կարեւոր է նշել, որ Փառուխի եւ Քարագլխի հատվածում ադրբեջանական զորքերն առաջխաղացում են գրանցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Ոչ այս դեպքում եւ ոչ էլ նախկինում, երբ ադրբեջանական թիրախավորումներն իրականացվում էին նաեւ ՀԱՊԿ անդամ եւ ՌԴ դաշնակից ՀՀ տարածքների ուղղությամբ, ՌԴ-ն որեւէ կերպ ադեկվատ չարձագանքեց՝ անգամ այն դեպքում, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին»,- «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հեղինակած՝ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ՀՀ-ի եւ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած սադրանքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց «Ազատ քաղաքացի» հ/կ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։
Քննարկմանը ներկա էր ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը (լուսանկարում)․ նա ցավ արտահայտեց այն առիթով, որ ելույթ ունեցած գործընկերը բավարար տեղեկացված չէ․ «ՌԴ ԱԳ նախարարության, ՌԴ նախագահի պաշտոնական կայքերի լրահոսից ակնհայտ է, որ ՌԴ-ն արձագանքել է, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ շարունակում է ձեռնարկել դրանք։ Ռուս խաղաղապահներն այսօր տեղակայված են լարվածության գոտում եւ իրենց գործն են անում, ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները։ Տեղեկացված լինելու պարագայում «ՌԴ-ն ոչինչ չի անում» թեզի հետ համաձայնելը դժվար կլինի»։

Կարդացեք նաև
Ալեքսանդր Նովիկովը համոզմունք հայտնեց, որ քննարկման մասնակիցները բարեկիրթ, հայրենասեր մարդիկ են եւ առաջնորդվում են ՀՀ-ի էմոցիոնալ հետաքրքրություններով․ «Իմ կարծիքով՝ ամեն դեպքում պետք է կենտրոնանալ տարածաշրջանի պետությունների համար առկա միակ իրական ճանապարհի վրա․ ՌԴ-ի միջնորդությամբ հակամարտության կողմերը հայտարարություն են ստորագրել, որը մի շարք դրույթներ է պարունակում, այդ թվում՝ ճանապարհային, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակում՝ տարածաշրջանի զարգացման նպատակով։ Այդ վստահելի ճանապարհով է պետք գնալ։ Ինչ վերաբերում է ինչ-որ մեկի հետ պաշտոնական Մոսկվայի «գաղտնի պայմանավորվածություններին», անկեղծ ասած՝ այս լսարանում կդժվարանամ որեւէ բան ասել։ Իմ կողմից կարող եմ հավելել, որ դավադրության տեսությունների կողմնակից չեմ։ Դրանք ձանձրացնում են»։
Հովսեփ Խուրշուդյանը չհամաձայնեց․ «Հիշեցնեմ, որ գազատարը քսան օր չէր գործում ՌԴ պատասխանատվության գոտում։ Հենց ՌԴ վերահսկողության գոտու մասին է խոսքը, եւ այդ ընթացքում ռուսական կողմից արձագանք չի եղել, բացի մի անգամ Մարիա Զախարովայի ասածից, որ դիմել է հայ եւ ադրբեջանական կողմերին։ Արցախն այդ օրերին հումանիտար աղետի եզրին էր։ Իսկ եռակողմ հայտարարության կետերից մեկով՝ գերեվարված եւ պահվող բոլոր անձինք պետք է վերադարձվեն, եւ դրա երաշխավորը ՌԴ-ն է։ Մինչդեռ ՌԴ պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում խուսափեց այդ հարցով քվեարկությանը մասնակցել։ Իսկ Փառուխի դեպքերին առաջինն արձագանքեց ԱՄՆ-ն, հետո Ֆրանսիան, հետո նոր միայն ՌԴ-ն, որն առաջինը պետք է արձագանքեր։ Այնպես որ, գործարքն այնքան տեսանելի է, որ դավադրության տեսչություն չի, այլ փաստ»։
Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը Նովիկովից հետաքրքրվեց՝ ի՞նչ եք հասկանում տրանսպորտային ապաշրջափակում ասելով, հայկական կողմի պարտավորությունը ո՞րն է, մե՞նք պետք է ինչ-որ մեկին միջանցք տանք։ Ալեքսանդր Նովիկովը պատասխանեց, որ եռակողմ հայտարարությամբ ամեն ինչ ասված է․ «Եթե հավելյալ հարցեր ունեք, ուրախ կլինենք առանձին քննարկել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




















































