Լրահոս
Օրվա լրահոսը

24 կորած, 28 զոհված, 40 վիրավոր եւ 86 գերեվարված անձ․ «Ադրբեջանի սադրանքներն Արցախի եւ ՀՀ-ի դեմ» զեկույց

Ապրիլ 04,2022 15:34

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտն» այսօր հանրության եւ միջազգային գործընկերների դատին ներկայացրեց 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ՀՀ-ի եւ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած սադրանքների մասին զեկույց, որը ներառում է մինչեւ 2021թ․-ի դեկտեմբերի 31-ի ժամանակահատվածը․ այս ընթացքում ՀՀ եւ Արցախի սահմանային հատվածներում, գյուղատնտեսական նշանակության գոտիներում հակառակորդն իրականացրել է 77 սադրանք՝ խախտելով եռակողմ հայտարարության դրույթները։

Ինչպես հայտարարեց ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, այս սադրանքների հետևանքով, ընդհանուր առմամբ կորել է 24, զոհվել՝ 28, վիրավորվել՝ 40 եւ գերեվարվել՝ 86 անձ։

Սադրանքները, ըստ Ստյոպա Սաֆարյանի, եղել են նպատակաուղղված եւ զանգվածային՝ ՀՀ ինքնիշխան տարածքի՝ արոտավայրերի հրդեհում եւ ոչնչացում, զինծառայողների գերեվարում, վիրավորում եւ սպանություն, քաղաքացիական բնակավայրերի գնդակոծում, քաղաքացիական ունեցվածքի թիրախավորում եւ առեւանգում, քաղաքացիների գերեվարման փորձեր, ահաբեկում, ֆիզիկական վնասվածքների պատճառում, ներխուժումներ ՀՀ տարածք, հայկական դիրքերի հրետակոծում, ՀՀ սուվերեն տարածքում դիրքային առաջխաղացման փորձեր։

Ստյոպա Սաֆարյանը նշեց նաեւ զեկույցում տեղ գտած՝ Ադրբեջանի հիշյալ գործողությունների նպատակները՝ ՀՀ ինքնիշխան սահմանների երկայնքով խնդիրների ստեղծմամբ Արցախի հակամարտության, Արցախի կարգավիճակի հարցերի դուրսմղում օրակարգից, «խաղաղության պայմանագրի» ադրբեջանական մոտեցումների պնդում, ըստ որի՝ Ադրբեջանն Արցախը պատկերացնում է միայն սեփական կազմում, ՀՀ-ին ստիպում իր տարածքով տրամադրել Ադրբեջանը Նախիջեւանին կապող «միջանցք», սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի պարտադրում՝ առանց դեէսկալացիայի միջոցների գործադրման, Արցախի հայաթափում, հայության շրջանում վախի մթնոլորտի ձեւավորում։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանից հայկական կողմին հղված հինգ կետանոց առաջարկները հենց նշյալ վերջնանպատակների մասին են խոսում․ «Իրավիճակը կարող է շատ ավելի սահմռկեցուցիչ լինել, որովհետեւ Ադրբեջանի սադրանքները ոչ միայն պաշտոնական Երեւանի քաղաքական կամքի վրա ազդելու նպատակ ունեն, այլեւ սողանցք են ուզում որսալ՝ ուժի միջոցով իրագործելու համար այն հարցերը, որոնց, ըստ իրենց, դիմադրում է ՀՀ-ն։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը վտանգավոր պատուհան է դառնում սրա համար։ Ադրբեջանից ակնարկում են, որ ՀՀ-ին ժամանակ են տալիս, որ իրենց համբերությունը սպառվում է։ Սա ստիպում է ճանաչել վտանգի սրությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930