Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում ԵԿՄ-ի տարածքը վարձակալությամբ տրվեց Գորիսի համայնքապետի հոր ընկերությանը

Ապրիլ 06,2022 14:53

Գորիս համայնքի ավագանու ապրիլի 5-ի օրակարգային հարցերից մեկը՝ համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի 2-րդ հարկից 94, 3քմ ընդհանուր մակերեսով տարածքը վարձակալությամբ «Առանցք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու հարցն էր։ Ընկերության հիմնադիրը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրն է՝ Գագիկ Առուշանյանը։

Օրակարգի այս հարցը քննարկելիս՝ նիստում կրքերը թեժացան։ Տարածքը չնայած նախկինում՝ 2018թ.-ին վարձակալությամբ տրվել էր «Ար-Գրուպ» ՍՊ ընկերությանը, բայց տարածքից հիմնականում օգտվում էր Երկրապահ կամավորականների միությունը։ Նշենք, որ բացի այս տարածքից՝ ԵԿՄ-ի Գորիսի բաժանմունքը քաղաքում եւս մի տարածք ունի։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները դեմ էին նախագծին։ «Պատերազմող երկիր ենք, չի բացառվում, որ անհրաժեշտություն լինի օգտագործել տարածքը, այդ դեպքում ի՞նչ եք անելու»,-ասաց Հայկ Իվանյանը։

«Առուշ Առուշանյան» խմբակցության անդամ, Գորիսի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Մենուա Հովսեփյանը պարզաբանեց, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ համաձայնեցված է, անհրաժեշտության դեպքում տարածքը կտրամադրվի ԵԿՄ-ին՝ ժողովներ կազմակերպելու համար։ «Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում այնտեղ հավաքվելու, ապա 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի ընթացքում այդ սենյակում նստած է եղել «Առանցք» ընկերության տնօրեն Գագիկ Առուշանյանը, որը կազմակերպել եւ ֆինանսավորել է անհրաժեշտ ծախսերը՝ սկսած զրահաբաճկոններից մինչեւ կապի միջոցներ»,-նշեց Մենուա Հովսեփյանը։

Կառավարող ուժի ներկայացուցիչ Հայկ Իվանյանը հակադարձեց՝ այդ սենյակում նաեւ Սյունիքի մարզպետն է «նստել, ընդունելություն կազմակերպել»։

«Այդ տարածքը կապ չունի մարզպետարանի հետ, եթե ինչ–որ մի ժամանակ մարզպետը նստել է, դա չի նշանակում, որ իրենցն է։ Ու շատ վաղուց ոչ մի մարզպետ այդտեղ չի գալիս»,-պարզաբանեց Մենուա Հովսեփյանը։

Ի դեպ, նշենք, որ Գորիսի կենտրոնում գտնվող այդ տարածքը ժամանակին օգտագործել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իսկ գորիսեցիները տարածքն անվանում էին «Գորիսի մարզպետարան»։

«Համայնքի հաշվեկշռում է այդ տարածքը, ի վերջո համայնքի ավագանին է որոշում ում տանք վարձակալությամբ»,-եզրափակեց Մենուա Հովսեփյանը։

–Իսկ հարցի բարոյակա՞ն կողմը։ Միայն օրենքի՞ տեսանկյունից եք նայում,-հարցրեց Հայկ Իվանյանը Մենուա Հովսեփյանին։

-Իսկ բարոյակա՞ն է, որ այդ տարածքի բալկոնից նկարահանումներ եք պատրաստում, տեսանյութեր եք հրապարակում,-հակադարձեց Մենուա Հովսեփյանը։

Ի վերջո, Գորիսի ավագանու որոշմամբ տարածքը 5 տարի ժամկետով՝ վարձակալությամբ հատկացվեց «Առանցք» ՍՊԸ-ին։

Ավելացնենք նաեւ, որ երեկ՝ապրիլի 5-ին կայացած ավագանու նիստը պիտի վարեր կալանքից մեկ շաբաթ առաջ ազատված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, սակայն նա Երեւանում էր՝ ընդդիմության հանրահավաքին մասնակցելու նպատակով։ Նիստը վարեց համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930